28-ամյա Գառնիկ Կարապետյանը տարված է լուսանկարչությամբ, սակայն սա նրա միակ զբաղմունքը չէ. «Լուսանկարելուց բացի՝ ազատ ժամանակ նաև կիթառ եմ նվագում ու երգում, իհարկե ինքս ինձ համար կամ էլ շատ մտերիմների, ժամանակ առ ժամանակ էլ կավով ինչ-որ բաներ եմ սարքում», – ասում է նա: Այս տարի ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսական կրթություն օպերատրության բաժնում: Սովորելու տարիներին լուսանկարչական հմտությունները նրան շատ են օգնել. «Օպերատրության բաժնում 2 տարի լուսանկարչություն են անցնում, հետո միայն օպերատրություն, կարելի է ասել լուսանկարչությունը օպերատրության հիմքն է», – նշում է նա ու պատմում, թե ինչպես առաջացավ սերը դեպի ֆոտոխցիկը. «Լուսանկարել սովորել եմ 6 տարեկանից, հայրս է սովորեցրել, նա էլ էր լուսնկարում, բայց սիրողական: Տարիներ անց, արդեն 14 տարեկանում, երբ տեսա մեր հարևանի նկարները, ինքս էլ ցանկացա լրջորեն զբաղվել լուսանկարչությամբ ու սկսեցի քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»: Աստիճանաբար ավելի ու ավելի հաջողված էին լինում Գառնիկի լուսանկարները, դա էին փաստում նաև այն մարդիկ, ովքեր նրա լուսանկարների սիրահարներն էին դարձել: Ժամանակին Գառնիկն ուներ իր անհատական կայքը, որտեղ էլ և տեղադրվում էին լուսանկարներն ու արժանանում կարծիքների, սակայն որոշ ժամանակ առաջ այն փակվեց, թեև ինպես նա է նշում՝ մտադիր է վերականգնել նորից: Գառնիկը նկարում է ցանկացած ոճում, բայց նրա խոսքով, ավելի հոգեհարազատ են դիմանկարներն ու եկեղեցիները. «Դիմանկարը նրա համար, որ մարդկանց դժվար է նկարել ու պետք է կարողանալ բոլոր էմոցիաները փոխանցել լուսանկարի միջոցով, – ասում է նա, – իսկ եկեղեցիներն էլ որովհետև դա արդեն հոգու կանչ է, քանզի ինքս Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալ եմ, և դա հոգեհարազատ է ինձ»: Ժամանակ առ ժամանակ հիասթափություններ էլ են լինում, և դա Գառնիկն անվանում է «ստեղծագործական դադար», բայց ինպես ասում է՝ երկար չի տևում:
Գառնիկն արդեն լուսանկարներով նկարված երկու ֆիլմ ունի, երկուսն էլ Երևանի մասին. «Առաջին ֆիլմս Երևանի մեկ օրվա մասին է, և այն մասին, թե կյանքն ինչ արագ է անցնում, ու մենք դա չենք նկատում, – ասում է նա, – նկարելու ընթացքում 40.000-ից ավել կադր եմ արել, բայց մոնտաժից հետո մնացել էր 11.430 լուսանկար»: Երկրորդ ֆիլմի մասին Գառնիկը շատ չխոսեց, միայն ասաց, որ այն ուղղակի պետք է դիտել և վերջ: Երկու ֆիլմերի թեման էլ ինքն է ընտրել, ասում է՝ Երևանը շատ է սիրում, ու չնայած այն փաստին, որ նա հենաշարժողական խնդիրներ ունի ու բազմաթիվ դժվարությունների է հանդիպում քաղաքում՝ չի հիասթափվում. «Խնդիրներն ամեն քայլափոխի կան՝ սկսած թեքահարթակներից, որոնք չկան, կամ էլ եթե կան՝ ձևական բնույթ են կրում, – նշում է նա, – բայց անկախ այդ ամենից քաղաքը կապ չունի կառավարության հետ, ու դա ինձ ամենևին չի հիասթափեցնում»: Ավելին, Գառնիկի խոսքով՝ երրորդ ֆիլմը նկարելու մտադրություն ևս կա, ու չի բացառվում, որ դա նույնպես լինի Երևանի մասին:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում Գառնիկի «Night Yerevan» ֆիլմը, որը նրա երկրորդ ֆիլմն է, և նկարահանվել է 30.000 լուսանկարներով.
Կարդացեք նաև
Տիգրանուհի Թասլակյան
շնորհավորհում եմ թե մագիստրոսի կոչման,և թե ֆիլմի համար
Մոռացել են նշել, որ հրաշք մարդա ու հիանալի ընկեր ……կյանքսսսս դու պտի միշտ հաջողությունների հասնես միշտ լավ բաների արժանանաս ))))