Լրահոս
Օրվա լրահոսը

2 հրատապ հաշվետվություն՝ դիտորդական խմբից

Հունիս 11,2013 17:47

2013թ. մայիսի 29-ին և 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ՀՀ Արդարադատության նախարարին ներկայացրել է 2 հրատապ հաշվետվություն:

Առաջինը հաշվետվությունը վերաբերվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Դ. Մ.-ի առողջական վիճակին, ով տառապում է մի շարք հիվանդություններով և նրա վիճակը գնահատվել է խիստ ծանր: Խմբի անդամներն արձանագրել են, որ դատապարտյալին անհրաժեշտ է շուրջօրյա խնամք, առանձնացված պալատ, մասնագիտացված բուժում, որպիսին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ապահովել հնարավոր չէ:

Ս.թ. մայիսի 29-ին Դիտորդական խմբի կողմից ՀՀ արդարադատության նախարարին ներկայացված հրատապ հաշվետվությամբ բարձրացվել են հիշյալ դատապարտյալին շատ շտապ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու խնդիրները:

ՀՀ քրեակատարողական վարչությունից ստացվել է պատասխան, որի համաձայն՝ դատապարտյալ Դ. Մ.-ն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան տրամադրվում է համապատասխան բուժում: Միաժամանակ, Դիտորդական խմբին հայտնվել է, որ դատապարտյալ Դ. Մ.-ի՝ պատժից վաղաժամկետ ազատման հարցը կքննարկվի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի առաջիկա նիստում:

Դիտորդական խումբը դրական է գնահատում ՀՀ քրեակատարողական վարչության կողմից տվյալ հարցի լուծման վերաբերյալ դրսևորված պատրաստակամությունը:

Մյուս հրատապ հաշվետվությունը վերաբերվում էր նրան, որ 2013թ. մայիսի 28-ին դիտորդական խմբի անդամները «Վանաձոր» ՔԿՀ այցելության ընթացքում մի քանի դատապարտյալների վրա հայտնաբերել էին մարմնական վնասվածքներ, որի վերաբերյալ նույնպես ներկայացվել էր հրատապ հաշվետվություն:

«Վանաձոր» ՔԿՀ-ում առկա փաստաթղթերի և վարչակազմի կողմից ստացված պարզաբանումների համաձայն՝ «Ս.թ. մայիսի 27-ին «Վանաձոր» ՔԿՀ-ի 3 դատապարտյալների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ՝ սամբոյի հնարք և հատուկ միջոց՝ ձեռնաշղթա, բարձրաձայն զազրախոսելու, խցից դուրս հրավիրելու օրինական պահանջին չենթարկվելու, խուզարկության իրականացմանը խոչընդոտելու պատճառով» :

Կատարվածի վերաբերյալ Դիտորդական խումբը մտահոգություն է հայտնում հետևյալի մասին` արդյոք կիրառված ֆիզիկական ուժը և հատուկ միջոցը համաչափ են եղել կատարված արարքին, որի վերաբերյալ խումբը արձանագրում է հետևյալ խնդրահարույց հարցերը.

–         Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից դատապարտյալների նկատմամբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ արձանագրություններում հստակ նշված չէ, թե կոնկրետ ինչպիսի հնարք է կիրառվել դատապարտյալների նկատմամբ:

–        Արդյոք բոլոր դատապարտյալների նկատմամբ որպես ֆիզիկական ուժ նույն հնարքն է կիրառվել:

–        Արդյոք տվյալ հնարքի կիրառումը համաչափ էր դատապարտյալների արարքին:

–        Դատապարտյալների վնասվածքները 2013թ. հունիսի 3-ի դրությամբ դեռևս արձանագրված չեն եղել դատաբժիշկ-փորձագետի կողմից, թեև վարչակազմի կողմից նման որոշում կայացվել էր:

–        Դատապարտյալ Ա. Գ.-ի վերաբերյալ տարբեր փաստաթղթերի ուսումնասիրությունը փաստում է, որ դատապարտյալի մոտ առկա ոչ բոլոր վնասվածքներն են արձանագրված:

–        Արդյոք կիրառված հնարքը կարող էր հանգեցնել դատապարտյալների մոտ արձանագրված մարմնական վնասվածքների առաջացմանը:

Տեղեկացնում ենք նաև, որ երկրորդ հրատապ հաշվետվության վերաբերյալ դիտորդական խումբը դեռևս պատասխան չի ստացել:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930