Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարան-շուկա հակամարտությունը հասել է «դիվանբաշուն»

Հունիս 11,2013 12:18

Շուկայի տնօրենին  տուգանել են  2.5 միլիոն դրամով

 Նախկինում հայտնել ենք  Իջեւանի քաղաքապետարանի եւ Իջեւանի շուկայի տնօրինության հակամարտության մասին: Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը շուկայի առաջնամասում  կառուցապատում իրականացնելու  շինթույլտվություն էր տվել:  Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ իրենք առ ոչինչ են համարել այդ շինթույլտվությունը: Իջեւանի շուկայի տնօրինությունը  քաղաքապետարանի այդ որոշման դեմ հայց է ներկայացրել վարչական դատարանի Սեւանի նստավայր: Վարչական դատարանը մերժել է շուկայի  տնօրինության հայցը, վերջինս վերաքննիչ բողոք է ներկայացրել: Վարդան Ղալումյանի  խոսքերով՝ վերաքննիչ դատարանը համարել է, որ քաղաքապետարանն իրավունք չուներ շինթույլտվությունն առ ոչինչ համարելու, այն կարող էր անվավեր համարել: Իջեւանի քաղաքապետն ասաց, որ դրանից հետո իրենք քաղաքապետարանի   կողմից  նախկինում տրված շինթույլտվությունն անվավեր են համարել:

Վարդան Ղալումյանը տեղեկացրեց, որ ապօրինի շինարարության համար քաղաքապետարանը շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանին տուգանել է 200 հազար, ապա՝ 2.5 միլիոն դրամի չափով: Քաղաքապետարանը չնախատեսված վայրում բացօթյա առեւտուր կազմակերպելու համար 6-7 անգամ տուգանել է   Գառնիկ Օհանյանին, սկզբում՝ 20-30 հազարի չափով, վերջին 4 անգամը՝ 100 հազարական դրամի չափով: Քաղաքապետի խոսքերով՝ նշանակված տուգանքներից Գառնիկ Օհանյանը միայն մեկն է վճարել՝ 20 հազար դրամի չափով:

Վ. Ղալումյանը հայտնեց, որ ապօրինի շինարարության կապակցությամբ ինքը  դիմել է ոստիկանություն եւ ներկայումս Տավուշի քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 315 պրիմ հոդվածով քննություն է կատարվում: Քաղաքապետն  ասաց, որ շուկայի հետնամասում մոտ 6 տարի առաջ ապօրինի կառույց է կառուցվել, փորձ է արվել այն որպես  նոր շինարարություն ներկայացնել:  Վ. Ղալումյանին  հարցրինք մոտ 10 օր առաջ քաղաքապետարանի շենքի  առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին, որը նկարահանվել եւ ցուցադրվել է  տեղական՝ «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությամբ: Քաղաքապետն ասաց, որ դրան մասնակցել են 7 հոգի, ովքեր շուկայի առաջ առեւտուր են կատարում: Մենք ցանկացանք  այս հակամարտության վերաբերյալ ներկայացնել նաեւ շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանի տեսակետը, սակայն նրա բջջային հեռախոսահամարը չէր պատասխանում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930