Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական հասարակության որոշակի խավեր հաղթահարեցին վախը պետության նկատմամբ». Ռ. Սաֆրաստյան

Հունիս 10,2013 15:33

«Թուրքիայի հասարակությունը դաս տվեց իշխանություններին, հասկացնելով, որ իշխող կուսակցությունը հաշվի պետք է նստի հասարակական կարծիքի հետ»,-այս մասին այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ բանախոսի` սա աննախադեպ երևույթ է Թուրքիայի Հանրապետության մեջ: Պետությունը կիրառեց իր ձեռքում գտնվող բոլոր ուժերը խաղաղ ցուցարարների դեմ, բացառությամբ բանակի. «Ցանկացած կուսակցություն, որն իշխանության կգա, ստիպված է լինելու լսել հասարակության ձայնը, ինչը չկար նախկինում: Հասարակությունը բացատրեց, որ թեև իրենք հաղթել են ընտրություններին, բայց պետք է հաշվի նստեն հասարակության կարծիքի հետ: Թուրքական հասարակության որոշակի խավեր հաղթահարեցին վախը պետության նկատմամբ»:

Սաֆրաստյանի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնալով կորցնում է իր վստահությունը հասարակության շրջանում և գաղտնիք չէ, որ 2014 թվականին, Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին, վերջինս ցանկություն ունի սահմանադրական փոփոխություններ կատարել և մեծացնել նախագահի լիազորությունները` դառնալով նախագահ. «Կարծում եմ, որ Թուրքիայում քաղաքական դաշտը կմտնի մի նոր փուլ և քաղաքական զարգացումները կունենան հեռու գնացող գործողություններ: Այսօր Էրդողանը չի կարողանում հանդես գալ որպես գործիչ ամբողջ Թուրքիայի համար և նրա արտահայտությունները, էլ ավելի են ուժեղացնում անջրպետը Թուքիայի հասարակության միջև և բորբոքում շարժման մասնակիցներին` շահեկան վիճակում դնելով երկրի ներկայիս նախագահ Աբդուլա Գյուլին»,-ընդգծեց Սաֆրաստյանը:

Նա բացառեց այն դիտարկումը, թե ապստամբությունները ղեկավարվում են արտաքին ուժերի կողմից: «Սա այն դեպքն է, որ իմաստ չունի ետևում կանգնած ուժեր փնտրել: Սա այն դեպքն է, երբ մի փոքր ակցիայի նկատմամբ իշխանությունների ոչ հավասար ուժ կիրառելու պարագայում, իշխանությունն արժանացավ ժողովրդի ցասմանը. հավաքվեցին մարդիկ, ովքեր վրդովված էին իշխանությունների դեմ»,- ասաց նա:

Վերջինս նշեց նաև, որ առայժմ որևէ վտանգ չկա հայ համայնքների համար, սակայն անտեսել չենք կարող. «Մինչ օրս նման վտանգ չի եղել: Հաշվի առնելով պատմության դառը փորձը՝ նմանատիպ երևույթները Թուրքիայում միշտ ավարտվել են ազգային ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ճնշումներով:Մենք չպետք է այդ վտանգն անտեսենք»,- ասաց նա:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930