Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանը հերքում է Սերժ Սարգսյանին եւ հաստատում Ալիեւին

Հունիս 10,2013 20:41

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս Ազգային անվտանգության խորհրդի նիստում, անդրադառնալով Ադրբեջանին, ասել էր, որ այդ երկրի իշխանությունները փոխանակ զբաղվեն սեփական պրոբլեմներով, լծվել են Հայաստանի դարդին դարման լինելու գործին: Նա վստահեցրել էր, որ 3-4 տարուց տարածաշրջանում պատկերը փոխվելու է. «Շարժվելով դասական բռնապետության կանոններով՝ այդ երկրի իշխանությունները զբաղված են միայն սեփական ժողովրդին հայկական թշնամու կերպարի հրամցմամբ, գարշահոտ պատկերացումներ տարածելով մեր մասին: Մինչդեռ հենց Ադրբեջանում դրված հասարակական-քաղաքական եւ տնտեսական ականներն են սպառնում պայթել եւ պայթել շատ արագ ու կարծես՝ միաժամանակ: Նավթի ու գազի արդյունահանման քրոնիկ անկման պայմաններում հարեւան պետության իշխանությունները շարունակում են կուտակած միջոցները այնպես ծախսել, ինչպես չէին կարող ծրագրել անգամ նրանց հակառակորդները: Մյուս կողմից գալիս են անթաքույց բռնապետության կամ բռնապետական ռեժիմի հետեւանքները: Ընդդիմախոսների բանտարկելը, ազատ մամուլի գոյության մասին գրեթե տեղյակ չլինելը, հարկադրանքը, ահռելի կոռուպցիան կրկնակի ուժգնությամբ են հիշեցվելու այս երկրում նավթադոլարների նվազմանը զուգընթաց»:

Հասկանալի էր, որ Սերժ Սարգսյանը պատասխանում էր նիստից մեկ շաբաթ առաջ Իլհամ Ալիեւի` Բաքվում արած հայտարարությանը, որ պիտի շարունակեն Հայաստանին մեկուսացված պահել բոլոր միջազգային ծրագրերից. «Մեր  այդ ռազմավարությունն արդյունավետ է: Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանը տարեկան լքում է 80-100 հազար մարդ, եւ այդ մարդիկ Հայաստանը լքում են ընդմիշտ` զրոյին հավասարեցնելով երկրի տնտեսության վերածննդի հեռանկարները»:

Այսօր Aravot.am-ը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե Սերժ Սարգսյանի պատասխանն ինչքանո՞վ էր համարժեք Ալիեւի ասածներին եւ պե՞տք էր արդյոք արձագանքել: Նա պատասխանեց. «Հասկանալի էր, որ պատասխան պետք է լիներ, որովհետեւ նման կարգի հայտարարությունները, որ արել էր Ալիեւը` Հայաստանում իրավիճակի հետ կապված,չպատասխանելը սխալ էր: Նա ասել էր, թե դեմոգրաֆիական լուրջ խնդիր կա Հայաստանում, մենք լուրջ խնդիրների առաջ ենք, իսկ այդ հայտարարություններին պետք էր պատասխանել: Ցավոք սրտի այդ հայտարարությունները համարժեք չեն կարող լինել, որովհետեւ պարզ է, որ Սդրբեջանում ծնելիությունը բարձր է, տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշներն են: Բացի դրանից Ադրբեջանը շարունակում է օգտվել էներգակիրներից, ռեսուրսներ ունեն»:

Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ Կարեն Դեմիրճյանը իրեն պատմել է, թե ինչպես է Ադրբեջանը նախկինում ամեն կերպ ջանացել թաքցնել իր էներգակիրները, իրական ինֆորմացիան թաքցրել է Մոսկվայից`ապագայի համար. «Ադրբեջանում իսկապես կան մեծ պաշարներ, եւ այդ պաշարները դեռ երկար ժամանակ իրենց առավելություն են տալու հարեւանների նկատմամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930