«Կոնգրես» հյուրանոցում շարունակվում է փաստաբանների գործադուլը: Նախաձեռնող խմբի անունից ելույթներ ունեցան փաստաբաններ Տիգրան Հայրապետյանը, Հայկ Ալումյանը, Անի Թորոսյանը:
Ըստ Ա. Թորոսյանի, «սոսկալի վիճակում» է գտնվում արդարադատության համակարգը: Քանի որ, ըստ նրա. «ստորադաս դատարանները կաշկանդված են թե դատախազական համակարգից և թե ՀՀ Վճռաբեկ դատարանից»:
Անի Թորոսյանի կարծիքով, քննիչների կողմից դատարաններ են ներկայացվում հաճախ բացարձակ անհիմն միջնորդություններ` անձանց կալանավորման վերաբերյալ, լինում են դեպքեր, երբ առհասարակ ոչ մի հիմք կամ նյութ կցված չի լինում միջնորդություններին: Եվ ինչպես են վարվում նման դեպքերում դատարանները. «Սկսում են քարկոծել, քննադատել, որ քննիչները չեն կարողանում հիմնավոր միջնորդություններ ներկայացնել, շատ դեպքերում նույնիսկ ամոթանք են տալիս միջնորդություն ներկայացրած քննիչին և վերջում բավարարում միջնորդությունը` հորդորելով, որ հաջորդ անգամ հիմքեր գոնե կցեն: Այդ խայտառակ որոշումները իհարկե բողոքարկվում են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, և որպես կանոն՝ բողոքները մերժվում են, իսկ Վճռաբեկ դատարանը վերադարձնում է ներկայացված վճռաբեկ բողոքները: Ինչից էլ սկսվում է մեր քրեական արդարադատության մղձավանջը»: Չնայած, ըստ փաստաբանի, դատարանները բավարարում են ներկայացված միջնորդությունները և կալանավորում անձանց:
Կարդացեք նաև
Փաստաբանների գործադուլային նախաձեռնող խմբի տեղեկացմամբ, 2012թ. ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում ստացված վճռաբեկ բողոքներից վարույթ ընդունված բողոքների վիճակագրությունը հետևյալն է` դատավարության այլ մասնակիցների կողմից բերված բողոքների միայն 4,5%-ն է վարույթ ընդունվել, իսկ ՀՀ գլխավոր դատախազության կողմից բերված բողոքների 16,7%-ը:
2012թ. ընթացքում ավարտված քրեական գործերով կայացված թվով 2099 դատական ակտերից վճռաբեկության կարգով բողոքարկվել է 1067-ը, որոնցից բեկանվել է ընդամենը 49-ը, ինչը տոկոսային արտահայտությամբ կազմում է մոտ 4,6%-ը: Այսինքն՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում 2012թ. ընթացքում ավարտված գործերի կայունությունը կազմում է 97,7%, իսկ բողոքարկված դատական ակտերի կայունությունը կազմում է 95,4%: Այսպիսով, քրեական գործերով և միջնորդություններով ընդհանուր կայունությունը կազմում է 98,1%:
2012թ. ընթացքում ՀՀ առաջին ատյանի դատարաններ ներկայացված միջնորդությունները կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ բավարարվել են շուրջ 96%-ով :
«Հենց այստեղ են թաքնված այն կոռուպցիոն ռիսկերը, որի մասին մենք ահազանգում ենք: Այս թվերը վերլուծելով՝ կարող ենք հետևություն անել, որ կամ վերադաս դատարանները չեն ուզում աշխատել և պատճառաբանել ստորադաս դատարանի դատական ակտի անհիմն լինելը, կամ հենց առաջին ատյանից սկսած՝ կայացնում են արդեն իսկ նախապես վերադաս դատարանների հետ համաձայնեցրած և երաշխավորություն ստացած դատական ակտեր, ուստի և դրանք այդ տրամաբանությամբ հետագայում մնում են անփոփոխ»,-ասում է Անի Թորոսյանը: Ի դեպ, նրա ելույթը, ինչպես մյուս բանախոսների ելույթները ընդմիջվում էին բուռն ծափահարություններով:
Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավորների ծանրաբեռնվածությանը, Ա.Թորոսյանը նշեց. «Այնքան էլ համոզիչ չէ՝ այն պատճառով, որ նախորդ տարվա վիճակագրական տվյալների համաձայն` եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացվող դատական ակտերի քանակը բաշխված է մոտավոր այսպես` յուրաքանչյուր դատավորին բաժին է հասել մոտ 36,5 վճիռ, ապա մեր Վճռաբեկ դատարանի դատավորների թվաքանակի և կայացված որոշումների հարաբերակցությունը կազմում է մեկ դատավորին շուրջ 12,5 որոշում: Նշանակում է՝ ժամանակն է ահազանգել, որ այնքան էլ արդյունավետ չի աշխատում մեր Վճռաբեկ դատարանը և պետք է ոչ թե սվիններով ընդունել փաստաբանների դժգոհություններն ու պահանջները, այլ աշխատել այնպես, որ հետ վերադառնա հասարակության կորած հավատը արդարադատության համակարգի նկատմամբ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ