Լոս Անջելեսի դատախազությունը Գլենդեյլում ապրող երկու հայերի դեմ մեղադրանք է ներկայացվել անտուն մարդու վրա հարձակվելու համար: Հայտնում է «Գլենդեյլ նյուզ փրես» թերթը:
23-ամյա Հովհաննես Մանվելյանը և 22-ամյա Վահան Քյուրքչյանը մեղադրվում են թափառականի վրա չորեքշաբթի օրը հարձակվելու ու նրան վնասվածքներ հասցնելու մեջ: Ըստ Լոս Անջելեսի շրջանի դատախազության մամուլի խոսնակ Ջեյն Ռոբինսոնի՝ հարձակումը կատարվել է առանց որևէ դրդապատճառի:
Մեղադրյալները պատմել են, որ անտունը անհանգստացնում էր նրանց, սակայն, ըստ Գլենդեյլի ոստիկան Թոմ Լորենցի, ոստիկանական հետաքննությունը պարզել է, որ դա ճիշտ չէ:
Առավոտյան ժամը 4:10 տուժողը կանգառում քնած է եղել և զարթնել այն պահին, երբ երկու հոգի նրա վրա մեծ քանակությամբ ջուր են լցրել, հաղորդել է Գլենդեյլի ոստիկանությունը:
Կարդացեք նաև
Կանգնելով նրանից մի քանի մետր հեռավորության վրա՝ նրանք մեծ չափսի քար են նետել վրան ու փախել:
Սակայն մի քանի րոպե անց նրանք վերադարձել են ու նորից քարեր նետել նրա վրա:
Այդ ժամանակ տուժողը զայրացել է ու վազել երիտասարդների հետևից: Այդ պային նրանք մի քանի անգամ հարվածել են նրա երեսին ու գլխին՝ գցելով գետնին սկսել են ոտքերով հարվածել:
Մանվելյանին ու Քյուրքչյանին ձերբակալել են, երբ ականատեսներից մեկը զանգել է ոստիկանություն: Թափառականը պատմել է ոստիկանությանը, որ վերջին 4 ամսվա ընթացքում այդ զույգը 10 անգամ հարձակվել է նրա վրա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ