Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ շարունակվում է «Միլանո»-«ԱՎՈ» դատական վեճը: «Միլանոն» պահանջում է պարտավորեցնել պատասխանողին «Հասարակության և պետության կարիքների համար սեփականությունը օտարելու պայմանագիր կնքել»:
Օրերս տեղի ունեցած դատական նիստում բացահայտվեց, թե ինչու են կադաստրի պետական կոմիտեի կողմից գույքահարկը հաշվարկվել շենքի բոլոր երեք հարկերի համար: Դատարանը հարկադիր կարգով պահանջեց կադաստրային գործերի բնօրինակը, որը ԴԱՀԿ ծառայության միջոցով ներկայացվեց դատարանին:
Գործում առկա փաստաթղթերով հաստատվեց հետևյալը. 01.07.1989թ-ին հասարակական սննդի թիվ 2 միավորման և «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն պայմանագրի «Օլիմպ» արտադրական կոպերատիվը ընդունել է վարձակալական հիմունքներով օգտագործելու, այնուհետև հետ գնելու իրավունքով «Օլիմպ» սրճարանի շենքը: Կողմերը պայամագրի 1.2 կետով համաձայնվել են, որ «Օլիմպ» սրճարանի շենքը վարձակալության հանձնման պահին ենթակա է լրիվ վերակառուցման, որի համար վարձակալին իրավունք է տրվում սեփական միջոցների հաշվին (կարող են ներգրավել աշխատակիցների անձնական դրամական միջոցները) իրականացնել շենքի վերակառուցումը: Պայմանագրով նախատեսվել է նաև, որ շենքի վերակառուցման աշխատանքների մասնակի ֆինանսավորումը իր վրա է վերցնում վարձատուն: Պայմանագրում նշվել է նաև, որ վարձատուի կողմից հատկացվելիք ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման և վարձատուից վերցրած ֆինանսական միջոցները հետ վերադարձնելու պահից վարձակալը ձեռք է բերում կոլեկտիվ սեփականության իրավունք շենքի նկատմամբ: Պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել է 01.07.1989թ-ից մինչև 01.07.1995թ-ը: Հետագայում 17.05.1995թ-ին սրճարանի տարածքը սեփականաշնորհվեց և կոոպերատիվը շենքը ամբողջովին գնեց պետությունից:
Ըստ «Միլանոյի» ներկայացուցիչ` փաստաբան Տիգրան Հայրապետյանի, կադաստրային գործում առկա էին նաև պետական մարմինների այն գրությունները, որոնցով հաստատվում էր, որ կոոպերատիվը գույքը պետությունից գնելու ժամանակ վճարել է միայն շենքի 1-ին հարկի համար, 2-րդ և 3-րդ հարկերի վերակառուցումը կատարվել է կոոպերատիվի միջոցներով, հետևաբար 2-րդ և 3-րդ հարկերը հանդիսացել են կոոպերատիվի սեփականությունը՝ համաձայն պայմանագրի:
Կարդացեք նաև
Մինչդեռ կադաստրի բազմաթիվ պատասխանները այն մասին էին, որ կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանել են բոլոր երեք հարկերը: Բացի այդ, նույն կառուցապատող «ԱՎՈ»-ն և քաղաքապետարանը ստորագրել և իրենց կնիքներով հաստատել են, որ կոոպերատիվի օրինական մասը կազմված է 2 օրինական հարկերից:
Չնայած դատարանում քննվող վեճի լուծման ժամանակ հայցը չի հիմնվել այն հանգամանքի վրա, որ կոոպերատիվի բոլոր երեք հարկերը սեփականության իրավունքով պատկանել են կոոպերատիվին, այլ կոոպերատիվը կարևորել է այն հանգամանքը, որ պետությունը բոլոր երեք հարկերի համար հաշվարկել է գույքահարկ և գանձել կոոպերատիվից` օրինական ուժի մեջ մտած վճռով: Ստացվում է, որ շինության 2-րդ և 3-րդ կարկերի համար «Օլիմպ» ԱԿ-ն հարկեր է վճարել, հետևաբար 2-րդ և 3-րդ հարկերը ևս հանդիսանում են գույք և պաշտպանվում Եվրոպական Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով:
Մեր զրույցի ժամանակ Տ. Հայրապետյանը հայտարարեց, որ այսքան ապացույցներից հետո առնվազն պետք է կույր լինել և բացահայտ կողմնակալ՝ հայցը չբավարարելու համար:
Վճիռը կհրապարակվի հունիսի 14-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ