Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի կնճռոտ կողմերը. ո՞ւմ և ինչի՞ համար են ծառայելու հարկային արտոնությունները

Հունիս 10,2013 18:37

Այսօր ԱԺ-ում քննարկվեցին «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացմանը վերաբերող խնդրահարույց հարցեր:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրեց, որ շուրջ 550 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ են նախատեսվում: Նրա համոզմամբ՝ ծրագիրը շահույթ չի հետապնդում: Պատգամավորների մեծամասնությանը մտահոգում էր հատկապես այն, որ ծրագրի իրականացման համար  նախատեսվում է ներդրողներին տրամադրել հարկային և մաքսային արտոնություններ: Կասկած կա, որ հարկային արտոնությունները ծրագիրն իրականացնողների կողմից կօգտագործվեն այլ նպատակների իրագործման, բիզնես նպատակների համար: Օրինակ մտահոգություն է առաջացնում այն, որ եթե ներդրողներն իրենց շահույթը ներդնեն դպրոցի զարգացմանը, ապա կազատվեն շահութահարկից:

Ինչպես նշեց Ս. Կարայանը, գույքահարկի և հողի հարկի ձևով առավելություններ չեն նախատեսվում: ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը հետաքրքրվեց՝ ո՞ր գերատեսչությունն է վերահսկողություն սահմանելու, ի՞նչ աշխատատեղերի ստեղծման մասին է խոսքը: Զեկուցողը պատասխանեց. «Ծրագիրը կներկայացվի ՀՀ կառավարությանը, և դրա հաստատումից հետո կառավարության որոշմամբ կսահմանվեն այն գերատեսչությունները, որոնք կվերահսկեն: Դա կլինի կամ էկոնոմիկայի, կամ տարածքային կառավարության նախարարությունը: Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա Դիլիջանում ծրագրի իրականացման արդյունքում 2000-3000 աշխատատեղեր կստեղծվեն»:

Ս. Կարայանը տեղեկացրեց, որ նախնական տվյալներով՝ տարեկան 600 երեխա է շահառու լինելու, ընդունելության հարցում շեշտադրումը հատկապես դնելու են ունակությունների վրա:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ մտահոգություններ հնչեցրեց, թե ինչո՞ւ մինչև հիմա ծրագրի իրականացման հայեցակարգ չի ներկայացվել, արդյոք ծրագրի իրականացման ժամանակ պահպանվելո՞ւ են այն պայմաններն ու քննադատությունը, որն ամրագրվել է ՀՀ լեզվի մասին օրենքում, կամ ովքե՞ր են ծրագիրն իրականացնող կազմակերպությունները: Ս. Կարայանը պատասխանեց. «Երբ կառավարությանը առավել մանրամասն ներկայացվի ծրագիրը, հայեցակարգը կհրապարակվի և մատչելի կլինի բոլորի համար: Կազմակերպությունները հայտնի են, դրանք չորսն են»: Ա. Մինասյանը նաև մտահոգություն հայտնեց, թե չստացվի այնպես, որ մեր երեխաների համար հնարավորություն ենք ստեղծում լավ կրթություն ստանալ, բայց չունենք այն մեխանիզմները, որ այդ գիտելիքները նրանք ծառայեցնեն Հայաստանի համար:

Ս. Կարայանը ի պատասխան հարցերի՝ նշեց, որ ամենակոպիտ հաշվարկով 20  միլիոն դոլարի հարկային արտոնություն է տրամադրվելու այդ կազմակերպություններին:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն էլ հետաքրքրվեց՝ կոնկրետ մեկ տարվա կտրվածքով որքա՞ն է լինելու հարկային առավելությունը, կա՞ արդյոք ներդրողների կոնկրետ ցուցակ և ինչո՞ւ մեր պետությունը չպիտի բաժնեմաս ստանար դպրոցի սեփականության մեջ: Նա նշեց. «Կոնկրետ ներդրողների համար ուզում եք կոնկրետ պայմաններ ստեղծել: Այստեղ կոռուպցիոն ռիսկեր են առաջանում»: Ի պատասխան Կարայանը նշեց. «Ներդրողների ցուցակն այս պահին չեմ կարող տրամադրել, քանի որ դրանց թիվը աճում է: Պետությունը բաժնեմաս ունենալու հարցն առանձին քննարկման թեմա է: Եթե կան ներդրողներ ու մարդիկ, որ ՀՀ-ում նման չափի ներդրումներ են պատրաստ իրականացնել, ապա կառավարությունն էլ պատրաստ է հարկային արտոնությունների ձևով արտոնություններ տալ, առանց բաժնեմասի պահանջի»: Լ. Զուրաբյանին պատասխանը չբավարարեց՝ նա նշեց, թե տպավորությունն այնպիսին է, որբ Ս. Կարայանը իրենց հարցերը չի լսում: Ա. Մինասյանն էլ այս ծրագրի հարցում յուրատեսակ նմանություն է տեսնում. «Այս ծրագրի ու կազինոների միջև նմանություն չե՞ք տեսնում. երկուսն էլ 40 միլիարդ արժողությամբ, երկուսի դեպքում էլ ներդրումների պայմաններում արտոնություններ»:ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն էլ այս կապակցությամբ ասաց հետևյալը. «Սա, իհարկե, լավ համընկնում չէ: Ասել ենք, լավ կլիներ լիներ ծրագրի ժամանակացույց: Քննարկվել է նաև այն հարցը, որ եթե ծրագիրը չկայանա, ի՞նչ է լինելու, արդյոք սեփականատերերը իրավունք ունե՞ն ծրագիրը վերածել այլ բիզնեսի»: ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ մտահոգվեց, թե իմանանք՝ ինչ ենք տալիս, ոչ թե օդում տանք ու հավելեց. «Թե չէ կոնկրետ թվեր ենք ասում, կոնկրետ արտոնություններ տալիս, բայց արդյունքում որևէ կոնկրետ հայեցակարգ, ծրագիր չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930