Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, լսելով ընդդիմախոսների ելույթները «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում արտոնություն տալու օրինագծի մասին, հակադարձեց նրանց:
Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը կտրականապես դեմ էին արտահայտվել օրինագծին՝ քննադատելով, որ արտոնություն են ուզում, փող են ուզում ու ծրագիր չեն ներկայացնում:
Հովիկ Աբրահամյանի խոսքերով. «Ես զարմացած եմ, որ մարդիկ, ովքեր լավ գիտելիքներ ու պատկերացումներ ունեն, նման ելույթներով են հանդես գալիս: Այնպիսի տպավորություն է, թե ՀՀ-ում հերթ է, եւ մենք պետք է որոշենք, թե ում առաջինը տանք հարկային արտոնությունը: Եթե կառավարությունը բերում է նախագիծ եւ պարտավորություն է վերցնում, որ դա մեր պետության համար լավ նախագիծ է, արդյունավետ է, մենք պարտավոր ենք քննարկել եւ տալ համաձայնություն: Իմ կարծիքով դա շատ արդյունավետ առաջարկ է»:
Նա համաձայնեց Հրանտ Բագրատյանի հետ, որ տակը պետք է լինի ծրագիր. «Եթե շինարարական ապրանքներ են բերում, պետք է վերահսկվի: Ինձ ֆինանսների նախարարը վստահեցրեց, որ հստակ երեւալու է, թե ինչ շինարարական մատերիալ են օգտագործելու նախագծում: Մարդիկ մեզ չեն վստահում, մի խումբ մարդիկ են, որոնք ներդում են կատարել, եթե չտանք հարկային արտոնություն, մեզ չեն վստահի»:
Կարդացեք նաև
Հովիկ Աբրահամյանը կոչ արեց, որ ծրագրի առկայության պայմաններում անպայման տրամադրվի այն ԱԺ-ին: Նա կոչ արեց պատգամավորներին, ովքեր ունեն հնարավորություն, ծանոթություն, ընկերներ, որոնք կարող են ներդրում կատարել թեկուզ 100 մլն դրամի՝ անեն: «Ես համաձայն եմ, որ նման արտոնություն տանք: Դա աշխատատեղ է, սոցիալական խնդրի լուծում է: Գոնե աշխատատեղ կունենաք, գործազրկության խնդիր կլուծենք»:
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը բացատրեց, որ նախագծում մանրամասն նշված է, թե ինչ է արվելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ