Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական, տնտեսական չափորոշիչները մոտեցնել եվրոպականին

Հունիս 11,2013 14:28

Լեհաստանը կողմնակից է, որպեսզի Արեւելյան գործընկերության երկրները ԵՄ-ին հետագա անդամակցության հնարավորություն ունենան

Անցյալ շաբաթ Լեհաստան մեկնած հայ լրագրողների խումբը շաբաթվա վերջին հանդիպեց նախկին ընդդիմադիր լեհ գործիչ, «Սոլիդարնոստ» շարժման ուսանողական խորհրդի ղեկավար, «Ազատություն» ռ/կ-ի, BBC-ի, RFI-ի (Radio france internationale) նախկին թղթակից, իսկ այժմ՝ Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության (European People՚s Party EPP) անդամ Բոգուսլավ Սոնիկի հետ։

Եվրախորհրդարանի պատգամավորը պատմեց, որ Լեհաստանը ներգրավված է Եվրախորհրդարանի տարբեր պատվիրակություններում, որոնք համագործակցում են Արեւելյան գործընկերության անդամ երկրների հետ։ «Մեր նպատակն է եվրոպական քաղաքականության մեջ հավասարակշռություն պահպանել, քանի որ այդ քաղաքականությունը նախ ուղղված էր Միջերկրական ծովի ավազանի երկրներին, այդ իսկ պատճառով ստեղծվեց Արեւելքի ուղղությամբ ծրագիրը»:

Եվրախորհրդարանի պատգամավորը այնուհետեւ նշեց. «Մենք նախաձեռնեցինք Արեւելյան գործընկերության ծրագիրը։ Այժմ Արեւելյան գործընկերության երկրների հետ Եվրախորհրդարանը «Եվրանեսթի» շրջանակներում աշխատանքներ է տանում, որը օգնում է մեզ հասկանալ, թե ինչ է կատարվում արեւելյան սահմաններում: Համատեղ միջոցառումներ ենք անցկացնում արեւելյան երկրների հետ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ապագայում ԵՄ-ին միանալու: «Եվրանեսթը» արժեքավոր կառույց է, որը կարեւոր խնդիրներ է շոշափում, ինչպես, օրինակ, ժողովրդավարական կառավարումը, եւ հուսով ենք, որ վաղ թե ուշ այս գաղափարը կհաղթի»։

Բոգուսլավ Սոնիկը նշեց, որ Լեհաստանը կողմնակից է, որպեսզի Արեւելյան գործընկերության երկրները ԵՄ-ին հետագա անդամակցության հնարավորություն ունենան։ Եվրախորհրդարանի պատգամավորը կարծում է, որ հիմա անհրաժեշտ է, որպեսզի այս երկրների հետ համատեղ շատ աշխատանքներ իրականացվեն, որպեսզի քաղաքական, տնտեսական ոլորտում չափորոշիչները մոտեցվեն եվրոպականին, ինչը նրա համոզմամբ՝ իհարկե, հեշտ բան չէ: Նա մատնանշեց բարդ իրավիճակը օրինակ՝ Ադրբեջանում եւ Ղազախստանում։

Եվրախորհրդարանի պատգամավորը նշեց, որ նախկին խորհրդային երկրների ներքին իրավիճակների վերաբերյալ բավական տեղեկացված են, մասնավորապես Հայաստանի խնդիրներին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ։ Նա նաեւ հավելեց, թե գիտակցում են, որ Ռուսաստանն է հանդիսանում Հայաստանի անվտանգության երաշխավորը. «Մենք աջակցում ենք Հայաստանի ջանքերը՝ խաղաղ ապրելու հարեւանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ»։

Բացի Արեւելյան գործընկերության ծրագրից՝ Բրյուսելում ստեղծվել է ժողովրդավարության զարգացման հիմնադրամ, որի շնորհանդեսը վերջերս է տեղի ունեցել, եւ Լեհաստանը տրամադրել է Բրյուսելում լեհական նախկին դեսպանատան շենքը՝ տեղեկացրեց եվրապատվիրակը: Այդ հիմնադրամի տնօրենն է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարարը: Հիմնադրամը զբաղվելու է Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրների ԶԼՄ-ների ազատության, մարդու իրավունքների եւ պաշտպանության հարցերով եւ աջակցելու է քաղաքացիական նախաձեռնություններին:

Անդրադառնալով Լեհաստանին՝ Բոգուսլավ Սոնիկը կարեւորեց այն փաստը, որ 1989 թվականից ի վեր իր երկիրը մեծ ճանապարհ է անցել՝ անկախ պետություն կառուցելու ուղղությամբ։ «Այժմ հեռանկար կա 30 միլիարդ եվրո ստանալու Եվրամիության կողմից՝ միայն ռեգիոնալ զարգացման համար։ Բայց այս հեռանկարը, պարզվում է, լեհերի վրա առանձնապես մեծ տպավորություն չի էլ թողնում, արդեն ընտելացել են։ Մեր երկրի քաղաքացիներն արդեն տեսնում են, որ վերանորոգվում են ճանապարհները, հետազոտական կենտրոններ են ստեղծվում, բայց սպասելիքները ԵՄ-ից ավելին են, եւ այս առումով նմանվում ենք հարուստ ընտանիքների կարգավիճակին, որոնք ինչ-որ բացթողումների դեպքում արդեն քննադատելու փուլին են հասնում»,- ասաց եվրապատվիրակը:

Հայ լրագրողների խումբը նույն օրը մասնակցեց նաեւ Բոգուսլավ Սոնիկի կազմակերպած՝ «Արեւելքի վերադարձը դեպի Արեւմուտք» թեմայով գիտաժողովին, որին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ՝ տարբեր երկրներից, փորձագետներ, պրոֆեսորներ, ԶԼՄ-ների ղեկավարներ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930