Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանին էլի նկատողություն արեցին` ոչ կոռեկտ ելույթի համար

Հունիս 11,2013 17:40

Պատճառը նրա ելույթում գլխավոր դատախազի հասցեին արված ակնարկն էր՝ կանաչի ծախելու մասին:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն այսօր  իր հայտարարությունում անդրադարձավ արտագաղթին: Նա նշեց, որ հեռանկարի, ապագայի նկատմամբ հավատի պակասն է ստիպում մարդկանց լքել հայրենիքը. «Իշխանությունները խոստանում էին հուլիսի 1-ից աշխատավարձի բարձրացում եւ հավաստիացնում էին, որ գազը չի թանկանա, մինչդեռ տեղի ունեցավ հակառակը: Ո՞վ չգիտի, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ իշխանությունները դարձրել են իրենց բիզնեսը»: Խոսելով կառավարության եւ բյուջեի կատարման հաշվետվության մասին՝ նա ասաց. «Մենք տեսել ենք, թե ինչպես են իրագործվել վարչապետի նախորդ ծրագրերը: Նոր տիպի արդյունավետ տնտեսություն կառուցելն անհնարին է առկա քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում: Միայն երկրում օրինականության հաստատման դեպքում երկրի քաղաքացիները նվաստացած չեն զգա իրենց»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խոսեց Սուրեն Խաչատրյանի տան մոտ կատարված դեպքերի մասին. «Եթե պատին զենք է կախված, ապա այդ զենքը պետք է կրակի: Պատմականորեն դա միշտ ապացուցվել է: Զենքը կրակել է Մարտի 1-ին, միջանձնային հարաբերությունների ժամանակ, մենք ականատես ենք լինում ողբերգությունների: Հասկանալի է, որ հայտարարությանս համար առիթ է ծառայել գորիսյան դեպքը, որտեղ մարդիկ զոհվեցին: Ավանդույթ է դարձել մեզանում, որ ագրեսիվ մարդկանց մոտ զենքեր կան, մենք չենք պայքարում դրա դեմ: Ես կարդացի, որ ահագին զենք է առգրավվել, բայց դա շատ փոքր տոկոս է կազմում: Ինչի՞ հետեւանքով է, որ մենք չենք կարողանում զինաթափել նրանց: Ստացվում է, որ մենք ասում ենք՝ ապահով Հայաստան, բայց մեր պահվածքով այնպես ենք անում, որ քաղաքացին իրեն ապահով չզգա այդ Հայաստանում: Կա ողբերգություն, գնում են փաստի հետքերով եւ տեսնում են, որ այդ դեպքի ժամանակ ահագին զենք-զինամթերք են առգրավվում, որով կարող էին զինել մի ամբողջ գումարտակ»:

Զարուհի Փոստանջյանը նույնպես անդրադարձավ այդ դեպքերին. «Այսօր կառավարությունը կարծես գործում է հասարակության կարծիքի եւ բարոյականության դեմ: Մենք ականատես եղանք, որ կառավարության կայքում հրապարակվեց մի հայտարարություն, որը վկայություն էր, թե իբրեւ թե ինչ է տեղի ունեցել Գորիսում: Կառավարության կայքէջը պետք է ծառայի կառավարության նպատակի համար, ոչ թե ինչ-որ մարդկանց շահերի: Կառավարությունը գործում է քաղաքացիների դեմ, դատական իշխանությունը, ՏԻՄ-ը՝ ի դեմս Երեւանի քաղաքապետարանի, գործում է քաղաքացու դեմ: Ամեն ինչ հիմնավորվում է միայն փողի բաղադրիչով: Փակ շուկայի գործը երբ տեսնում ենք, հասկանում ենք, որ միայն հիմքը փողն է: Այսօր դատական համակարգի ապօրինություննների դեմ ընդվզում են փաստաբանները, դատադուլ են հայտարարել: Քաղաքացիները ընդվզման միջոց են գտել` փակել ճանապարհները, ոմանք ճամպրուկներն են հավաքում: Այսօր մենք կարելի է ասել գորշ միջավայրում քննարկում ենք բյուջեի կատարողականը: Դատախազի եղբայրն ասում է` ի՞նչ վատ բան է, երբ գլխավոր դատախազի ընտանիքը զբաղվում է, օրինակ, կանաչիի կամ պոմիդորի մշակմամբ: Իհարկե չի կարելի, ամեն ինչ թարս է: Չի կարելի, երբ քաղաքապետը դառնում է միլիոնատեր: Սա խոսում է այն մասին, որ մեզ մոտ ամեն ինչ թարս է»:

«Կոռեկտ եղեք, էլի»,- վերջում Զարուհի Փոստանջյանին կոչ արեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Դրանից հետո նրանց միջեւ տեղի ունեցավ վիճաբանություն: Հովիկ Աբրահամյանն այս անգամ նկատողություն արեց միջամտող պատգամավորներին, որ իր գործին չխառնվեն եւ իր գործառույթները չկատարեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930