Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիլիջանում կառուցվում է բարձրակարգ միջազգային դպրոց

Հունիս 11,2013 11:59

Հիմնական փաստեր ծրագրի մասին

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Ազգային Ժողովում քննարկվում է Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնություններ տրամադրելու ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը, հարկ ենք համարում ներկայացնել դպրոցի մասին հիմնական փաստերը եւ շեշտել, որ Դիլիջանում կառուցվում է միջազգային եւ ոչ թե «օտարալեզու դպրոց»:

Դիլիջանի միջազգային դպրոցը  լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որը նորովի կներկայացնի Հայաստանը աշխարհի կրթօջախների քարտեզի վրա՝ ստեղծելով ավելի քան 60 երկրներից տարբեր ազգությունների աշակերտների ներհոսք Հայաստան։

 

Դիլիջան միջազգային դպրոցի ծրագիրը ուղղված է նաեւ Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, քաղաքի բնապահպանական կայուն զարգացմանը, լայնածավալ սոցիալական ծրագրերի իրականացմանը, քաղաքի ենթակառուցվածքների արդիականացմանը եւ դրանց հետագա զարգացման խթանմանը։

Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի հիմնադիրներ են ռուսաստանաբնակ գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը` տիկնոջ հետ: Դպրոցի հոգաբարձուների  խորհրդի անդամներն են կրթության ոլորտի եւ բիզնեսի ականավոր ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից: Վերջերս դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրվեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ եւ ֆինանսական տնօրեն

Մանֆրեդ Շեփերսը:

Դիլիջանի միջազգային դպրոցի դռները կբացվեն 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց քանակը  2023-ին կհասնի 650-ի՝ առնվազն 60 երկրներից: Դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի  մոտ $30 հազար, սակայն աշակերտների 70%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:

Հայաստանցի շնորհալի ու տաղանդավոր երեխաները կազմելու են Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների 10-12%-ը: Բացի դրանից սփյուռքի հայ համայնքներից դպրոցում ուսանող աշակերտների տոկոսը կկազմի մոտ 30%։

Դիլիջանի միջազգային դպրոցը հնարավորություն կտա աշակերտներին շարունակելու կրթությունը աշխարհի առաջատար համալսարաններում: Դպրոցում կիրառվելու են լավագույն միջազգային կրթական ծրագրերը.

–  IB Diploma (Միջազգային բակալավրիատ) 16-ից 19 տարեկան աշակերտների համար՝ նախահամալսարանական կուրս: Այս ուսումնական ծրագիրը կսկսի գործել 2014 թվականից;

–  Cambridge IGCSE (միջնակարգ կրթության մասին միջազգային ատեստատ) 13-ից 16 տարեկան աշակերտների համար; Այս ուսումնական ծրագիրը կսկսի գործել 2017 թվականից։

Սպասվում է, որ ս.թ. հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը կդառնա United World Colleges (UWC) ցանցի լիիրավ անդամ, ինչը թույլ կտա սաներ համախմբել ավելի քան 100 երկրներից: United World Colleges համակարգը ներկայումս ներառում է 12 ուսումնական հաստատություններ ողջ աշխարհում, որոնք ամեն տարի հյուրընկալում են տարբեր ազգության երիտասարդների: Նրանց ընտրությամբ զբաղվում է ազգային հանձնաժողովների ցանցը 140 երկրներում:

Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրենի պաշտոնում հաստատվել է Քոլին Ջենքինսը, ով ավելի վաղ զբաղեցնում էր Ուելսում (Մեծ Բրիտանիա) UWC Atlantic College-ի տնօրենի պաշտոնը, իսկ մինչ այդ ակտիվ մասնակցություն է ունեցել Մաաստրիխտում, Սինգապուրում եւ Կոստա-Ռիկայում UWC քոլեջների կայացման գործում:

Դիլիջանի միջազգային դպրոցը ծավալուն բարեգործական նախաձեռնություն է ավելի քան $135 մլն (առանց հարկերի) բյուջեով միայն կապիտալ շինարարության համար։ Ընդ որում, շինարարության առաջին փուլի՝ IB ծրագրի համար անհրաժեշտ կառույցների արժեքը կկազմի $82 մլն, երկրորդ փուլի՝  IGSCE ծրագրի համար անհրաժեշտ կառույցների արժեքը՝$15 մլն, իսկ երրորդ փուլում նախատեսվում է կառուցել տարածաշրջանում լավագույն բեմարվեստի կենտրոնը, որի արժեքը կկազմի $40 մլն:

Դպրոցի գործառնական ծախսերի գերակշիռ մասը ֆինանսավորվելու է նվիրատվությունների հիմնադրամի հաշվին։ Դպրոցի տարեկան գործառնական ծախսերը (2014 թ. սկսած) կկազմեն $3 մլն, եւ մոտակա 10 տարվա ընթացքում կաճեն մինչեւ $12 մլն., որոնց մեծ մասը (60%ը) կիրացվի Դիլիջանում։

Բացի շինարարության համար նախատեսված ծախսերից, ծրագրվում է հիմնել  նվիրատվությունների հիմնադրամ (endowment fund), որի տոկոսային եկամուտները կուղղվեն կրթաթոշակների, գործառնական ծախսերի, դպրոցի զարգացման համար: Աշակերտների 70%-ին կրթաթոշակենրով շարունակական ապահովելու համար նախատեսվում է այդ հիմնադրամ հավաքագրել $250 մլն։

Հիմնադիրներից բացի, ծրագրին աջակցում է դոնորների միջազգային խումբ՝ Գագիկ Ադիբեկյան, Զիյավուդին Մագոմեդով, Օլեգ Մկրտչյան, Վիկտոր Վեկսելբերգ, Անդրեյ Դոնսկիխ, Ալիշեր Ուսմանով, Սուլեյման Քերիմով, Մարկ Կուրցեր, Դանիլ Խաչատուրով, Մայքլ Օբերմայեր, Անատոլի Չուբայս, Սամվել Կարապետյան, Անդրեյ Շառոնով, Սերգեյ Սարկիսով եւ ուրիշներ։

 

Դպրոցի շենքը, բացի ուսումնական մասնաշենքերից ու կացարաններից, ներառում է նաեւ փակ լողավազան, մարզահրապարակներ, բեմարվեստի կենտրոն, գիտա-փորձարարական համալիր եւ բժշկական կենտրոն: Բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինի կողմից մշակված ծրագիրն ընդհանրացրել է աշխարհի՝ վերջին 20 տարիներին կառուցված ավելի քան 40 դպրոցների փորձը: Այն իրականացվում է համաշխարհային բարձրագույն չափանիշների ու տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք գործածվում են դպրոց-համալիրների շինարարության համար: Շինարարության մեջ օգտագործվում են նորագույն նյութեր եւ տեխնոլոգիաներ, որոնց մեծ մասը նախկինում Հայաստանում չի կիրառվել: Թիմ Ֆլինը փորձել է Դիլիջանի շինությունների ավանդական ոճին համադրել ժամանակակից ճարտարապետական միտումները: Դպրոցի շենքը, որը սահմանակից է Ազգային պարկին, օրգանապես համապատասխանում է լանդշաֆտին: Շենքերի տանիքները ծածկված են կանաչ գազոնով եւ հիշեցնում են ալպիական մարգագետիններ, որոնցով հայտնի է Դիլիջանը:

«Դիլիջանի միջազգային դպրոց» հիմնադրամը տեխնիկական հանձնարարական է մշակում Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակելու նպատակով միջազգային մրցույթ հայտարարելու համար: Հիմնադրամը նաեւ նախատեսում է վերանորոգել Դիլիջանի քաղաքային այգին՝ մշակութային եւ այլ միջոցառումներ անցկացնելու համար: Բացի այդ, հիմնադրամը ֆինանսավորում է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար անգլերեն լեզվի դասընթացներ անցկացնելու համար։

 

Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրինություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930