Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան.«Սուրեն Խաչատրյանը, չլինելով մարզպետ, շարունակում է դե ֆակտո մնալ Սյունիքի ավազակապետ»

Հունիս 10,2013 19:57

Նա վստահեցնում է, որ Գորիսի դեպքերից հետո էլ Սուրեն Խաչատրյանը չի հրաժարվել Քաղաքագետների միության շենքը վերցնելու մտքից:

Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցները ինչքանո՞վ կնպաստի Ձեր դեմ հարուցված քրգործին, որ դատարանում հարցը լուծվի հօգուտ Ձեզ: Այսօր Aravot.am-ի այս հարցին Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց, որ առայժմ դատը խայտառակ ընթացք ունի, դատավորը հաշվի չի առնում իր ներկայացրած իրեղեն ապացույցները:

Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանն արդեն մոտ մեկ տարի է` առճակատումների մեջ է Սուրեն Խաչատրյանի եւ նրա համագյուղացի Սենիկ Ջուլհակյանի հետ եւ ընկել է դատարանների դռները: Նրա դեմ 3 քրգործ կա:

Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով. «Միանշանակ Սուրեն Խաչատրյանը Սենիկ Ջուլհակյանի հովանավորն է եւ ոչ միայն հովանավորը: Սենիկ Ջուլհակյանն իր սեփական միջոցները չունի: Դրա ապացույցն այն է, որ հիմա դատարանում մեկ այլ գործով լսվում է Սենիկ Ջուլհակյանի հարցը: Նա չի վճարել մի կանխավճար, որը պարտավոր էր վճարել Հայ համայնքների միության ֆորումի նախագահին: Նա խուսափել է վճարել  10 հազար եվրո կանխավճար: Նա պատճառաբանել է, որ այդ գումարը չունի: Եվ այդ մարդը Երեւանի կենտրոնում գնում է երկու հարկանի այդ տարածքը: Նա եթե փող չուներ, գրասենյակ չուներ, ոչինչ չուներ, բա այդ ի՞նչ փողերով գնեց այդ տարածքը, ո՞ւմ փողերն է դա: Սուրեն Խաչատրյանի փողերն է: Նա Սուրեն Խաչատրյանի փողերը լվացողն է: Իրականում այդ տարածքը գնել է Սուրեն Խաչատրյանը: Իրականում նա ցանկանում էր այդ տարածքը զավթել ամեն գնով»:

Մեր դիտարկմանը, որ հիմա այլեւս մարզպետ չէ Սուրեն Խաչատրյանը, դա ոչինչ չի՞ փոխում` նա պատասխանեց. «Սուրեն Խաչատրյանը, չլինելով մարզպետ, զրկվելով այդ պաշտոնից, շարունակում է դե ֆակտո մնալ Սյունքի ավազակապետ: Այսինքն շարունակում է պահպանել իր ոչ ֆորմալ իշխանությունը Սյունիքում իր այն բանդայի միջոցով, որը ստեղծել է: Այդ մարդիկ զինված են: Ճիշտ է, զենքերի մի մասն առգրավվել է, բայց իր բազմաթիվ կողմնակիցների մոտ զենքերի մի մասը դեռ կլինի: Նա մեծ հաշվով չի կուլակաթափվել, այսինքն չի ազգայնացվել այն, ինչ թալանվել է ժողովրդից: Ինքը պահպանում է դա, ուրեմն նա կկաշառի ե’ւ դատավորներին, ե’ւ դատախազներին, ե’ւ քննիչներին, ինչի՞ մասին է խոսքը»:

Խոսելով դատական գործի ընթացքից` Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ հունիսի 21-ին Քաղաքագետների միության դռան մոտ պետք է չափումներ կատարվեն դատարանի ներկայացուցչի մասնակցությամբ, որպեսզի պարզեն, թե ինչ է տեղի ունեցել իրականում. «Տեսանյութը տեղադրված է մի շարք կայքերում: Այդ տեսանյութով կարող էին հաստատել իմ անմեղությունը, որովհետեւ ես եմ իրականում տուժողը: Խոչընդոտել են իմ` պատգամավորի թեկնածուիս անկաշկանդ մասնակցությունը ընտրարշավին: Մինչդեռ տուժող է ներկայանում Սենիկ Ջուլհակյանը: Կադրերից շատ պարզ երեւում է, որ ես իր մատը չեմ վնասել: Հնարավոր է դուռը ներսից փակելով իր մատը վնասվել է, բայց դա եղել է ոչ իմ մեղքով, այլ իր անզգուշության պատճառով»:
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/102410057″ iframe=”true” /]

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930