Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չեն տուգանվում մշտական օրինազանցները

Հունիս 11,2013 14:18

Վարորդի դիտողությունը ճանապարհային ոստիկանությանը

Ինչ խոսք, որ ճանապարհային ոստիկանությունը կարգավորել է իր վրա դրված պարտականությունների կատարումը՝ հանձինս նորագույն տեխնիկայի եւ նոր սարքավորումների: Մենք՝ սիրող վարորդներս, գոհ ենք, որ այժմ մինչեւ խախտում չկատարենք, չենք պատժվում, սակայն ճանապարհային ոստիկանությունը թույլ է տալիս նաեւ աններելի սխալներ՝ կողմնապահություն, որը սազական չէ մեր նորաստեղծ հանրապետությանը եւ ստվեր է գցում ոստիկանության համակարգի վրա:

Ինձ հետ պատահած երեւույթը հետեւյալն է՝ ս.թ. մայիսի 25-ին փոստով ստանում եմ տուգանքի որոշում՝ կայացված ճանապարհային ոստիկանության կողմից, այն բանի համար, որ մի քանի րոպեով ավտոմեքենաս կանգնեցրել եմ Սախարովի հրապարակում: Որոշման մեջ զետեղված նկարում պատկերված էին միայն ավտոմեքենայիս համարները, այն էլ՝ 2 հատ (մեծ եւ փոքր), չէին նկարահանված ամբողջ պատկերը եւ տարածքը, քանի որ ամբողջ տարածքում կանգնած էին տասնյակներով ավտոմեքենաներ: Ճանապարհային ոստիկանության վարչությունում պատասխանատու աշխատակից, մայոր Արմեն Հարությունյանի օգնությամբ համակարգչի միջոցով պարզեցի, որ նկարահանվել է ոչ միայն իմ ավտոմեքենան, այլ նաեւ շատերը, սակայն տուգանքի էի ենթարկվել միայն ես: Սախարովի հրապարակում տեղակայված են տարբեր հիմնարկներ, բանկեր, հասարակական սննդի օբյեկտներ, խանութներ, բռնցքամարտի դպրոցը, հրշեջ ծառայությունը եւ այլն, որոնց աշխատակիցներն իրենց մեքենաները կանգնեցնում են այդ հրապարակում 8-10 ժամ, սակայն, չգիտես ինչու, ոստիկանության նկարահանող սարքերը չեն ֆիքսում այն, չեն նկարում եւ չեն տուգանում մշտական օրինազանցներին:

Երբ պահանջեցի ինձ ցույց տալ նույն այդ օրվա նույն ժամի եւ նույն տեղում (հարակից տարածքներում) կայանած եւ տուգանքի ենթարկված այլ մեքենաների վարորդների տուգանքների որոշումները, աշխատակից Ա. Հարությունյանը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ բոլորին հնարավոր չէ տուգանել, եւ եթե հարցում արվի իրենց, ապա նոր կպատասխանեն հարցմանը: Բայց չէ՞ որ արդարության բացահայտումը քաղաքացու պահանջն է, այլ ոչ թե պետական հիմնարկների:

Իմ բացահայտմամբ պարզեցի, որ օրական 500-600 ավտոմեքենա է մուտք գործում Սախարովի հրապարակ, շատ շատերը ինձ նման կանգնում են մի քանի րոպե եւ հեռանում, ու եթե տուգանքի ենթարկվեն բոլոր օրինախախտները, ապա պետական բյուջեն ճեղքվածք չի ունենա:

Փաստորեն ճանապարհային ոստիկանները իրենց քմահաճույքով քաղաքացու արժանապատվությանն են կպչում:

Ես դիմելու եմ դատարան՝ արդարությունը վերականգնելու համար: Տուգանքը, իհարկե, մուծել եմ անմիջապես, իմ պայքարը այս հոդվածի միջոցով միայն բարոյական փոխհատուցման համար է:

ՋԵՄՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ

վաստակավոր բժիշկ

կենսաթոշակառու

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930