Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, Երևանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու և կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կրկնապատկել կանաչապատման ծավալներն ու նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել. «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում 2012թ.-ին գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ էր, և այն ծավալները, որոնք ապահովեցինք նախորդ տարի, մենք այս տարի պետք է կրկնապատկենք: Մայրաքաղաքի բոլոր հնարավոր վայրերում պետք է ստեղծենք անտառ-պուրակներ: Հետևողական և ամենօրյա աշխատանք պետք է տարվի նաև ծաղկապատման ու ձևավորման ուղղությամբ»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքներն առավել ակտիվացնելու նպատակով շարունակվում է կանաչապատման ձեռնարկություններում սեզոնային թափուր հաստիքների համար ցանկացողների աշխատանքի ընդունման գործընթացը:
Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է նաև ավտոբուսների և տրոլեյբուսների վարորդների, ինչպես նաև սանմաքրման ձեռնարկություններում նոր աշխատակիցների աշխատանքի ընդունման գործընթացը:
Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկողության մասով զեկուցվել է, որ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվել են համապատասխան տույժեր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել վերահսկողությունը տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման ուղղությամբ:
Մայրաքաղաքում գործող գյուղմթերքների շուկաներում սանիտարական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ հսկողություն սահմանելու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: Մեկ անգամ ևս հանձնարարվել է խստորեն վերահսկել շուկաներում սանիտարական նորմերի պահպանումն ու թերացումներ արձանագրելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում է հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ ամենօրյա հսկողությունը: Հանձնարարվել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ գույքագրել ճանապարհային երթևեկության նշանները և անհրաժեշտության դեպքում նորացնել դրանք: Հանձնարարվել է նաև բարեկարգված փողոցներում շարունակել լուսաանդրադարձիչների տեղադրման աշխատանքները:
Մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են քաղաքապետարանի 2013թ.-ի ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները: Շինբարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է նաև կապալառուների կողմից սեփական միջոցներով 2012թ.-ին անորակ և թերի կատարած ասֆալտբետոնե ծածկույթի թերությունների վերացման գործընթացը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը և որակը:
Մշտական հսկողության պահանջ է դրվել նաև մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքների ավարտից հետո համապատասխան կազմակերպությունների կողմից ներքին կոմունիկացիոն աշխատանքների իրականացման նպատակով քանդման թույլտվությունները բացառելու մասով: Հանձնարարվել է խախտումներ թույլ տվող և համայնքային գույքը վնասող կազմակերպությունների նկատմամբ կիրառել օրենքով սահմանված տույժեր:
Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթից բացի, առաջիկայում կներկայացվեն նաև մայրաքաղաքի մյուս հրապարակների վերակառուցման և զարգացման մասով բաց մրցույթները:
«Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով, քաղաքապետը հանձնարարել է քննարկել այգու վերակառուցման ներդրումային առաջակը, ուսումնասիրել «Հաղթանակ» զբոսայգու ներկա վիճակն ու գույքագրում կատարել:
Մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր ու լիարժեք դարձնելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է բակային տարածքներում կազմակերպել ամառային ճամբարներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն