Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Պապյան. «Վա՞տ է, որ թուրքական փողերով մեր հոդվածը տպագրվեց և բաժանվեց ամերիկյան համալսարաններին»

Հունիս 11,2013 14:43

«Ցեղասպանության ճանաչման առաջին 50 տարին թմբիրի ժամանակն էր, իսկ երկրորդ 50-ամյակը՝ պահանջատիրության: Մենք այս ուղղությամբ ոչինչ չենք արել»,-այսօր «Սլաք» ակումբում հայտարարեց Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, պատմաբան Կարապետ Մոմջյանը: Նա նշեց, որ ժամանակն է՝ Կոնգրեսներում ցեղասպանության բանաձևեր հանձնելու փոխարեն ավելի դժվար կացության մեջ դնել թուրքական կառավարությանը: Ու մանրամասնեց. «Մենք գիրք ենք պատրաստում այն մասին, թե Թուրքիայում ինչ օրենքներ են ընդունվել հայերի գործերի վերաբերյալ, որպեսզի կատարվածը թաքցվի: Սրան տալու ենք թե´ պատմական, թե´ իրավական բացատրություններ»:

Անդրադարձ կատարվեց նաև Թբիլիսիի պետական համալսարանում կայացած Յուտայի համալսարանի կազմակերպած թուրքագիտական 4-րդ գիտաժողովին հայկական կողմից Արա Պապյանի մասնակցությունը: Մասնավորապես Ա. Պապյանի հասցեին հնչեցին մեղադրանքներ , թե պետք չէր մասնակցել գիտաժողովին, քանի որ դրան մասնակցում էին մարդիկ, ովքեր չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Ա. Պապյանը վրդովված ասաց. «Առնվազն սխալ եմ համարում, որ նման կարևոր գիտաժողովին հնչել է ընդամենը մեկ զեկույց սփյուռքահայի կողմից: Մենք լայն առումով բաց ենք թողել մեր տեսակետը տեղ հասցնելու հնարավորությունը: Ցավոք, փոխանակ հարցը դրվի՝ ինչո՞ւ էր Հայաստանից այդքան քիչ մասնակից, նշվում է թե ինչու ենք մասնակցել: Փաստորեն դաշտը կամովին թողնում ենք այդ մարդկանց: Ավելին, այն զեկույցը, որ մենք հնչեցրինք գիտաժողովին, թուրքական փողով տպելու են և բաժանելու ամերիկյան համալսարաններին: Վա՞տ է, որ այդքան մարդիկ դրա մասին տեղյակ եղան, այն էլ թուրքական փողերով»:

Պարոն Պապյանը նաեւ նկատեց. «Վերջին տարիներին սփյուռքի հիմնական հարցը դարձել է ցեղասպանության ճանաչման հարցը: Դա ներկայացնում են որպես հայկական հարցը: Սակայն դա հարցի խիստ նեղացում է: Կա թյուր տեսակետ, որ ցեղասպանության ճանաչման միջոցով կարելի է հասնել հատուցումների: Բայց, միևնույն է, դրանից չի բխում հատուցում, ամեն գործի վերաբերյալ պիտի ունենանք առանձին փաթեթ: Մյուս կողմից էլ մարդիկ կան, որ զբաղվում են ցեղասպանության ճանաչման հարցով, որ կրթաթոշակներ, պատիվներ ստանան»:

Պարոն Մոմջյանն էլ հավելեց. «Այն, որ ԱՄՆ դատարանը մերժեց հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների փոխհատուցման հայցը, դա նշանակում է, որ ԱՄՆ-ն չուզեց մուտք գործել այս հարցի մեջ: Սակայն դա չի նշանակում, որ չենք կարող ամերիկյան դատարաններում այս հարցերով դատեր բացել: Ընդհակառակը, պետք է անընդհատ հայցերով դիմել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն Զատիկյան says:

    Վատ չի տղերք, բայց շուխուռ մի դրեք, թե չէ հայկական փողերով էլ հոդվածները հետ կհավաքեն…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930