«Կարող եք ամուր բանկային համակարգ ունենալ, որը թույլ չի տա ռիսկի ներթափանցում, բայց դրա արդյունքում կորցնում եք տնտեսությունը»,-Ազգային ժողովում 2013 թվականի դրամավարկային ծրագրի քննարկման ժամանակ այսօր ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ըստ պատգամավորի՝ կառավարությունն ու Կենտրոնական բանկը պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում երկրի տնտեսությունում: Պատգամավորը նշեց, որ խոսում են կայուն բանկային համակարգի մասին, «տանկն էլ է ամուր զրահատեխնիկա, բայց տանկով չես կարող վար անել բոստանում»:
ՀՅԴ պատգամավորի խոսքով՝ երբ երկու համակարգեր փորձում են իրար հետ ինտեգրել և այդ համակարգերը չունեն նույն մակարդակը, դրանք անհամատեղելի են:
Բանկային համակարգն, ըստ Մինասյանի, «խեղդել» է ֆինանսական համակարգի մյուս ճյուղերը, արդյունքում չունենք կապիտալի, ապահովագրական շուկաներ:
Կարդացեք նաև
Անդրադառնալով գնաճի զսպման քաղաքականությանը՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց հաշվարկով՝ մոտ 2 տոկոս գնաճային ճնշման կբերի գազի գնի, 1.8-2 տոկոս էլ՝ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը: «Ի՞նչ է անում կառավարությունը՝ որպես հարկաբյուջետային քաղաքականության օրգան, որը պետք է ապահովի տնտեսության համընթաց զարգացումը: Կառավարությունն ասում է, որ՝ ես համաձայն եմ Կենտրոնական բանկի հետ: Իսկ ի՞նչ է անում Կենտրոնական բանկը՝ վերցնում է, կրճատում փողի քանակը, ասում է՝ մարդկանց ձեռքը թող փող չլինի, որ գնաճ չլինի»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ