Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին

Հունիս 11,2013 18:09

Հայաստան-Թուրքիա բառերը կողք-կողքի դրվում են  այն ժամանակ, երբ խոսում են ցեղասպանության, սահմանները փակ լինելու, հարեւանների հարցում բախտը չբերելու  եւ այս կարգի թեմաներից:

Ցավոք, սա  է  իրականությունը եւ իրականություն է  սա:

Մեկ կարեւոր արձանագրում՝ ստորագրելով հայ-թուրքական հայտնի արձանագրությունները, Հայաստանի Հանրապետությունը հայտ  է ներկայացրել   լինել տարածաշրջանում տոլեռանտը, դեմոկրատը, լայնախոհը՝   դառնալ եվրոպական մեծ ընտանիքի անդամ, միաժամանակ՝ հայտարարելով եւ  իր քայլերով ապացուցելով, որ այս պահվածքը երբեք չի գերադասելու  մեր ազգային շահերին,  ինչու ոչ՝ պատմական շահերին,  ազգային արժանապատվությանը  եւ պետական շահին:

Այսօր, այո, հայ-թուրքական արձանագրությունները  խորհրդարանի մեծ  օրակարգում են, բայց դա չի նշանակում, չէ՞, որ մենք այն վավերացրել ենք:

Այդ մասին անընդհատ խոսելուց առաջ եկեք  մի քիչ մտածենք:

Փաստ է, եւ բոլոր այն պատգամավորները, ովքեր   հաճախակի են լինում միջագային կառույցներում,  փորձով  գիտեն, որ   այդ կառույցների մեր  գործընկերները   դրական են գնահատում  հայ-թուրքական հարթությունում մեր պետության դիրքորոշումը:

Մենք   չենք կարող իմանալ, թե   այսօր   բուռն եռացող Թուրքիան  ինչ  է դառնալու վաղը, ինչ Թուրքիա ենք ունենալու մեզ հարեւան: Բոլոր դեպքերում պետք է պատրաստ լինենք  ցանկացած զարգացումի, հույս ունենալով , որ  Թուրքիան չի շեղվի  աշխարհիկ պետության իր հիմնադրի սկզբունքներից: Իսկ դա ժամանակի մեջ հնարավորություն կստեղծի սեփական անցյալի  հետ ճշմարիտ առերեսումի:

Առավել եւս այս պայմաններում խելամիտ չէ   օրը 24 անգամ 24 ժամ այս դահլիճում պահանջել՝ արձանագրությունները օրակարգից հանել, միտինգ անել եւ այլն:  Չմտածենք, թե  սրանով ինչ-որ այլ ջրաղացներ են ջրվում:

Հունիսի 6-8-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում մասնակցեցի  Ֆրանկոֆոնիայի  Եվրոպայի տարածաշրջանային կոնֆերանսին, սա քաղաքական կառույց չէ, եւ այստեղ քաղաքական հարցեր չեն քննարկվում, սակայն գործընկերային զրույցներում պարզ էր, որ  արձանագրությունների հանդեպ մեր պահվածքը եվրոպացիների համար առավել ընդունելի է, եւ այս հարթությունում մեր պետության արտաքին քաղաքականությունը առավել նախընտրելի է: Ովքեր հաճախ են  լինում այս կարգի  հանդիպումների,  գիտեն, որ առանց խավիարի, առանց նավթի  էլ մեր պետությունը առավել ընկալելի է:

Աներկբա է, որ մեր  երկրի նախագահը  կամ այս դահլիճում որեւէ մեկը չի մտածում ստորադասել մեր պետական եւ ազգային շահը, չկա նման բան եւ չի կարող լինել:

Նրանց, ովքեր իրենց ավելի սրտացավ են կարծում մեր պետականության, մեր  ազգային եւ պետական շահի,  ազգային անվտանգության  հանդեպ, հորդորում եմ զուսպ լինել  եւ ձեռնպահ մնալ  հայ-թուրքական հարցերն անվերջ եւ անիմաստ հոլովելուց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930