Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը Սաակաշվիլու ու Պուտինի նման պիտի ունեզրկի ու աքսորի Լիսկայի նմաններին»

Հունիս 11,2013 14:21

Կարծում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը 

Վերլուծելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դիմաց հնչած կրակոցները՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, թե ՀՀ նախագահն անհապաղ պետք է ազատվի իր ու նաեւ երկրի անունն ու պատիվը խայտառակող օլիգարխներից: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը այս առումով պետք է ընդօրինակի թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ թե՛ հարեւան Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին, որոնք Սուրեն Խաչատրյանի, Ռուբեն Հայրապետյանի, Վարդան Ղուկասյանի ռուս ու վրացի նմանակներին իրենց տեղը նստեցնելու հաջող փորձ ունեն: Ըստ քաղաքագետի՝ ռուսաստանցի օլիգարխները՝ Խոդորկովսկին, Բերեզովսկին, Սմոլենսկին, Գուսինսկին եւ այլն, տառացիորեն նույն ձեւով ընտրությունների ժամանակ օժանդակել են Վլադիմիր Պուտինին նախագահ դառնալու հարցում, սակայն երբ փորձել են իրենց արած լավության դիմաց առիթավորվել ու արտոնյալ զգալ, Պուտինը նրանց իրենց տեղն է դրել՝ աքսորել է երկրից կամ բանտախուց ուղեկցել: Մեր այն հիշեցմանը, թե Պուտինը նախկին «կագեբեշնիկ» է, հարկ եղած դեպքում դաժան հաշվեհարդար էլ կտեսնի, մի՞թե Սերժ Սարգսյանը կկարողանա այդ նույն մեթոդներով շարժվել, քաղաքագետն ասաց. «Գիտե՞ք ինչ, քաղաքական գործիչը թիթեռնիկ չպետք է լինի, եթե քաղաքական գործիչը եղավ շատ բարի թիթեռնիկ, նա երբեք քաղաքականության մեջ տեղ չունի: Հարցը դաժանությունը չէ, հարցն այն է, որ նախագահը չի ներկայացնում իր սեփական անձը, նախագահը ներկայացնում է նաեւ երկիրը, ներկայացնում է իշխանությունը՝ ժողովրդի աչքին: Ես չեմ ասում, թե նախագահից պետք է վախենան, նախագահին պետք է հարգեն: Վլադիմիր Վլադիմիրովիչին ընտրություններում սատարածներն էլ ուզում էին Ռուսաստանը նույն բեսպրեդել երկիրը սարքել, ինչպես որ այսօր Հայաստանն են սարքել իմ թվարկած մարդիկ, սակայն Վլադիմիր Պուտինը կուլ չգնաց, ամոթախեղդ չեղավ. այ, սրանով է պայմանավորված, որ նա շատ բարձր վարկանիշ ունի ռուսական պրովինցիայում, իհարկե՝ ոչ մայրաքաղաքում ու իր հարազատ Սանկտ Պետերբուգում, այլ պրովինցիայում: Ինքնըստինքյան վախ կա Պուտինի հանդեպ ու միաժամանակ հարգանք, որովհետեւ այս քայլերով նա օլիգարխներին հասկացրեց՝ այո, դուք ինձ օգնել եք իշխանության գալու, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է իշխեք ինձ վրա: Կեսին աքսորեց արտասահման, որոնք կամաց-կամաց սկսել են ինքնասպան լինել՝ Բերեզովսկու օրինակով, շատերը բանտում են՝ Խոդորկովսկու նման: Այս մարդիկ ուզում էին Պուտինին ցույց տալ, թե ինքը ով էր, բայց դա կլիներ ուղղակիորեն Պուտինի մահը՝ որպես քաղաքական գործիչ: Գիտեք, եթե Ռուսաստանը ահռելի պետություն է՝ 140 միլիոն բնակչությամբ, եւ այստեղ սուտն ու ճիշտը շատ դեպքերում խառնվում են, Հայաստանի պարագայում ոչ մի բան պահել հնարավոր չէ, բացարձակ ոչ մի բան, բոլորը շատ լավ ամեն ինչ իմանում են: Եվ մեր նախագահի կցկտուր քայլերը այս օլիգարխների դեմ իբրեւ թե պայքարի, ավելի են զայրացնում մեր ժողովրդին: Ցավն այն է, որ նույն ժողովուրդը սկսում է խոսել, որ նախագահը թույլ է, նախագահը վախենում է նրանցից, նախագահը պարտք է նրանց»: Մինչդեռ, ըստ Գագիկ Համբարյանի, ժողովրդի մոտ երբեք չպետք է ստեղծվի այն կարծիքը, որ նախագահը վախենում կամ քաշվում է իր շրջապատի մարդկանց պատժել: «Այն հանցագործությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում, դա մեկ տարվա պատճառով չէ, այլ ամբողջ համակարգի հետեւանքն է: Ժամանակին, երբ որ այդ նույն Սյունիքի մարզպետը երեխա էր ծեծում՝ անչափահաս, ինքը չպատժվեց, ինքը կին ապտակեց «Մարիոթ» հյուրանոցում, դարձյալ չպատժվեց, մի բան էլ վերջերս պարգեւատրվեց, որի հետեւանքը եղավ այն, որ էդ նույն մարզպետն իր ընտանիքի հետ խառնված է սպանության մեջ: Եթե ժամանակին պատժեին կին ապտակելու կամ երեխային դաժանորեն ծեծելու համար, այս վիճակը չէր լինի ո՛չ Սյունիքում, ո՛չ Գյումրիում, ո՛չ Երեւանում, ո՛չ որեւիցե այլ տեղ»,- համոզված է Գագիկ Համբարյանը: Մեր այն հարցին էլ, թե քրեական տարրերի հախից գալու առումով մենք որեւէ բան ունե՞նք սովորելու հարեւան Վրաստանից, մեր զրուցակիցն ասաց. «Շատ բան ունենք սովորելու: Ես որ Պուտինին եմ օրինակ բերում, միայն Պուտինով չէ, նույն Միխայիլ Սաակաշվիլիից այս առումով սովորելու հսկա բան կա: Միխայիլ Սաակաշվիլին ո՞ւմ թիմից էր՝ Էդուարդ Շեւարդնաձեի, նրա նախարարներից էր, բայց գալով իշխանության՝ ինքը ուղղակի ծնկի բերեց այն բոլոր բեսպրեդել քաղաքական գործիչներին՝ կոռուպցիայի մեջ թաղված, որոնք ուղղակի պախարակում էին երկիրը: Սաակաշվիլին ոչ միայն նրանց արտաքսեց երկրից, այլեւ զրկեց գումարներից, որոնք նրանք անարդարացիորեն էին ձեռք բերել: Հայաստանի շատ մեծահարուստների ունեցվածքն էլ չի համապատասխանում ժամանակին իրենց ունեցած դիրքին եւ իրենց հնարավորություններին: Սա արդեն լճացման մեծ վտանգի առջեւ է կանգնեցնում Հայաստանը…»: Ըստ մեր զրուցակցի՝ երբ նայում ես «Նյու Յորքի բանդաները» ֆիլմը, տեսնում ես, որ ԱՄՆ-ում այսպիսի  վիճակ է եղել 18-րդ դարի վերջին 19-րդ դարի սկզբին: «Խելացի ազգերը, խելացի քաղաքական գործիչները սովորում են վավերագրական նյութերի հիման վրա, որպեսզի սխալներ չկատարեն: Մենք 21-րդ դար ենք մտնում նույն «Նյու Յորքի բանդաները» ֆիլմի կրկնօրինակով: Նայում ես՝ զավեշտ է, կրակում են իրար վրա մարզպետի տան դիմաց, ոչ մի նորմալ երկրում այսպիսի բան չի կարող լինել… Դրա համար նախագահը լավ կանի կոնկրետ քայլերի անցնի, նրանց ունեզրկի ու այդ խուժաններից ազատվի: Սրանով կկանխի երկրից արտագաղթը. մարդիկ շատ դեպքերում փախչում են հենց Լիսկայի ու նրա նմանների լկտիություններից»,- ասում է քաղաքագետը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930