Այսօր Երեւանի քաղաքապետարանում, նախքան կսկսվեր Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խոստովանեց, որ «Փակ շուկայի» վերաբերյալ իր նպատակներն անկատար մնացին, ինչի հետեւանքով էլ տխուր է: Հարցին, թե՝ եկել եք քաղաքապետարան, որ շուկայի հարցը բարձրացնե՞ք, պարոն Ալեքսանյանն ասաց. «Չէ, էսօր ինագուրացիային եմ եկել»:
Այն հարցերին էլ, թե հնարավո՞ր է «Փակ շուկայի» տեղում «Կարֆուր» սուպերմարկետ լինի կամ ի՞նչ շենք էիք ուզում կառուցել շուկայի վրա, պատգամավորը հրաժարվեց պատասխանել: Նա ասաց, որ շուկայի հետ կապված արդեն ֆինանսական կորուստներ է ունեցել: Հարցին, թե չի՞ ընդունում, որ «Փակ շուկայի» մասով օրենքներ է խախտել, պատգամավորն անկեղծորեն պատասխանեց. «Դե խախտել էի, էլի, որ եկան քանդեցին»: Սամվել Ալեքսանյանի մեկնաբանությունները` տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ