Հայաստանը վերականգնող էներգետիկայի ոլորտում ամենահարմար եւ շահավետ ռեգիոններից է եւ այս ոլորտն ամենահեռանկարայինն է: Այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեցին «Մաքուր էներգիա» կազմակերպության փոխնախագահ Հայկ Խաչատրյանը եւ վերականգնվող էներգիայի փորձագետ Հայկ Շեկոյանը:
Պարոն Խաչատրյանի ներկայացմամբ, արեւային էներգիա ստանալու Հայաստանի ներուժը 2 անգամ ավելի է, քան Եվրոպայինը, սակայն զարմանալի է, որ Եվրոպայի նույնիսկ հյուսիսային շրջաններում ավելի շատ են օգտագործում արեւային էներգիան, քան Հայաստանը: Պարոն Խաչատրյանի խոսքերով` «Հայաստանում արեւից եկող էներգիան 1 քմ տարածքի վրա 1700 վատ է, 80% միջին լուսավորվածություն ունենք, իսկ Եվրոպայում` 60% է, այսինքն` Եվրոպայում միջին գծերում 1 քմ-ի վրա 1000 վատ է արեւից եկող էներգիան»:
Իսկ Հայկ Շեկոյանի վստահեցմամբ էլ, Հայաստանում տարածքներ կան, որ արեւային էներգիան 1քմ-ի վրա մոտ 2400 վատ է, եւ լավ կլինի մեր այդ ներուժն օգտագործվի. «Գազի թանկացումը պետք է լինի ազդակ մեր բնակչության եւ տնտեսվարողների համար, որ կան հնարավորություններ՝ էներգիա խնայելու եւ օգտագործել արեւային էներգիան. Սա ամենաարագ հետգնումն է ապահովում: Արեւային ջրատաքացման տեխնոլոգիաներն, օրինակ`համեմատաբար ավելի պարզ են եւ օգտակար գործողության գործակիցն էլ ավելի բարձր է»:
Aravot.am-ի այն դիտարկմանը, էներգետիկայի նախարարությունից վստահեցնում են, որ թե հողմային եւ թե արեւային էներգետիկան մասսայական կիրառման համար թանկ է արժենում՝ «Հայէլցանցին» գնելու եւ բնակչությանը բաշխելու համար, «Մաքուր էներգիայի» փոխնախագահն ասաց. «Երբ ասում են մատչելի չէ, կամ թանկ է, ի՞նչ նկատի ունեն, այսինքն, եթե ասենք մեզ համար ածուխ կամ նավթ վառելն ավելի է էժան է ու օդը կեղտոտելն ավելի էժան է, ուրեմն ճիշտ են: Բայց եթե մթնոլորտն եք կեղտոտում ու 20 տարի հետո խնդրի առաջ կանգնում, ես չգիտեմ՝ դրա թանկն ու էժանը որն է: Ամբողջական ծախսը պետք է հաշվի առնվի, եւ ոչ թե այսօրվա մասին է խոսքը: Կարճաժամկետ առումով, ավելի թանկ է հողմային էներգիան, բայց արեւայինը, չէի ասի, որ շատ թանկ է»:
Կարդացեք նաև
Հայկ Շեկոյանն էլ մեր դիտարկմանն այսպես արձագանքեց. «Այսօր Հայաստանը կարող է իր ծախսվող էներգիայի մոտ 30%-ը արեւայինի հաշվին ստանալ, այսինքն, եթե մենք, մասսայականացվի եւ կարողանանք անիմաստ էներգիա չծախսել, կարող ենք այսօր գազի թանկացման հարցը գործնականում լուծել, պետք է փորձենք պրագմատիկ ձեւով մեր խնդիրներն ինքներս լուծել»:
Բանախոսները նաեւ վստահեցրին, որ շատ կարճ ժամանակ անց, արդեն զանգվածաբար կիրառելի կլինեն արեւային ջրատաքացուցիչները, դրանք հիմնականում հարմար է տեղադրել առանձնատների տանիքներին կամ այլ հարմար վայրերում, իսկ բազմաբնակարան շենքերում բնակվողների համար վերեւի հարկերին է հարմար, չի բացառվում նաեւ,որ նույնիսկ ցածր հարկերի բնակիչների համար էլ լուծումներ գտնվեն:
Ինչ վերաբերում է շահավետությանը եւ թե որքան կարժենա ջրատաքացուցիչի համար ծախվող էներգիան, ապա բանախոսները վստահեցրին, որ կրկին շահավետ է, քանի որ մոտ 300 հազար դրամանոց սարքը մեկ անգամ տեղադրելով, այն նույնիսկ 20 տարուց ավելի կարող է ծառայել:
Ինչ վերաբերում է հողմային էներգիային, ապա բանախոսների վստահեցմամբ` քամուց էներգիա ստանալու Հայաստանի պոտենցիալը 10 անգամ ավելին է, քան ատոմակայանինը, սակայն հողմային էներգիա ստանալու տեխնոլոգիաներն են բարդ ու թանկ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ