Ռեժիսոր, «Պարալլելս ֆիլմ» ընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ անկախ իր անձնական վերաբերմունքից Կաննի այս տարվա մրցանակակիր ֆիլմերին, «Պարալլելս ֆիլմը» ուրախ է տեղեկացնել, որ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» մրցանակակիր Աբդելատիֆ Քեշիշի «Ադելի կյանքը» 1 և 2 մասեր ( La vie d’Adele, Chapter 1 & 2) եւ Լավագույն ռեժիսոր ճանաչված Ամատ Էսկալանտեի «Էլի» ( Heli) ֆիլմերի ցուցադրության իրավունքը ստացել է ՌԴաշնությունում և ԱՊՀ երկրներում ֆիլմերի տարածմամբ զբաղվող իր գործըներներից մեկը: Նա նաեւ նշել էր. «Պարալլելս ֆիլմը» կարող է միջնորդել, որպեսզի այս ֆիլմերը ցուցադրվեն Երևանի «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում: Ես անմիջապես կձեռնարկեմ դա, եթե այս ստատուսը գոնե 50 տարածող ունենա և առնվազն 1000 դրական արձագանք հավաքի: Եթե ինքներս մեզ համոզենք, որ գրագետ հանդիսատեսի մասին երազանքը սին չէ ու երևանյան պրոկատը անժամկետ կապիտուլացված չի սպեցիֆիկ աուդիտորիայի կողմից»:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Գալստյանն ասաց, որ «Ադելի կյանքը» ԱՊՀ եւ ՌԴ բերող ընկերության անունը առայժմ չի բացահայտի, քանի դեռ համագործակցության պայմանագիր չկա, թեեւ պաշտոնական նամակով դիմել է: Ռեժիսորը կարծում է, որ «Ադելի կյանքը» «կգա» Հայաստան, երբ «ռուսերենացումը» ավարտված լինի: «Մոսկվայի փառատոնում ցույց են տալու ե՛ւ «Ադելի կյանքը», ե՛ւ «Էլին»՝ հավանաբար ռուսերեն ենթագրերով: Հենց այդ ֆիլմերը դառնան ռուսերեն, ինչը երկարատեւ պրոցես է, կարծում եմ, որ հնարավորություն կունենանք դրանց ցուցադրությունը կազմակերպել Հայաստանում: Ի դեպ, իմ որոշ կոլեգաներ զգուշացրել են, թե Հայաստանում այդ ֆիլմերի հանդեպ սպեցիֆիկ վերաբերմունք կա: Ես երկու ֆիլմն էլ չեմ տեսել, բայց կարծում եմ, որ Կաննը պատահական ֆիլմերի մրցանակ չի տալիս, այն էլ Սփիլբերգի գլխավորությամբ: Մոսկվայի կինոփառատոնում անպայման կնայեմ դրանք, կնոջս՝ Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդը» նույնպես մասնակցելու է այդ փառատոնին: Եթե տեսնեմ շոկային բան կա, դարձյալ Ֆեյսբուքով ինչ-որ բան կտարածեմ, որ միայն մասնագետների համար ցուցադրվի, բայց չեմ կարծում, թե մենք այդքան վայրենի ազգ ենք ու կարող ենք նման խոշոր փառատոնում հեղինակավոր մրցանակ ստացած ֆիլմի հանդեպ նման վերաբերմունք ցուցաբերել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ