Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարալլելս ֆիլմը» Կաննից դատարկաձեռն չի եկել

Հունիս 11,2013 14:06

Ընկերության հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանն ամփոփեց արդյունքները

«Առավոտը» տեղեկացրել է, որ «Պարալլելս ֆիլմ» ընկերությունը պետք է մասնակցեր Կաննի կինոշուկային: «Պարալլելս ֆիլմի» հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մայիսի 15-23-ը մասնակցելով Կաննի կինոշուկային` ներկայացրել է արտադրության տարբեր փուլերում գտնվող իր 4 կինոնախագծերը: Այս տարի` ընդգրկվելով Ֆրանսիայի կինոյի ազգային կենտրոնի (Centre national du cinռma et de l՚image animռe – CNC) կողմից հրավիրված ֆիլմարտադրողների ցուցակում, «Պարալլելս ֆիլմի» հիմնադիրը նաեւ անհատական հանդիպումների հնարավորություն է ունեցել Կաննի կողմից հրավիրված եվրոպական կինոարտադրության դաշտում առանցքային դերակատարում ունեցող հյուրերի հետ:
Հովհաննես Գալստյանը հավելեց, որ Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդը» կարճամետրաժ կինոնկարը, որ վերջերս արժանացել էր «Հայակ» մրցանակի՝ «Լավագույն դեբյուտ» անվանակարգում ու ներկայացվել մի շարք փառատոների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթների, ներկայումս ընդգրկված է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթում: Այնտեղ կկայանա ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
Մարինե Զաքարյանի «Կիսալուսնի ծովածոցը» (ըստ Վիլյամ Սարոյանի նովելների) խաղարկային կինոնկարի փաթեթը եւ նկարահանված նյութը Կաննում ներկայացվել է հետարտադրությամբ զբաղվող կինոընկերությունների: Համագործակցության հուշագիր է կնքվել իսպանական մի ընկերության հետ` ֆիլմի ձայնային աշխատանքները Իսպանիայում իրականացնելու վերաբերյալ: Ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով (նախագիծը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է մոտ 17 միլիոն դրամ) ֆիլմի փաթեթը ներկայացվել է թվային ֆիլմերի հետարտադրությանն աջակցող հիմնադրամների եւ կառույցների: Հովհաննես Գալստյանն ասում է, որ երկարատեւ բանակցություններից հետո, հաջողվել է Լոնդոնում տեղակայված Pollinger ltd-ից ստանալ Վիլյամ Սարոյանի նովելների էկրանավորման եւ տարածման իրավունքները:
Հովհաննես Գալստյանի «Լուսավոր շրջանը» միջազգային կինոնախագծի մասով կնքվել է համատեղ արտադրության պայմանագիր ֆրանսիական Cosmopolis Film ընկերության հետ: Առաջիկա ամիսներին ընկերությունը ֆիլմի ֆրանսերեն փաթեթը կներկայացնի կինոյին աջակցող ֆրանսիական եւ եվրոպական կառույցների` ֆիլմի ֆրանսիական հատվածի նկարահանումների եւ հետարտադրության համար ֆինանսական ներդրումներն ապահովելու նպատակով: Ֆիլմի երրորդ գործընկերն է Իսպանիան ներկայացնող մի ընկերություն, որի անվանումը կհրապարակվի համատեղ արտադրության պայմանագրի կնքումից հետո: Ընկերությունը ապահովելու է նկարահանումների իսպանական հատվածը եւ ձայնի հետարտադրական աշխատանքները: Հուլիսին կսկսվի դերասանների ընտրության փուլը, հայաստանյան նկարահանումները նախատեսված են հոկտեմբերի սկզբին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Կորած թռչունները» հայ-թուրքական կինոնախագծի մասին, այն այժմ ստացել է Թուրքական կառավարության աջակցությունը՝ ֆիլմի բյուջեի մոտ 15%-ի չափով: Արտադրական փաթեթը ստացել է նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախնական աջակցության համաձայնությունը: Բյուջեի մոտ 30%-ը մասնավոր ներդրումներ են, որոնք արդեն հաստատված են: «Այս նախագծի հանդեպ մեծ հետաքրքրություն կա եվրոպական արտադրողների մոտ, սակայն այս էտապում այդ հետաքրքրությունը զուսպ է եւ սպասողական: Ֆիլմի նկարահանումները նախատեսված են 2014թ.-ին»,-հայտնեց Գալստյանը: Նաեւ հավելեց, որ
CNC կազմակերպության եւ Producer՚s Network ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ հանդիպել Ֆրանսիայի կինոյի ազգային կենտրոնի միջազգային բաժնի ղեկավար Ջուլյեն Էզաննոյի, Կինոյի համաշխարհային ֆոնդի նախագծերի ղեկավար Վինչենցո Բուգնոյի, Վենետիկի Բիենալեի ղեկավար Ալբերտո Բարբերայի, Վենետիկի կինոշուկայի ղեկավար Պասկալ Դիոթի, Եվրոպական աուդիովիզուալ ձեռնարկատերեր կառույցը ներկայացնող Ռիինա Սիլոսի, Էստոնական թվային կենտրոնի ղեկավար Մարթին Աադամսույի, Լիտվայի կինոկենտրոնի բիզնես ծրագրերի ղեկավար Կեստուտիս Դրազդաուսկասի հետ: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, «Պարալլես ֆիլմի» նախագծերի առաջխաղացումից բացի, քննարկվել են Հայաստանում անկախ ֆիլմարտադրության իրավիճակը, զարգացման խոչընդոտները եւ համագործակցության հեռանկարները:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Կաննի կինոփառատոնի այս տարվա մրցանակակիր Աբդելատիֆ Քեշիշի «Ադելի կյանքը», Ամատ Էսկալանտեի «Էլի» ֆիլմերի Հայաստան բերելուն եւ դրանց հանդեպ որոշ արվեստագետների ոչ ադեկվատ վերաբերմունքին: «Ես երկու ֆիլմն էլ դեռ չեմ տեսել, բայց անպայման կնայեմ Մոսկվայի կինոփառատոնի ժամանակ… Կարծում եմ, որ Կաննը պատահական ֆիլմերի մրցանակ չի տալիս, այն էլ Սփիլբերգի գլխավորությամբ»,- համոզված է ռեժիսորը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930