Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականների համար կան գործող մի քանի օրենքնե՞ր

Հունիս 11,2013 14:15

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրասյանի դիմումին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը  պատասխանել է, սակայն՝ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի անունից: «Առավոտը» հանդիպել էր Մարդու իրավունքների պաշտպանության երեխաների եւ փախստականների հարցերով պաշտպանի գլխավոր խորհրդական Աիդա Մուրադյանի, Մարդու իրավունքների պաշտպանության իրավաբանական վարչության պետ Արամ Վարդեւանյանի եւ աշխատակից Լիլիթ Բանդուրյանի հետ: Վերջինների մոտ քննարկվել էր փախստականների դեմ օրենքի մեկնաբանման, փախստականների լայն զանգվածին կարգավիճակից զրկելու մասին: Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի գրությանը՝ հիշեցնենք, որ նա դիմել էր փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գեւորգյանին, որպեսզի 10-օրյա ժամկետում տրամադրի իրենց պարզաբանումները՝ պրակտիկայում «Փախստականների մասին» ՀՀ օրենքի կիրառման վերաբերյալ: Տարածքային կառավարման նախարարությունից ստացված գրության մեջ նշվել է այն մասին, որ փախստականների նկատմամբ 2004 թվականին ուժի մեջ մտած «Փախստականների մասին» ՀՀ օրենքն արդարացված է կիրառվել, քանի որ այն գործել է 2004 թվականի ապրիլի 15-ից: Ինչ վերաբերում է ծնողների քաղաքացիության հետեւանքով երեխաների փախստականի կարգավիճակից զրկելու փաստին եւ դա մեկնաբանվում է նրանով, որ օրենքի դրույթը կիրառվել է ոչ թե փախստական երեխաների ծնողների համար մինչեւ 2004 թվականի ապրիլի 15-ը ծագած՝ ՀՀ-ում քաղաքացիություն ձեռք բերելու հարաբերությունների նկատմամբ, այլ 2004 թվականի ապրիլի 15-ից հետո ծագած փախստական երեխաների փախստականի կարգավիճակի դադարեցման հետ կապված իրավահարաբերությունների նկատմամբ:

Այդ փաստն ուշագրավ է այնքանով, որ մի կողմից ՄՊԾ-ն պատասխան գրությամբ շեշտել է, որ ծնողների կողմից ընդունած քաղաքացիությունը հիմք չի եղել կարգավիճակից զրկելուն, իսկ մեկ այլ կողմից էլ պարզ է դառնում, որ հենց քաղաքացիության փաստն է հիմք եղել կարգավիճակից զրկելուն: Ի վերջո, հենց ծնողների քաղաքացիության փաստն է, որ անդրադարձել է փախստական տղաների կարգավիճակի վրա, որքան էլ դա հերքվի ՄՊԾ-ի կողմից:

Պաշտպանը ՀՀ փոխվարչապետին ուղղված գրությամբ անդրադարձել էր օրենքին հետադարձ ուժ տալու փաստին, որի վերաբերյալ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը պատասխանել է. «Օրենսդիրն իրավական նորմով որեւէ ժամանակային սահմանափակում չի նախատեսել եւ այն կիրառելի է նշված հոդվածով սահմանված դրույթն օրինական ուժի մեջ մտնելու պահից՝ 15.04.2004 թվականից: Բացի այդ, ակնհայտ է, որ նշված դրույթն ունի «ընդհանրական» բնույթ, այսինքն՝ այն տառացի կարելի է հասկանալ երկու կերպ՝ կամ «այսօր ձեռք են բերում», կամ «ընդհանրապես ձեռք են բերում», քանի որ օրենսդրի կողմից ժամանակացույց չի սահմանվել՝ օրենքում սույն փոփոխությունն ուժի մեջ մտնելուց առաջ են ձեռք բերում, թե հետո: Օրենսդիրը չի գործածել «ձեռք են բերել» (անցյալում) կամ «ձեռք կբերեն» (ապագայում) բառակապակցությունները, այլ գործածել է «ձեռք են բերում» արտահայտությունը, ինչը հնարավորություն է տալիս նշված դրույթն առավել ընդլայնված կիրառել»: Եթե հետեւենք ՄՊԾ-ի պատասխան գրությանը եւ իրենց՝ հայերենով օրենքի մեկնաբանմանը, ապա կնկատենք, որ իրենց ասած օրենքը երկու ձեւով հասկանալու կերպը կատարվում է այնպես, ինչպես տվյալ պահին իրենք են ցանկացել մեկնաբանել: Նախ՝ օրենսդիրն օրենքում բառացիորեն չի գործածել «ընդհանրապես» բառը, որն էլ պատճառ հանդիսանա կարգավիճակը դադարեցնելուն անգամ նրանց, ովքեր մինչ այդ ունեցել են փախստականի կարգավիճակ: Բացի դա, ինչպե՞ս կարող է կառավարությունը որոշել մեկ օրենք, որին հետադարձ ուժ է տրվում: Արդյո՞ք բոլոր նոր ընդունած օրենքներին օրենսդիրը ժամանակային սահմանափակում չի նախատեսում եւ եթե այդպես է, ապա ինչպե՞ս կմեկնաբանեն «Փախստականների եւ ապաստանի մասին» գործող օրենքը, որի 64-րդ հոդվածը տառացի մեկնաբանում է, թե ովքեր են Հայաստանում շարունակում մնալ փախստականներ: Փաստն այն է, որ շրջանցվել են այն բոլոր օրենքները, որոնք արդիական են ու կիրառելի եւ կառչել են օրենքներից, որոնք վաղուց ուժը կորցրած են համարվել, իսկ ժամանակին չեն գործածվել՝ անգործության են մատնել: Կարելի՞ է, արդյոք, հասկանալ նշված գրությունից, որ այսօր գործում է «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքը եւ միաժամանակ՝ «Փախստականների մասին» ՀՀ օրենքը։ Իհարկե՝ ոչ, դա անհեթեթություն է։ Պատկերացնո՞ւմ եք, եթե բոլոր չգործող օրենքները սկսեն գործող համարվել, ինչ խառնաշփոթ կառաջանա, ինչպես այս դեպքում է: Պատասխան գրության վերջում ՄՊԾ-ն նշել է, որ կայացրել է 24 որոշում՝ փախստականների կարգավիճակի դադարեցման վերաբերյալ, որոնցից 12-ը բողոքարկվել է դատական կարգով: Ի դեպ, այդ փաստերի հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ կայացրել են ոչ թե 24 որոշում փախստականների կարգավիաճակը դադարեցնելու վերաբերյալ, այլ՝ 150-ից ավելի, իսկ դատարանում ոչ թե բողոքարկվել է 12 որոշում, այլ՝ 3 տասնյակից ավելի:

Տեղեկացնենք նաեւ, որ փախստականների այդ եւ այլ հարցերի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստվում է գրություն ուղարկել դատարանի նախագահների խորհրդին, որին կանդրադառնանք «Առավոտի» հետագա համարներում:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930