Դրա մեջ տույժը ապառքից մեծ է:
Պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան «Ատլաս- էներգո» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի 22 միլիոն 355 հազար 684 դրամ բռնագանձելու պահանջով: Նշենք, որ այդ ընկերությունը Բերդի տարածաշրջանի Այգեձոր գյուղում 2 փոքր ՀԷԿ է աշխատեցնում:
Սույն գործով դատավարությունը վարչական դատարանի Սեւանի նստավայրում մեկնարկել էր ապրիլի 25-ին: Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել Իջեւանի տարածքային հարկային տեսչության պետի գրությունն այն մասին, որ դատական հայց ներկայացնելուց հետո «Ատլաս- էներգո» ՍՊԸ-ն ավելացված արժեքի հարկի գծով վճարել է 5 միլիոն դրամ, իսկ շահութահարկի գծով՝ 2 միլիոն 400 հազար դրամ: Այդ պատճառով հայցվորը ընդհանուր առմամբ 7 միլիոն 400 հազար դրամի չափով հրաժարվել է պահանջից եւ խնդրել այդ մասով գործի վարույթը կարճել:
Դատարանը համարել է, որ ընկերությունում հարկային տեսչության ստուգման ակտը ստորագրել եւ դրա մի օրինակը ստացել է ընկերության տնօրենը, առանց դրանով արձանագրված խախտումների եւ առաջադրված պարտավորությունների վերաբերյալ առարկություններ ներկայացնելու: Ստուգման ակտը որեւէ իրավասու մարմնի կողմից անվավեր չի ճանաչվել:
Կարդացեք նաև
Մայիսի 31-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահող դատավոր՝ Հովհաննես Թորոսյան) վճռել է Իջեւանի տարածքային հարկային տեսչության հայցը մասնակիորեն բավարարել եւ «Ատլաս- էներգո» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի հանրապետության բռնագանձել 15 միլիոն 31 հազար 246 դրամ, որից ապառքը՝ 6 միլիոն 397 հազար 598 դրամ, տույժը՝ 7 միլիոն 444 հազար 816 դրամ, տուգանքը՝ 1 միլիոն 178 հազար 138 դրամ, նախապես չվճարված պետական տուրքը՝ 10 հազար 694 դրամ: Սույն դատավճիռը կարող է բողոքարկվել մեկ ամսվա ընթացքում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ