Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Մինչեւ տարեվերջ 6-7 ամիս կա ու այդ ընթացքը պետք է ապրել»

Հունիս 11,2013 16:23

ԱԺ այս քառօրյայում կքննարկվի կառավարության առաջարկը` նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին: Այն 35 հազար դրամից կդառնա 45 հազար դրամ: Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի բարձրացնում իրական աշխատավարձն այն պարագայում, երբ գազի գնի վրահաս բարձրացումն իր հետ այլ ապրանքատեսակների գնաճ է բերել: Ստացվում է, կառավարությունը գումարը մի գրպանից հիմնականում տեղափոխում է մյուս գրպան` քաղաքացուն թողնելով մի քանի գրոշ: Aravot.am-ի հարցին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հակադարձեց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցին մոտենալ բյուջեի տեսանկյունից` տվյալ դեպքում ճիշտ չէ: Նա կարծում է, որ տվյալ դեպքում կառավարության համար խնդիրը դա չի եղել: Ավելին, ըստ նրա, 10 հազար դրամով նվազագույն աշխատավարձի բարձրացումն ավելի վաղ էր նախատեսված` կառավարության գործունեության հնգամյա ծրագրով, քան գազի սակագնի բարձրացումն էր, պարզապես ժամանակային առումով համընկան: Պատգամավորն այլ հարց է համարում, որ գազի գնի բարձրացման պարագայում կառավարությունը միգուցե ավելի շեշտակի պետք է մտածեր աշխատավարձի եւ ոչ միայն նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին: Նա նկատում է, որ առողջապահության ոլորտում ունենք անգամ աշխատողներ, որոնց աշխատավարձը նվազագույնի էլ չի հասնում: Նա գտնում է, որ կառավարությունը պետք է քայլեր անի, որպեսզի վերահաս գնաճի պարագայում աշխատավարձով հնարավոր լինի հնարավորինս եկամուտներ ապահովել ու մեղմել սոցիալական ծանրությունը:
«Ինձ թվում է նույնիսկ այդ գնահատականները` 2,5 տոկոս գնաճ, մի քիչ համեստ են: Մի քիչ ավելին կարող է լինել: Գոնե նվազագույն սպառողական զամբյուղի մեջ 2,5 տոկոս չի լինի, մի քիչ ավելի շատ կլինի:Հետեւաբար, խնդիրն այդ համատեքստում պետք է նայվի, եւ ես կարծում եմ, որ կառավարությունը դեռեւս կանդրադառնա դրան: Ես համոզված եմ, որ կառավարությունը ստիպված կլինի ավելի վաղ անդրադառնալ դրան, քան նախապես հայտարարված էր: Չգիտես ինչու, ինձ մոտ այդպիսի տպավորություն է, որովհետեւ հիմա սցենարը վերագծելու, վերաիմաստավորելու անհրաժեշտություն է առաջանում. Կառավարությունը` ԿԲ-ի հետ համատեղ, կարծում եմ, պետք է վերանայի սցենարը: Այժմ, երբ ակնհայտ է, թե ինչ սակագների մասին է խոսքը, եւ ինչ ապրանքային շուկաներում են գնաճային գերլարվածություններ ակնկալվում, կառավարությունը ստիպված կլինի անդրադառնալ: Քաղաքական մեծամասնությունը` ՀՀԿ-ն էլ, կարծում եմ, հետամուտ կլինի դրան: Մինչեւ տարեվերջ 6-7 ամիս կա ու այդ ընթացքը պետք է ապրել: Սա կարող է նաեւ կառավարության ծրագիրն արդյունավետ դարձնելու նախապայմաններից մեկը լինել»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Հիշեցնենք, որ պաշտոնական հայտարարությունների համաձայն, աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացում նախատեսվում է եկող տարվա հունվարին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930