ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը խորհուրդ է տալիս զերծ մնալ բախտագուշակություններից:
Օրերս մի շարք հանրապետական լրատվամիջոցներ, անդրադառնալով Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներին ու հաջորդած պաշտոնանկությանը, լուրեր են տարածել՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եւ Լուռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ:
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը Aravot.am-ի հետ հարցազրույցում զարմանալի է համարում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի պաշտոնանկության վերաբերյալ խոսակցությունները` նկատելով, որ Լոռու մարզպետին պաշտոնից հեռացնելու հարցի առիթով որեւէ լուրջ պաշտոնական տեղեկություններ առկա չեն:
Կարդացեք նաև
«Լոռու մարզպետի հարցի առիթով որեւէ լուրջ պաշտոնական լուր, նախադրյալ չկա, գոյություն չունի: Ըստ երեւույթին` որոշ լրագրողներ կամ որոշ անձինք, փորձելով որեւէ մի բան հուշել կամ գրել, այդպիսի քայլի են դիմել: Մեզ համար` եւ մարզպետարանի աշխատակազմի, եւ լոռեցիների, շատ զարմանալի, անակնկալ էր, որ հանկարծ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հայտնվում է այդպիսի մի ցուցակում, այն դեպքում, երբ նա իր կենսակերպով` եւ որպես մարզպետ, եւ որպես քաղաքացի, ինչպիսին մենք սովոր ենք լսելու այս կամ այն հայտնի մարդկանց մասին` անկախ կուսակցականությունից, անկախ գրաված պաշտոնից ու ունեցվածքից, նմանօրինակ կրիմինալ հակումներ չունի, չի ունեցել, եւ չի էլ ունենա»,-ասում է Սամվել Խալաթյանը` խորհուրդ տալով զերծ մնալ նման բախտագուշակություններից:
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը արդյունավետ է համարում հատկապես Արթուր Նալբանդյան մարզպետի հետ աշխատանքի ընթացքը` չթերագնահատելով, սակայն, նախորդներին:
«Ես չեմ ասում, որ նախորդները շատ վատն են եղել, բայց մենք ունենք այսօր այնպիսի մի ղեկավար, որի հետ ստացվում է աշխատանքը եւ արդյունքների ենք հասնում: Իմ անձնական կարծիքով, նա կարողանում է այնպիսի աշխատանքային ընկերական, գործընկերական մթնոլորտ ստեղծել, որ զգում ես` չարածիդ համար պատասխան ես տալու, արածիդ համար` անպայման կարժանանաս գնահատականի»:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ