Անկարայում ոստիկանությունը բողոքի ցույցերը ցրելու համար կիրառել է ջրցան մեքենաներ
Թուրքիայի մայրաքաղաքում երկուշաբթի օրը շարունակվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև:
Անկարայում ոստիկանությունը բողոքի ցույցերը ցրելու համար կիրառել է ջրցան մեքենաներ, ինչին ի պատասխան ցուցարարները ոստիկանության ծառայողների ուղղությամբ քարեր են նետել:
Թուրքիայում բողոքի ալիքը չի դադարում արդեն 11 օր:
Կարդացեք նաև
Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցարարներին նախօրեին նորից «թալանողներ» է անվանել և հորդորել իր աջակիցներին եկող տարվա տեղական ընտրությունների ժամանակ «լավ դաս տալ ցուցարարներին»։
Նման հայտարարությամբ Էրդողանը հանդես է եկել Ադանայում, որտեղ բախվել էին հակակառավարական ու կառավարությանն աջակից ցուցարարները։
Թուրքիայի ոստիկանությունը նախօրեին կրկին արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել՝ Անկարայում ու Ստամբուլում հակակառավարական ցույցերը ցրելու նպատակով։
Ստամբուլում հազարավոր ցուցարարներ շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել կենտրոնական Թաքշիմի հրապարակը, վանկարկելով վարչապետ Էրդողանի հրաժարականը պահանջող կոչեր։
Ստամբուլի զբոսայգիներից մեկը ոչնչացնելու Թուրքիայի կառավարության ծրագրերի դեմ չդադարող բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է երեք, վնասվածքներ ստացել՝ ցույցերի հազարավոր մասնակիցներ:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»