Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճն 8% կլինի, տնտեսական աճը` 4,7-5,9%-ի միջակայքում (Տեսանյութ)

Հունիս 11,2013 17:22

Ըստ ԿԲ-ի` գնաճը կգերազանցի տատանումների թույլատրելի սահմանը:

 Գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման հետեւանքով գնաճը առաջիկա մեկ տարում կլինի 8%-ի միջակայքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը: Նրա խոսքերով` ԿԲ-ն կանխատեսել էր 4 %-ի սահմաններում գնաճ, սակայն էներգակիրների թանկացման հետեւանքով այդ թվերը, բնականաբար, փոփոխվեցին: ԿԲ ներկայացուցիչը վստահեցրեց, որ 2014-ի կեսերից գնաճը կիջնի: Իսկ ինչպես գրված է ԿԲ-ի հաղորդագրությունում` 3-րդ եռամսյակում 12-ամսյա գնաճը կգերազանցի տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանը` հաջորդ 1 տարում տատանվելով միջին հաշվով 8%-ի շուրջ:

Պարոն Ստեփանյանը նաեւ կարճ դասախոսություն կարդաց այն մասին, թե ինչ բան են ուղղակի եւ անուղղակի ազդեցությունները գնաճի վրա, կամ ինչ է առաջարկի շոկը: Օրինակ` առաջարկի շոկը էներգակիրների թանկացումն է, անուղղակին` ասենք էներգակիրների թանկացման արդյունքում թանկացված ապրանքների եւ ծառայությունների գների բարձրացումը:

Պարոն Ստեփանյանի խոսքերով` «Քանի որ մենք սպառողական զամբյուղում ունենք 10,5% էլեկտրաէներգիայի եւ գազի սակագին, ապա համապատասխան փոփոխությամբ գնաճը բարձրացնելու է: Այն շուկաները, որտեղ բավարար մրցակցային դաշտ կա, ինքնարժեքի այս ճանապարհով բարձրացումը ամբողջությամբ չի փոխանցվի վերջնական գների վրա: Իսկ այն շուկաները, որտեղ կենտրոնացվածությունն ավելի մեծ է, գերիշխող դիրք ունեն, կարծում եմ մրցակցության հանձնաժողովի վերահսկողության տակ կլինեն, գնագոյացումն էլ ավելի արդար կլինի»:

Ըստ պարոն Ստեփանյանի՝ մայիսի կարկտահարությունը եւս ազդեցություն կունանա գնաճի վրա:

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, այս թեմայի շուրջ էլ պարոն Ստեփանյանը կրկին փորձեց մասնագիտական տերմիններով ու դասախոսության ոճով մեկնաբանել, բայց լրագրողների պնդմանն ու հարցին` թե քանի՞ տոկոս աճ է կանխատեսվում, ԿԲ խորհրդի անդամն ասաց. «Տնտեսական աճը 1 %-ով ավելի ցածր ենք կանխատեսում: Մենք 4,7-5,9% տնտեսական  աճ ենք կանխատեսում, ռիսկերը, որոնք դրված են, հավասարաչափ են բաշխված. շեղումը 30% կլինի: Եթե չլիներ գազի թանկացումը, մենք պատրաստվում էինք  տնտեսական աճի  ներուժը  6% գնահատել, գազի թանկացումից հետո` աճի տեմպը գնահատում ենք 4.5-6 %»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930