Հունիսի 8-9-ը Աղվերանում տեղի ունեցավ երկօրյա սեմինար, որի ընթացքում քննարկվեցին առցանց լրատվության մարտահրավերները և առցանց լրատվության ինքնակարգավորման զարգացման հեռանկարները: Միջոցառման կազմակերպիչներն էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) հասարակական կազմակերպությունը: Մասնակցում էին շուրջ 17 հայաստանյան առաջատար առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչներ, տեղեկատվության ոլորտի իրավաբաններ և փորձագետներ:
Սեմինարի մասնակիցները քննարկեցին հարցեր՝ կապված առցանց լրատվամիջոցներին առնչվող օրենսդրական դաշտի, ինչպես նաև՝ հեղինակային իրավունքի պաշտպանության, առցանց զրպարտության և լրատվական էթիկայի հետ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը իր խոսքում նշեց, որ նման միջոցառման կազմակերպումը ցույց տվեց, որ Հայաստանում արդեն հստակ ջանքեր են գործադրվում՝ հիմնելու առցանց լրատվության ինքնակարգավորման մեխանիզմներ, որոնք կնպաստեն լրատվամիջոցների ազատությանը և կխթանեն արհեստավարժ և էթիկայի կանոններին համապատասխան լրատվությունը. «Ես այս սեմինարը դիտում եմ որպես կարևոր քայլ՝ երկրում բազմակարծիք, արդար և հաշվետու առցանց լրատվական միջավայր կառուցելու երկարատև գործընթացում»,- ասաց նա:
Առցանց լրատվամիջոցների հետ կապված, իրավական կարգավորման խնդիրները բազմազան են, դրանցից ակներեւը եւ առավել մտահոգիչը, հատկապես, հեղինակային իրավունքի պաշտպանության հարցն է. «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքի մասին» օրենքը թերի է եւ չի կարգավորում հատկապես մեդիադաշտում առկա խնդիրները: Քննարկմանը ներկա ե՛ւ ավանդական, ե՛ւ առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչները դժգոհում էին տիրող իրավիճակից, բոլորն էլ համակարծիք էին՝ «բարեխիղճ» աշխատող լրատվամիջոցի մեծ ջանքերի գնով ձեռք բերված տեղեկատվությունը դառնում է բազմաթիվ «ջեբկիր» լրատվամիջոցների «սեփական արտադրանք», ինչը մեդիադաշտում անարդարացի մրցակցային պայմաններ է ստեղծում, եւ որքան էլ լրատվամիջոցներից շատերը փորձում են ինքնակարգավորմամբ հարցի լուծումը տալ, օրենսդրական բացերը լրացնելու անհրաժեշտություն նույնպես զգացվում է՝ սեփական արտադրանքը իրավականորեն պաշտպանելու համար: Հատկանշական է, որ ներկաները քննարկեցին վերը նշված օրենքում առաջարկվող լրացումները եւ առաջարկեցին նաեւ խնդրի լուծման սեփական տարբերակները:
Ամփոփելով սեմինարի արդյունքները՝ ԼՀԱ-ի նախագահ Սուրեն Դեհերյանն ասաց. «ԼՀԱ-ի կողմից ձևավորած աշխատանքային խումբը կուսումնասիրի միջոցառման ընթացքում մասնակիցների կողմից բարձրացված խնդիրները և հանդես կգա առաջարկությունների փաթեթով»: Ըստ Սուրեն Դեհերյանի՝ երկօրյա սեմինարը «Աջակցություն առցանց ԶԼՄ-ների ինքնակարգավորման ամրապնդմանը» ծրագրի մաս է կազմում: Նախատեսվում է նաև հրատարակել ուսումնական ուղեցույց, որն իր մեջ կպարունակի լրատվական կայքի գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական, իրավական և այլ մասնագիտական խորհրդատվական տեղեկատվություն:
«Բայց մինչ այդ, մենք նախատեսում ենք կազմակերպել ընդլայնված համաժողով, որին կհրավիրենք այս խնդրով մտահոգ կամ այլ նախաձեռնություններով հանդես եկող բոլոր շահագրգիռ կողմերին: Կարծում եմ` դա կնպաստի գործողությունների էլ ավելի արդյունավետ իրականացմանը, իսկ տվյալ բնագավառում լրագրության համայնքի կողմից խնդիրների վերացման ընդունելի տարբերակների մշակմանը», – ասաց նա:
Ավելացնենք՝ ԼՀԱ-ն, նպատակ ունենալով խրախուսել և աջակցել Հայաստանում տեղեկատվության բազմազանությանը և այլընտրանքային տեղեկատվության տարածմանը, իր գործունեության հինգ տարիների ընթացքում մշտապես հանդես է եկել առցանց ԶԼՄ-ների զարգացմանը միտված նախաձեռնություններով` իրականացնելով սեմինարներ, համաժողովներ, մշտադիտարկում, հրապարակել է թեմատիկ նյութեր և գործարկել է այլընտրանքային տեղեկատվական փորձարարական կայքեր: 2012 թ-ի գարնանը ԼՀԱ-ն լրագրողներին ներկայացրեց «Առցանց լրագրողի վարքականոն»-ի նախնական օրինակ, որը մշակվել էր ԼՀԱ փորձագետների կողմից` միջազգային համանման վարքականոնների ուսումնասիրության հիման վրա:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ JNews.am-ի