Հատկապես քաղաքականության մեջ
Երեւանի ավագանու այսօրվա նիստում տեղի է ունենալու քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման եւ պաշտոնն ստանձնելու, տվյալ դեպքում՝ վերստանձնելու արարողությունը։ Ի դեպ, չնայած տեղական ինքնակառավարման գործող մոդելն ընդամենը 2009-ից է կիրառվում մեր պետության մայրաքաղաքում, բայց սա կլինի թվով չորրորդ նման արարողությունը։
Մինչ այս, մինչ այն, ավագանու «Բարեւ, Երեւան» դաշինքի խմբակցությունը երեկ հայտարարեց, որ չի մասնակցելու քաղաքապետի երդման արարողությանը։ Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհներն այսօր ժամը 11-ին իրենց համար այլ զբաղմունք են գտել։ «Բարեւ, Երեւանի» 6 հոգանոց խմբակցության անդամները, Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, որոշել են այսօր, նույն ժամին Ազատության հրապարակում ասուլիս տալ Երեւանի առաջնահերթ խնդիրների եւ իրենց առաջիկա անելիքների վերաբերյալ:
Ըստ որում՝ սա այնքան ասուլիս չէ լինելու, որքան «մինի հանրահավաք», այլապես միջոցառմանը չէին հրավիրի քաղաքացիների, Երեւանի խնդիրներով շահագրգիռ խմբերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։
Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցության այս ակցիան ակամայից աղերսվում է ապրիլի 9-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած «այլընտրանքային երդմնակալության» հետ։
Բայց ընդամենը աղերսվում է։ Հազիվ թե այսօր Ազատության հրապարակում հավաքվի թեկուզ 10-15 տոկոսը այն բազմության, որ կար ապրիլի 9-ին։ Առավել եւս, որ սա ընդամենը ասուլիս, այսինքն՝ հարցուպատասխան է լինելու։ Եվ իսկապես էլ, հո չէի՞ն բռնելու եւ «Բարեւ, Երեւան» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանին այլընտրանքային քաղաքապետ հռչակեին։
Անշուշտ իրենց որոշելիքն է, եւ ցանկացած քաղաքական ուժ ազատ է այս կամ այն իրադարձությանը մասնակցել-չմասնակցելու հարցում։ Բայց «Ժառանգության» կամ ավելի ճիշտ՝ «Բարեւ, Երեւանի» այս զուգահեռ ակցիան ավելի շատ նեղացածության տպավորություն է թողնում։ Մոտավորապես այս մոտեցմամբ. «Այ, չստացվեց, որ մենք լինենք մեծամասնություն, հետեւաբար, մենք մեծամասնության ընտրած քաղաքապետի երդման արարողությանը չենք մասնակցի…»։
Բայց նեղացածությունը վատ խորհրդատու է, մանավանդ քաղաքական ասպարեզում։ Առավել եւս, որ հիմա նեղանալու փոխարեն հարկ էր ավելի հեռատես ու ակտիվ լինել, հատկապես այն շրջանում, երբ նկատելի թափ հավաքելու բոլոր նպաստավոր պայմանները կան։ Գուցե ավելի լրջորեն էր պետք պատրաստվել ավագանու ընտրություններին, գուցե բուն քվեարկության օրվան էր պետք առավել կազմակերպված մոտենալ, գուցե ընտրությունների արդյունքներն էր պետք առավել հիմնավորված ու փաստարկված վիճարկել։
Եվ այդ բոլոր «գուցե»-ների ապահովման դեպքում միգուցե «Բարեւ, Երեւանը» այսօր ոչ թե 6, այլ 16 կամ անգամ՝ 26 ներկայացուցիչ կունենար մայրաքաղաքի ավագանու կազմում։
Մյուս կողմից՝ բացառված չէ, իհարկե, որ «Բարեւ, Երեւան» խմբակցությունը իր չմասնակցությամբ ցանկանում է եւս մեկ անգամ ընդգծել, որ ընդդիմադիր ուժ է, որ համաձայն չէ ավագանու ընտրության արդյունքներին եւ այդպես շարունակ։
Բայց մի՞թե «Ժառանգությունն» այն ուժն է, որը նման ցուցադրական քայլերի կարիքն ունի՝ իր ընդդիմադիր լինելն ընդգծելու համար։ Եվ առհասարակ քաղաքական դաշտի համար ցավալի երեւույթ է, երբ այս կամ այն ուժը միայն արտաքին որեւէ դրսեւորմամբ է «ցուցադրում» իր՝ ընդդիմադիր կամ իշխանական ճամբարում լինել-չլինելը։
Ի՞նչ է, եթե «Բարեւ, Երեւան» խմբակցությունը մասնակցեր քաղաքապետի երդման արարողությանը, ապա ասելու էին, թե նրանք այլեւս ընդդիմադիր չե՞ն։ Ինչպիսի՜ անհեթեթություն։
Իսկ ավագանու նիստերին «Բարեւ, Երեւանը» մասնակցելո՞ւ է։ Թե՞ էլի զուգահեռ ասուլիսներ են հրավիրելու։ Դատելով նրանից, որ անցած շաբաթ խմբակցության անդամների մի մասը մասնակցել է, եւ դատելով մինչ այս հնչած հայտարարություններից, նրանք կարծես չեն պատրաստվում հետեւել ՀԱԿ-ի օրինակին եւ բոյկոտել ավագանու նիստերը։ Ասենք, եթե բոյկոտելու լինեին, թերեւս այսօրվա բացօթյա ասուլիսի օրակարգում չընդգրկեին իրենց հետագա անելիքների վերաբերյալ հարցը։
Ճիշտ է, խմբակցությունը փոքրաթիվ է, բայց հուսով ենք, որ այն կկարողանա Երեւանի ավագանիում լիարժեք դրսեւորվել որպես ընդդիմադիր, հետեւողական ուժ, կօգտվի քաղաքային իշխանության գործունեությունը լրջորեն վերահսկելու հնարավորություններից ու լծակներից, կբարձրացնի հարցեր եւ կցրի նախորդ կազմի աշխատանքի ընթացքում ակամայից ստեղծված «ադաբրյամսի» մթնոլորտը։
Խորհրդարանական ակտիվ գործունեության հարուստ փորձ ունեցող գործիչների առկայությունն այս խմբակցության կազմում, Արմեն Մարտիրոսյանի ու Անահիտ Բախշյանի գլխավորությամբ, կարծես այլ բան չի հուշում։
Այդ ամենը մի տեսակ ավելի է ընդգծում արտաքին էֆեկտների վրա շեշտը դնելուն միտված այսօրվա զուգահեռ ակցիայի քաղաքական անարդյունավետությունը։
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում