Բանաստեղծը կմասնակցի ֆիննական հեղինակավոր գրական փառատոնի
Բանաստեղծ, գրականագետ Վահե Արսենը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է Հայաստանը ներկայացնել հունիսի 16-18-ը Ֆինլանդիայում կայանալիք Լախտիի 26-րդ միջազգային գրական փառատոնում: Վահե Արսենն ասաց, որ թեման է՝ «Կոտրելով պատնեշները»: Փառատոնի աշխարհագրությունը մեծ է, մասնակցում են գրողներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ճապոնիայից, Իրանից, Դանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Կուբայից, Ռուսաստանից, էստոնիայից, Շվեդիայից:
Պարզեցինք, որ փառատոնի կազմակերպիչներն են ընտրել Վահե Արսենին, որի խոսքով, իրենք նայում են, թե մասնակիցն ինչ գրական փառատոների է մասնակցել նախկինում: «Աշխարհի խոշորագույն՝ Ռոտերդամի փառատոնին իմ մասնակցությունից հետո հրավերներն ավելի ակտիվացել են»,-փաստում է բանաստեղծը:
Նրա խոսքով. «Որեւէ փառատոնի հայ գրողի մասնակցությունը կարեւոր է Հայաստանի համար, շատերն այդպես իմանում են երկրի եւ մշակույթի մասին: Անձամբ ես միշտ հետս տանում եմ հուշանվերներ, մեր այբուբենը, որոնք պատմում են մեր մշակույթի, կրոնի մասին: Փառատոների սկզբունքներից մեկն էլ այն է, որ ոչ միայն ներկայացնում ես անգլերեն գործերդ, ինչը բնականաբար ուղարկել եմ, այլեւ հայերեն ես կարդում գործերդ, իրենք լսում են քո լեզուն: Քանի փառատոնի մասնակցել եմ, պոեզիան հայերեն եմ ներկայացրել, իսկ ենթագրերով զուգահեռ անգլերենն է «գնացել»: Ես փառատոնի գնում եմ Հայաստան ներկայացնելու, ոչ թե որպես ժամանակակից գրող, որը փորձում է դառնալ եվրոպացի կամ եվրոպամետ: Ես ամուր դիրքերից ներկայացնում եմ իմ երկիրը, ու դա իրենք զգում են: Հայ մասնակիցներին միշտ իրենք առանձնացրել են: Եվրոպացիները կարեւորում են, որ չես ուզում կապկել կամ նմանվել ինչ-որ մեկին, այլ ներկայացնում ես քո ազգի խորությամբ, լեզվական շերտով եւ ինքնատիպ ես լինում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ