ՀՀԿ-ական պատգամավորները տարբեր կերպ են դիտարկում Ադրբեջանի «բարյացկամությունը»:
Օրերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանին էժան գնով գազ տալ`որոշակի պայմանների դեպքում`չհստակեցնելով պայմանները:
Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավորներից փորձեց ճշտել`լուրջ վերաբերվո՞ւմ են մեր հարեւանների այս բարյացկամությանը: Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իր կարծիքով վաղ թե ուշ թշնամանքը պետք է վերանա, որովհետեւ հարեւան երկիր ենք ու դա պետք է լինի հենց տնտեսական համագործակցությամբ: «Եթե նման բան է ասել, իհարկե, ես չեմ լսել, չեմ կարդացել, առաջ քայլ եմ համարում փոխհարաբերություններ ստեղծելու, որովհետեւ հարատեւ թշնամիներ չպետք է լինեն: Պատերազմ է եղել` հանուն երկրի, պետության, հայրենիքի: Պատերազմի ավարտից հետո միշտ էլ հարեւան երկրները փորձում են համագործակցության եզրեր գտնել: Առողջ առաջարկ է, եւ նման քայլն, իմ կարծիքով, կհամարվի նոր`21-րդ դարի շնչին համապատասխան փոխհարաբերությունների ստեղծման առաջին քայլ»,- ասաց մեր զրուցակիցը: Մեր դիտարկմանը, որ մենք ունենք ԼՂՀ-ի չկարգավորված հարց եւ բանակցային գործընթաց, որն անընդհատ փակուղի է մտնում Ադրբեջանի ջանքերով, Աղաբաբյանը պատասխանեց. «Բոլոր դեպքերում, ես առաջարկի մասին եմ ասում,եւ եթե դա պետք է խանգարի մեր հետագա փոխհարաբերություններին, դա մեզ պետք չի»:
ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր`Համլետ Հարությունյանն ի տարբերություն իր կուսակից ընկերոջ, ծանոթ էր Մամեդովի հայտարարությանը եւ տարակուսանք հայտնեց հենց պայմանների մասով, որոնք հրապարակված չեն: «Դա ես անլուրջ հայտարարություն եմ համարում եւ թուրքական արտաքին քաղաքականությանը հարիր հայտարարություն: Իսկ թուրքական արտաքին քաղաքականությունը դարեր շարունակ համաշխարհային հասարակությանը մոլորոցնելու նպատակ է ունեցել: Տեսեք` ինչքա~ն մեծահոգի են ադրբեջանցիները, որ հայերին էժան գազ են ուզում տալ: Այո, կարող է գազ տան ու ասեն`դե էդ գազի փոխարեն Ղարաբաղը տվեք մեզ: Նրանք շարունակությւոնը չեն ասում: Ասում են`պատրաստակամ ենք օգնելու Հայաստանին, բայց հետո շարունակում`որոշակի պայմաններով: Բայց էդ որոշակի պայմանները անընդունելի պայմաններ են, հաստատ համոզված եմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ապուշ թրքերը մեզ ձեռ են առնում ,մերոնք ել որպես սենսացիա հարյուր անգամ գրում են ,հայհոյանք ա պետք դրա դիմաց գրել: