Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Սերժ Սարգսյանը փորձում է նմանվել ծաղրածու Ալիեւին»

Հունիս 10,2013 23:20

«Կարծում եմ, ճիշտ ոճ չէր Իլհամ Ալիեւի կողմից փնովել Հայաստանին, քանի որ դա երբեք չի ազդում հասարակական կարծիքի ձեւավորման վրա: Իսկ Սերժ Սարգսյանը Ալիեւին պատասխանեց ճիշտ իր մեթոդով, եւ դա այնքան էլ ճիշտ չէր»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Ազգային անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի` Ադրբեջանին ուղղված պատասխանն այսպես մեկնաբանեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նրա գնահատմամբ՝ «Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանը հեսա կործանվելու է, 2-3 տարի հետո Հայաստանում էլ մարդ չի մնալու, մարդիկ փախչելու են այդտեղից, երկիրը մեռնելու է եւ հանգիստ գնալու ենք վերցնենք: Սերժ Սարգսյանն էլ հայտարարում է, որ Ադրբեջանն է  2-3 տարի հետո քանդվելու եւ այլն, եւ այլն: Ես կարծում եմ` Ալիեւի ոճը լուրջ ազդեցություն չի առաջացնում Ադրբեջանում: Երբ Սերժ Սարգսյանն էլ պատասխանեց նույն ոճով, ես չեմ կարծում, որ դա լրջորեն կարող էր ազդել Հայաստանում հասարակական կարծիքի ձեւավորմանը: Հայ ժողովուրդը հաստատ չի համոզվի, որ Ադրբեջանը  2-3 տարի հետո փլուզվելու է: Միջազգային հանրությունում էլ մտածելու են` Սերժ Սարգսյանը փորձում է նմանվել Ալիեւին, ինչը լավ չէ նրա համար»:

Մեր հարցին` համարժե՞ք էր Սերժ Սարգսյանի պատասխանը Ալիեւի հայտարարությանը, Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տար Ալիեւին, բայց դա արդարացված կլիներ, եթե Իլհամ Ալիեւի ասածը ադեկվատ լիներ: Բայց քանի որ Իլհամ Ալիեւի ասածն էլ լուրջ չի, նման ոճով, ասենք թե հակահայկական  ատելության մթնոլորտը, որ փորձում է ձեւավորել իր երկրում, դա մեղմ ասած իր հեղինակությունը չի բարձրացնում միջազգային ատյաններում: Եվ հիմա Սերժ Սարգսյանի համարժեք պատասխանը Ալիեւին նույնպես դրական բան չի տալիս: Եթե մինչեւ այս մարդիկ ասում էին, որ Ալիեւը ինքը, ըստ էության, ծաղրածու է, մեծ հաշվով անլուրջ մարդ է, դրա համար իր հետ դժվար է լեզու գտնել, հիմա մենք փաստորեն փորձում ենք կամաց-կամաց նմանվել նրան: Իսկ ի՞նչ ենք շահելու դրանից`ոչինչ: Եթե Սերժ Սարգսյանը փորձում էր այդ ձեւով ոգեւորել հայ ժողովրդին, ապա հայ ժողովուրդը դրանով մեղմ ասած չոգեւորվեց: Հայ ժողովուրդն ապրում է իր պրոբլեմներով: Շատ լավ գիտի, թե իր պրոբլեմներն ինչումն են, բացարձակապես ինքը չի հուսադրվում, երբ ներկայացնում են, թե ինչ ապագա է Ադրբեջանին սպառնում»:

Մեր հարցին՝այսինքն Դուք գտնում եք, որ պետք էր արհամարհել եւ ոչինչ չպատասխանե՞լ, Երվանդ Բոզոյանը վստահեցրեց, որ հայկական կողմը միշտ լուրջ պատասխան է տվել ալիեւյան այդ ոճին, եւ այս անգամ էլ պետք չէր անլրջանալ իրենց պես. «Մեր պետական մակարդակով PR-ը շատ վատ է իրականացվում: Ադրբեջանը, բացի Իլհամ Ալիեւի տարածված գործողություններից, իրենք ընդհանուր աշխատում են բոլոր միջազգային ատյաններում մեր դեմ՝ դա կլինի Եվրախորհուրդը, ՄԱԿ-ը, բոլորը: Բոլոր ազդակներով իրենք աշխատում են, մինչեռ հայկական կողմը մեծ հաշվով կարելի է ասել պարալիզացված է այդ հարցով: Փոխանակ, այսպես ասած, ամպագորգոռ հայտարարություններով հանդես գար, ճիշտ կլիներ, որ հայկական կողմը խնդիր դներ իր առաջ իսկապես պետական մակարդակով PR իրականացնել նույն միջազգային ատյաններում, որպեսզի նրանք միակողմանի որոշումներ չկայացնեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930