Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակի ստորգետնյա զարգացման եւ բարեկարգման իրականացումը կբուժի քաղաքի վերքերը

Հունիս 11,2013 13:58

Ոչ թե ժխտել, այլ շտապել է պետք

Դեռ «Առավոտի» 2012թ. մարտի 27-ի համարում «Դառնանք հետաքրքիր, ապրենք հետաքրքիր» հոդվածում շոշափվում էին քաղաքին վերաբերող մի քանի հրատապ առաջարկներ, որոնց թվում էին «Փակ շուկան» եւ Հանրապետության հրապարակը:

Ներկայումս այդ հոդվածի 7-րդ կետը՝ Հանրապետության հրապարակի մրցույթի հետ կապված, իր երկրորդ շունչն է առնում եւ որի զարգացումը կապահովի մշակույթի եւ գործարարության հզոր ներդրումային դաշտ: Այստեղ կարող է ուղղորդվել «Փակ շուկան» քանդելու եռանդը, հնարավորություն տալով այն ետ «վերականգնել»:

Եթե քաղաքապետարանը, գլխավոր ճարտարապետը ժամանակին տեղեկացրած լինեին իմ ներկայացրած առաջարկը «Փակ շուկան» կառուցապատողին, ապա նա չէր անի այն, ինչ-որ արվում է, եւ այսօր նա կունենար հանրապետության ամենագեղեցիկ, ամենաբարձր վարկանիշ ունեցող առեւտրամշակութային կառույցը՝ ամենաբարձր շահավետությամբ քառակուսի մետրերով: Ո՞վ է մեղավորը…

Քանի որ դեռ կա «Փակ շուկայի» խնդիրը, որին կավելանա հրապարակի շենքերում սպասվող նոր բարձրակարգ հյուրանոցների ներկայությունը, Հյուսիսային պողոտայի ստորգետնյա ավտոկանգառների հնարավոր կրճատում, ձեւափոխումը սուպերմարկետի: Եվ առավել հիմնավոր պատճառը, որ քաղաքն ունի խնդիրներ՝ տանիքներն են կաթում, վերելակներն են վթարային, հեղեղատարները չեն աշխատում, ծայրամասերն է պետք զարգացնել: Այդ խնդիրները լուծելու համար առավել եւս հրատապ է հրապարակի ստորգետնյա զարգացման, բարեկարգման խնդիրը:

Որպես նոր եւ ռացիոնալ մոտեցում՝ դիմում եմ իմ հեղինակային առաջարկով, որը չի հնչել ոչ քաղաքի գլխավոր ճարտարապետի հեռուստատեսային հարցազրույցում, որտեղ նա ներկայացնում, պարզաբանում եւ, կարելի է ասել, պաշտպանվում էր մրցույթին ուղղված տնտեսական, քաղաքական, քաղաքաշինական հարցերից: Չի հնչել նաեւ քաղաքապետի ելույթում, որտեղ նա ընդամենը ներկայացրեց տվյալ հարցը:

Առաջարկի իրականացման արդյունքում ՔԱՂԱՔԸ ոչ միայն չի ունենա ծախսեր, այլ ընդհակառակը, կհզորացնի իր բյուջեն եւ կստանա նոր հնարավորություններ՝ լուծելու իր քաղաքաշինական եւ տնտեսական խնդիրները:

Ես առաջարկում եմ, որպեսզի հրապարակի ստորգետնյա զարգացման եւ բարեկարգման մրցույթի արդյունքում համընդհանուր եւ մասնագիտական ընդունված տարբերակը դրվի աճուրդի՝ հնարավոր ներդրողներին: Օրինակ՝ Սամվել Կարապետյան, Ռուբեն Վարդանյան, Էդուարդո Էռնեկյան եւ այլն: Շինարարության արդյունքում սպասվող մոտ 50.000 քմ տարածքի ամեն մի քառակուսի մետրը եթե նախնական գնահատվի, ենթադրենք, 100 ԱՄՆ դոլար, ապա քաղաքի բյուջեն կստանա 5 մլն եւ հնարավոր է՝ ավելին: Որպես առաջարկի հեղինակ, ակնկալում եմ 2.5% հոնորար, որը կուղղեմ իմ այլ առաջարկների իրականացմանը:

Հրապարակի ստորգետնյա զարգացումը, բարեկարգումը կհզորացնի քաղաքի բյուջեն, կբուժի քաղաքի վերքերը եւ արդյունքում կունենաք մայրաքաղաքին հարիր գեղեցիկ, հզոր, ֆունկցիոնալ համալիր: Նախորդ փորձից ելնելով՝ հրապարակում մեքենաների շարժումը ապահովելու համար այս անգամ շինարարությունը հավանաբար կիրականցվի 4 կտորից կազմված փուլերով: Նախօրոք նախապատրաստված կոնստրուկցիաները թույլ կտան սեղմ ժամկետներում իրականացնել շինության կոնստրուկտիվ մասը, վերջացնել ծածկը եւ հրապարակը հանձնել շահագործման, ապա նոր անցնել ներքին ձեւավորման աշխատանքներին: Կակտիվացվեն նախորդ քանդելուց հայտնաբերված հին Երեւանի մնացորդները: Կհանդիպենք օգոստոսի 29-ից հետո` Ճարտարապետության թանգարանում:

ՎԱՐԴԱՆ ՓԵՆԵՍՅԱՆ

ճարտարապետ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930