Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առասպելներ եւ դատողություններ

Հունիս 11,2013 13:55

Պլատոնի երկխոսություններից մեկում Պրոտագորը, արձագանքելով Սոկրատեսին, ասում է. «Ինչպե՞ս ես ուզում, որ ես պատասխանեմ քո հարցին՝ առասպե՞լ պատմեմ, ինչպես որ դա անում են ծերունիները՝ երիտասարդների հետ շփվելիս, թե՞ խնդիրը վերլուծեմ դատողությունների միջոցով»: Ուրեմն, 26 դար առաջ, ինչպես եւ հիմա, կար հարցին մոտենալու երկու եղանակ՝ էմոցիոնալ եւ դիսկուրսիվ, որոշ վերապահումներով կարելի է ասել՝ հեշտ եւ դժվար:

Տասնամյակներ շարունակ մեր մտավորականները, պետական գործիչները, քաղաքական վերնախավի ներկայացուցիչները առասպելներ են պատմում ժողովրդին՝ չփորձելով ներկայի կամ անցյալի իրողությունները վերլուծել դատողությունների միջոցով: Այդպես ավելի հեշտ է. առասպելաբանությունը հաստատում է վերջնական, անհերքելի, անփոփոխ ճշմարտություններ, իսկ դատողությունները ավելի ու ավելի են խորացնում մեր գիտելիքները, սակայն կյանքն այդպիսով դառնում է ավելի բարդ ու ոչ միանշանակ:

Կենտրոնական եւ «հիմնադիր» առասպելի մասին արդեն առիթ ունեցել եմ գրելու. իբր մեր ժողովուրդը ավելի շատ, քան այլ ազգերը, իր պատմության ընթացքում տառապել է, չարչարվել է, կեղեքվել է օտարների կողմից, միշտ արդար է եղել, բայց միշտ տուժել է իր միամտության եւ դյուրահավատության պատճառով (չգիտեմ, թե ինչ է իրականում նշանակում «արդար», «միամիտ» կամ «դյուրահավատ» ժողովուրդ՝ դրանք անհատական բնորոշիչներ են): Այդ՝ իրական ոչ մի հիմք չունեցող առասպելով դաստիարակված մարդիկ են առաջնորդվում «հայի բախտ», «հայի հետին խելք», «պանդուխտ ազգ» նվաստացուցիչ կարծրատիպերով:

Այս առասպելից անմիջականորեն բխում է, որ սրիկաները, դավաճանները, թալանչիները ամենաշատը հանդիպել եւ հանդիպում են հենց հայոց իշխանների շրջանում, որոնք, ի տարբերություն այլ ժողովուրդների իշխանների, առավել անմիաբան են, իրար տակ փորող եւ իրար «քցող»: Ըստ այդմ, մեր իշխանները ավելի շատ էին (են) կեղեքում սեփական ժողովրդին, քան դա անում էին (են) այլ ժողովուրդների իշխանները, որովհետեւ մերոնք ավելի ագահ են, դաժան եւ անխիղճ: Այստեղից, ի դեպ, գալիս է հետեւյալ մտայնությունը՝ կամ փախչել եւ հպատակ դառնալ այլ իշխանության, որը պակաս դաժան է, կամ էլ այդ բարի եւ հզոր օտար իշխանավորին կարգել մեր գլխին:

Փոքր ազգերն ընդհանրապես ուզում են տարբերվել մնացածներից, առանձնահատուկ լինել՝ թեկուզ հնարովի վատ հատկություններով եւ չտեսնված դառը ճակատագրով: Իրականում ոչ մի նման յուրահատկություն գոյություն չունի, մնացածներից ոչ լավն ենք, ոչ վատը: «Երկու անգամ երկու չորս»-ը ճիշտ է թե խնձորների, թե տանձերի եւ թե մեգագալակտիկաների համար: Պետությունը այնքանով է կայացած եւ բարգավաճ, որքանով քաղաքացիները դա ցանկանում են եւ դրա համար պայքարում են, իսկ իշխանավորները զուտ ժամանակավոր տեխնիկական աշխատողներ են, որոնց մենք վարձում ենք. որքան նրանք «աննկատ» լինեն մեզ համար, այնքան լավ: Բայց այդ մենք ենք, որ պետք է նրանց ստիպենք «աննկատ» դառնալ, ոչ ոք ինքնակամ ազնիվ, բարի եւ մեծահոգի չի դառնում:

Թե չէ՝ ընդդիմադիրները մի կողմից ասում են՝ «համակարգային փոփոխություններ», մյուս կողմից՝ շարունակում են պատմել մեր ավանդական առասպելները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Haymard says:

    Շատ լավ է, որ հեղինակը Պլատոն է կարդացել, ինչն էլ անուղղակիորեն գովազդում է, բայց համաձայն չեմ, որ մենք փոքր ազգ ենք, մենք մեծ ազգ ենք, դուք քանակին մի նայեք է, այլ հարց է, որ անգրագետ է և Պլատոնից մեջբերումներ չի անում, այ դա է խնդիրը..

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BF%D0%B8%D1%81%D0%BE%D0%BA_%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BD_%D0%BF%D0%BE_%D0%BD%D0%B0%D1%81%D0%B5%D0%BB%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8E

      Հայաստանինը բազմապատկեք երկուսի կամ նույնիսկ 3-ի՝ հայերի ընդհանուր քանակն իմանալու համար:

      • Haymard says:

        պրն Աբրահամյան, երբ մենք տարիներով, տասնամյակներով ու դարերով ասում ենք, որ փոքր ազգ ենք, մենք ինքներս մեզ ծրագրավորում ենք փոքր ու աննշան լինելու, ինչը ճիշտ չի, այլ պետք ա ամենուրեք ասել, որ ինչ մեծ ազգ ենք, փոքրաքանակ, բայց՝ մեծ, գոնե ապագա սերունդների համար…

        • Արմեն Սարգսյան says:

          Փոքրն ու մեծը դե քանակի հետ կապվածա, էտ իմ կարծիքով ոչինչ: Բայց լավ կլիներ խեղճ ժողովուրդ, խեղճ մտավորականներ, խեղճ էսինչներ, խեղճ էնինչներ … էտ ղզիկ արտահայտությունները հանեինք մեր լեքսիկոնից: Ոնց որ ասում եք, մեզ խեղճություն ենք ծրագրավորում, ու շատ մարտնչող համառությամբ: Արդեն ահագին մարդիկ կան, որ հանկարծ իրանց կամ իրանց ինչ-որ խավի խեղճությանը կասկածես, շան օրը կգցեն:

  2. ani says:

    Երբեմն յուրօրինակ երևալու մարմաջը շատ էժանագին դրսևորումներ է ստանում: Ձեր նշած այդ դառը ճակատագրի հանդեպ աշխարհի խղճահարությունը փորձել արթնացնելը, բոլորի մեջ հայկական արմատներ փնտրելը, առաջին քրիստոնյա ազգը լինելու մասին ամենուրեք թմբկահարելը երբեմն ինձ ստիպում են ամաչել: Շատ մազալու ազգ ենք, հեշտությամբ լքում ենք Հայաստանը, հետո օտար երկրներում հպարտ կեցվածք ընդունելով քայլում փողոցներով, բնականաբար սպորտային համազգեստով, վրան մեծ տառերով գրված ARMENIA: Հետո նույն հպարտ կեցվածքով գողություն անում, մուրում, հետո նորից հպարտանում որ առաջին քրիստոնյա ազգն ենք, որ էդ մեզ են թուրքերը կոտորել, որ Անդրե Աղասին էլ ա հայ….. ու այդպես շարունակ

  3. Փիրուզ says:

    Եթե ճիշտ եմ հիշում մեջբերումը Պլատոնի “Օրենքներից”է: Հետաքրքիր կառուցված երկխոսություն է ու շատ օգտակար: Ես կարծում եմ, որ հասկացա, թե ինչ եք ուզում ասել: Մեզ մոտ`գրեթե բոլոր բնագավառներում բացակայում է սթափ վերլուծությունը: Երբեմն գիտական հոդվածներ եմ կարդում , ընդ որում հայտնի գիտնականների, որոնց գործերը ասես գեղարվեստական երկ լինեն`լի ածականներով, համեմատականներով, սրտաճմլիկ պատումներով, ինչը անհարիր է գիտական լեզվի համար: Նույն վիճակը քաղաքականության մեջ է: Բավական է լսել նախագահի բազմաթիվ ելույթները: Դրանք ավելի շուտ կրակի շուրջ հավաքված ցեղակիցներին իրեն իմաստուն համարող որսկանի զրույցներ են հիշեցնում, քան հանրապետոության նախագահի խոսք` ուղղված պետության քաղաքացիներին:

    • ani says:

      Հարգելի Փիրուզ, եթե լսեք թե ընտրությունների արդյունքները սահմանադրական դատարանում բողոքարկող կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք հիմնականում իրավաբաններ և լիցենզավորված փաստաբաններ են լինում, ինչպիսի սրտաճմլիկ ու պաթետիկ արտահայտություններով ու ածականներով են հանդես գալիս դատարանի առջև, փաստերն ու ապացույցները թողած, կմտածեք թե հատուկ են անում: Մինչև հիմա այս հանելուկը չեմ կարողանում լուծել, թե ինչու են ամեն անգամ այդքան ոչ պրոֆեսիոնալ հանդես գալիս: Ախր դատարանն արդեն ազատության հրապարակ չէ:

  4. Maxim says:

    Հարգելի Արամ Աբրահամյան: Համոզված լինելով, որ Ձեր կուլտուրայից ելնելով, Ձեզ թույլ չեք տա
    արժանավայել պատասխանել այս երկու քաջ Նազարներին, ուստի թույլ տվեք, ես պատասխանեմ:
    -Այ՝ Haymard և Արմեն Սարգսյան,՝ քաջ Նազարներ: Թույլ տվեք մեկնաբանել ձեր երկուսի, կարճամիտ, ոչ գրագետ, Հայաստանից դուրս՝ բան չտեսած, կամ ամենաշատը Ուրալյան
    լեռների շրջակայքում թափառած, բայց ազգասիրության քողի տակ թաքնված՝ Հայոց արծիվներ լինելը: Որի համար եթե փորձեք մռութս ջարդել, դրա առիթն էլ կունենաք, թեպետ ձեզանից հաստատ երկու անգամ տարիքով կլինեմ, որը ասում եմ ոչ թե որ ինձ խղճաք, այլ զգուշացնում եմ:
    Այսօրվա ազգակործան վարչախումբը հենց ձեր նման, մեղմ ասած միամիտների վզին փաթաթելով
    կեղծ հայրենասիրության շղթան, հիմար, անմիտ, անիմաստ դոգմաներով՝ խեղաթյուրում է ձեր
    մտածելակերպը, ձեզ շեղելով իսկական մարդկային արժեքներից, ամենախրթին հնարքներով,՝
    կենացներ խմելով ազգի գովքը անելով, որ պետք է պարծենանք որ Հայ ենք և ուրիշ ոչինչ պետք չի անել, բացի շալլախո պարելուց, այն էլ մուսուլմանական ոռնոցների, ու կլկլոցների ներքո, բայց
    հայերեն ավելի անինաստ ու ավելի ապուշ բառակույտերով, որտեղ զգացմունքները և անասնական
    բնազդը միաձուլված է: Էլ չեմ խոսում Հայկական սերիալներ կոչվող կատարյալ ապուշություններից, որոնց նպատակը միանշանակ ժողովրդին զոմբիացնելն է, և թաղի խուժան
    դաստիարակելը, որպես իրենց համար հետագայում աթոռներ զավթելու հենարաններ:
    Հիմա անցնեմ մեր ազգի գովքը անելուն: -Ես շատ անգամ եմ լսել, որ մեր ազգը՝ ծայրահեղականներ են, այսինքն՝ մեր լավը ամենալավն է, վատը՝ ամենավատը: Բայց այսքան ակնհայտ, որ այսօր է, կամ ինչ տեսնում ենք 21-դ դարում, ոչ մի կասկածի առիթ չի թողնում, որի
    բացահայտ օրինակն է կեղծ Նժդեհականների ոհմակը, իսկ մյուս բեվեռում այն ազատամարտիկները, ովքեր մնացին մարտի դաշտում, իսկ ով էլ փառքով վերադարձավ, մինչ օրս
    Հայասրանի քաղաքացիություն չի կարող ստանալ, քանի որ տարիներ առաջ հանդգնեց ու ասաց, որ ազգիտ մի թալանիր, մի կողոպտիր, ընտրություն կոչվածը մի խայտառակիր, և այլն, որի համար
    տարիներով բանտ նետվեց: Կարծում եմ գուշակում եք ում մասին է խոսքը:
    Իմ անձնական փորձից, խորհուրդ կտամ, որ երբեք քո ազգի մասին մի ասա այն, ինչը, որ չի
    համապատասխանում իրականությանը, լինի դա այլ ազգի մոտ, թե քո զավակի, որին հայրենասեր եք դաստիարակում , քանի որ սուտը կբերի իրեն ոչ ցանկալի արդյունքը, անկախ նրանից հայրենիքում ես, թե՛ նրանից դուրս: Շատ դեպքերում լռելն ավելի ձեռնտու է, քան անմիջապես
    պատասխան լսելը՝ ,,պրոբլեմ չունես,, հատկապես, երբ դեռ չես հասցրել հարցը տալ, որի համար
    էլ շատ արդարացի ասում են՝ որ իբր թուրքը ասել է, որ ,,Հայի վերջին խելքը իմը լիներ,, իսկ մենք
    այն ընդունում ենք իբր մեր ազգի խելքի ծով լինելը: Թշնամուն պետք է չսիրել, բայց ոչ չգնհատել:
    Դրա վառ օրինակաը մեր երկրի ֆուտբոլային դիվանագիտական հարաբերություններն էր թուրքերի
    հետ, որի արդյունքում մեր երկրի այրերը հայտնվեցին ֆուտբոլի գնդակի դերում: Որից հետո ոչ մի կոնկրետ երկիր մինչ օրս չճանաչեց հայոց ցեղասպանությունը: Անչափ երկար կարելի է գրել, բայց սահմանափակեմ նրանով, որ երեկ ԱԺ-ի պատգամավոր՝ Հրանտ Բագրատրանը իր ելույթում արձանագրեց, որ Հայաստանի արտաքին պարտքը, մասնավոր, կոմերցիոն բանկերի պարտքերի հետ, որոնց երաշխավորը նույնպես կենտրոնական բանկն է,՝ կազմել է ավելի քան 7-ը միլիարդ, որը պարտք է վերցվել վերջին 10-12 տարում, այդ թվում շահագործվում է մոտ 500 հանքեր,
    այսինքն երկրի գրե թե ողջ ընդերքը, հաջորդ սերնդին թողելով միայն թունավոր թափոններ, և այն
    դեպքում,՝ երբ չկա պատերազմ, չկա երկրաշարժ, կամ մեկ այլ տարերային աղետ, բայց կա մեծաթիվ աղքատություն, արտագաղթ, որի պատճառները հազար անգամ նշվել է:
    Ահա ինչի մասին պետք է մտահոգվել, այլ ոչ ինքնախաբեությամբ զբաղվել:
    Ես ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ համակիրներից եմ, և ցանկության դեպքոմ կարող ենք հանդիպել,՝ այս
    ուրբաթ ամսի 14-ին ժանը 19-ին Ազատության հրապարակում, ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ բաց
    քննարկումների ժամանակ՝ քաղաքացիների հետ: Անունս նշված է ճիշտ՝, մինչ հանդիպում:

    • Արմեն Սարգսյան says:

      Մաքսիմ ջան, ճիշտն ասած լրիվ չկարդացի գրածդ, անհասկանալի էր ու շատ երկար: Ու ընդհանրապես չհասկացա ինչի ես ըտենց բորբոքվել ու ինձ վիրավորել: Ես ոչ քեզ, ոչ էլ ուրիշին իմ կարծիքով ոչ մի վիրավորական բան չեմ ասել: Ասենք իմ գրածի մեջ որտեղ տեսաք ազգի գովքի կամ էլ վարչախմբի հետ կապված ինչ-որ արտահայտություն: Բան չհասկացա: Ինչ կապ ունի Հայաստանից դուրս բան տեսաց-չտեսածը (ես որոշ ժամանակ ապրել եմ Եվրոպայում, հիմա Հայաստանում); Մռութը ջարդելն ինչ կապ ունի, ինչի պետքա ես Ձեր մռութը ջարդելու առիթ ունենամ; ինչ-որ տարօրինակ ու ոչ ադեկվատ պատասխան էր:

  5. Armine says:

    Արամ Աբրահամյանը վաղուց արդեն ոչ մեկին ոչինչ չունի ապացուցելու,առավել եւս ինքնագովազդելու…ոչ անուղղակիորեն, ոչ էլ ուղղակիորեն:Երբեք չէի կարծի, որ նրա՝ Պլատոն կարդացած լինելն ու Պլատոնից մեջբերում անելը կարող է որեւէ մեկի մոտ զարմանք առաջացնել,էլ չեմ խոսում մեկնաբանություն գրելու խթան դառնալու մասին:
    Ես այստեղ մենակ մի բանից կզարմանայի…եթե Ա.Աբրահամյանը ՀԱՅՄԱՐԴ-ուն ուղղված իր պատասխանում սկսեր ապացուցել,որ ինքնագովազդն ամենեւին էլ իր նպատակը չէր: Ուրախ եմ,որ զարմանալու առիթը չեղավ 🙂

  6. Ժողովրդի անունից says:

    Լիովին համամիտ եմ և ողջունում եմ պ. Աբրահամյանին նմանատիպ հոդվածներով հանդես գալու համար: Սրանից պետք է ոչ թե վիրավորվենք,այլ խելքի գանք և կարգավորվելու ուղիներ ման գանք : Սխալ գործողին եթե դիտողություն են անում կամ սխալը բարձրաձայնում,նա պետք է ուղղվի, եթե նորմալ է: Հակառակ դեպքում լինում է այն ինչ ունենք: Ես զարմանում եմ, որ հակադրվողները գոհ են այսօրվա և երեկվա իրավիճակներիցից, կամ էլ ՀՀԿ ից են: Համամիտ կլինեի մեկնաբանողների հետ, եթե նա բարձրաձայներ օտար լեզուներով կամ արտասահմանում: Անձամբ ես ցավով եմ նայում մեր վերջին հարյուրամյակների պատմությանը և այսօրվա դեպքերին, որոնք իրար շատ նման են: Վերջին տարիների իրար հաջորդող սպանությոնները, լիսկաները, աղքատությունը, այսօրվա անզեն «եղեռնը», նկատի ունեմ արտագաղթը, ղեկավարության բռնի վերընտրվելը, մեր պահվածքը լավ էլ իրար սազում են…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930