Հայաստանի Հանրապետության 201 փաստաբան այսօր՝ ժ.12-15-ը, «Կոնգրես» հյուրանոցում իր գործադուլն անցկացրեց «կլոր սեղանով»:
Նրանց չէին միացել պալատի վերնախավը, պալատի նախագահ Ռուբեն Սահակյանով եւ տեղակալ Արա Զոհրաբյանով: Ի դեպ, պատասխանելով Panorama.am-ի թղթակից Հասմիկ Համբարձումյանի հարցին, թե ինչու չկան նրանք, Հայկ Ալումյանն ասաց, որ տարաձայնությունը այն է՝ ինչպիսի եղանակով հասնել խնդրի բարձրացմանը, անարդության դեմ պայքարին:
Իսկ Ազգային ժողովից էլ մեկ պատգամավոր կար՝ հայտնի փաստաբան Զարուհի Փոստանջյանը:
Փաստաբանները բողոքում էին ՀՀ վճռաբեկ դատարանի դեմ, գտնելով , որ բարձրագույն ատյանի կողմից չհիմնավորված են վերադարձվում բողոքները:
Կարդացեք նաև
Փաստաբաններից ոմանք գտնում էին, որ վճռաբեկ ատյանի տաքությունը բարձրացել է , եւ որ օրենսդրական կարգավորումներ պիտի լինեն այս կապակցությամբ: ՀՀ փաստաբանների պալատի անդամ, նախաձեռնող խմբի անդամ Հայկ Ալումյանի կարծիքով, որքան շատ են վատ դատական ակտերը՝ իրենց հնարավորություն կտան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաղթելու:
Իր ելույթում ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը ասաց, որ դատական համակարգում շարունակվում են կիրառվել երկակի չափանիշներ՝ դատական ատյանների կողմից կայացվող դատական ակտերը հաճախ հակասում են մեկը մյուսին, իսկ դրանց դեմ բերված վճռաբեկ բողոքները կրկին, առանց պատճառաբանության կամ «շաբլոնային», «ոչինչ չասող պատճառաբանությամբ» վերադարձվում են. «Արդյունքում, նույնանման փաստական հանգամանքների առկայությամբ, տարբեր գործերով ընդունվում են միմյանց հակասող դատական ակտեր, ինչը խարխլում է իրավական պետության հիմքում դրված իրավական որոշակիության սկզբունքը»:
Լիպարիտ Սիմոնյանը կրկին հայտնեց, որ այսօր, վաղը չեն մասնակցելու դատական նիստերի, եւ նպատակն էլ մեկն է՝ իշխանության բոլոր ճյուղերի եւ քաղաքացիական հասարակության ուշադրությունը հրավիրել ՀՀ վճռաբեկ դատարանի անընդունելի գործելակերպի վրա:
Փաստաբան Արթուր Գրիգորյանը խոսեց կոնկրետ օրինակով: Նա «Էկո Դար» հասարակական կազմակերպության հարցով՝ Վճռաբեկ դատարանի վերադարձված գործով շահել է Ժնեւում:
Օրհուսի կոմիտեն արձանագրել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը ձախողել է դատարան դիմելու բնապահպանական կազմակերպության իրավունքը: Իսկ Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ ունեն երկու դատական ակտ.մի դեպքում ՀՀ Վճռաբեկ դատարանը կայացրել է նախադեպային որոշում, որ բնապահպանական կազմակերպությունն իրավունք ունի դիմել դատարան, մի այլ ակտով էլ՝ հակառակ որոշում է կայացրել:
Նման դատական ակտերը, փաստաբան Արթուր Գրիգորյանի կարծիքով, խարխլում են իրավակարգի անվտանգությունը: Փաստաբան Աշոտ Սաֆարյանի կարծիքով, արդարադատության պակասից են լքում երկիրը: «Դրանք «բռակ» հայեր չեն, դրանք մարդիկ են, ովքեր պակաս չեն սիրել հայրենիքը, սակայն դատական համակարգի հետ գործ ունենալով, կորցրել են իրենց վերջին հույսը:
Փաստաբան Գեւորգ Դավթյանը գտնում էր, որ բոլոր գործերը հանգուցալուծվում են Վճռաբեկ դատարանում, դրա համար էլ իրենց բողոքը բարձրագույն ատյանի դեմ է:
Ի դեպ, դատական դեպարտամենտի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը հայտնեց, որ 2008թ.-ին 1 դատավոր է պատժվել, իսկ 2012-ին՝ 22 դատավոր: Իսկ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արսեն Բաբայանն էլ նկատեց, որ փաստաբաններ կան, որոնք իրենց գործունեությամբ ստվեր են գցում արդարադատության վրա: Նա ասաց, որ կա 20 դատական ակտ, համաձայն որի՝ փաստաբանները վերցրել են գումարներ իբրեւ դատավորներին տալու, իրենց օգտին դատական ակտ կայացնելու նպատակով: Նա նաեւ հայտնեց, որ միայն 2012-ին Վճռաբեկը ստացել է 4200 բողոք /իսկ թե որքանն է ընդունվել վարույթ, փաստաբանների համար կանխատեսելի չի եղել/:
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչն ասաց, որ Վճռաբեկի դեմ պաշտպանի 3 բողոքներով կարգապահական վարույթ է հարուցվել դատավորների նկատմամբ՝ արդարադատության նախարարի հրամաններով:
Հայկ Ալումյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչ է սպասվում վաղը՝ քայլե՞րթ, հացադո՞ւլ, բանաձե՞ւի ընդունում, հայտնեց, որ իրենք որոշել էին քայլերթ, ապա Վճռաբեկ դատարանից տուժածի կոթողի բացում, սակայն հրաժարվել են, եւ վաղը պարզապես դատարաններ չեն գնա:
Գործադուլը շարունակվում է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ