Սահմանադրական դատարանն այսօր պետք է սկսեր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը: Դատարան էր ներկայացել թեկնածուի ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանը: Ի դեպ, նա մեր հարցին, թե չի՞ մասնակցում փաստաբանների գործադուլին, պատասխանեց, որ՝ ոչ:
Այս գործով զեկուցողն էր ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը:
Նա, երբ սկսվեց դատական նիստը, խնդրեց երկու շաբաթ ժամաանակ, հայտնելով, որ միջազգային փաստաթղթերի հետ կապված անհրաժեշտ է ուսումնասիրություններ կատարել:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ կան մի քանի գործերի քննություններ, իսկ հուլիսի 2-5-ը միջազգային ֆորում է, որին հայտ են ներկայացրել երեսուն երկրների սահմանադրագետներ, դատավորներ:
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 16-ին:
Հիշեցնենք, որ վիճարկվելու էր ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը: Ըստ այդ հոդվածի, թեկնածուների ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները քարոզչական տպագիր նյութ չեն համարվում, եթե թեկնածուի դեմ կամ կողմ կոչեր չեն պարունակում:
Դատական նիստը կլինի գրավոր ընթացակարգով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ