Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյանը հակադարձում է Նարեկ Սարգսյանին. «Չեմ ուզում ասել` սուտ են խոսում»

Հունիս 10,2013 13:19

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը վստահեցնում է`հանրապետության հրապարակի հայեցակարգային մրցույթի վերաբերյալ ինքը դրական գնահատական երբեք էլ չի տվել, որովհետեւ ամբողջական քննարկում այդ հարցի վերաբերյալ չի եղել:

Հիշեցնենք, որ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նախօրեին Մկրտիչ Մինասյանին մեղադրել էր քաղաքապետարանի կողմից իրականացվող բոլոր այն ձեռնարկները, որոնք իրականացվում են իր կողմից՝ տապալելու նախաձեռնության մեջ: Գլխավոր ճարտարապետը հայտարարել էր նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովականները, որոնց մեջ է նաեւ Մ. Մինասյանը, հավաքական քննարկման արդյունքում իրենց դրական վերաբերմունքն են արտահայտել՝ ողջունելով Հանրապետության հրապարակի խնդիրները վեր հանելուն կոչված հայեցակարգային մրցույթի գաղափար-առաջարկությունը:

«Քննարկել ենք, բայց մրցույթի տեքստի վերջնական քննարկումը չի կայացել: Չեմ ուզում ասել՝ սուտ են ասում, բայց որոշակի թյուրըմբռնում կա: Երբ հայեցակարգի մեջ լինում են այսպիսի պայմաններ, որ մրցույթի արդյունքների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության կարժանանան, հատկապես այն առաջարկությունները, որոնք առավել հիմնավոր լուծումներ կառաջադրեն հրապարակի եւ դրան հարող տարածքների վերակառուցման եւ հրապարակում ծավալատարածական հորինվածքների զարգացման եւ ներդաշնակման խնդիրների հետ, դա ինձ իրոք մտահոգում է»,- ասաց պարոն Մինասյանը:

Հարցին՝ ինչպիսի՞ հրապարակ են նախատեսում հայեցակարգում նշված այդ պայմանները, պարոն Մինասյանը պատասխանեց. «Չեմ կարողանում հասկանալ: Հայեցակարգայինը հայեցակարգային կկոչվեր, եթե որեւէ ուղղորդող այդպիսի նախադասություններ չլինեին: Որովհետեւ վերեւի պարբերությունում, որտեղ ասվում է, հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձեւավորվել հրապարակի շուրջ` էականորեն աղճատելով համալիրի դոմինանտության եւ մասշտաբայնության կարեւոր պայմանները, ախր դրանք հանկարծակի չեն եղել, հենց իրենց աշխատանքի արդյունքում է եղել: Դրանից հետո ասել՝ կարիք կա ծավալատարածական հորինվածքների զարգացման եւ ներդաշնակման, չեմ կարողանում հասկանալ»:

Քննարկումների ժամանակ քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի անդամները, ըստ պարոն Մինասյանի, միանգամից ասել են` բաց մրցույթում ամրագրված չէ հրապարակի` հանրապետական կարգի հուշարձան լինելու հանգամանքը. «Ոչ մի բան չասել դրա մասին եւ բաց թողնել այդ կարեւոր հանգամանքը, հղի է մեծ վտանգով: Մրցույթի պայմանների մեջ միշտ լինում է, եթե գործ ունենք հուշարձանների հետ՝ դա անպայման պետք է նշվի: Պատճառաբանում են, որ մրցույթին մասնակցող ճարտարապետները բավականին գրագետ են եւ գիտեն, որ դա հուշարձան է: Բայց դա կապ չունի, այդ մասին եւս մեկ անգամ պետք է նշվի, իսկ հուշարձանն ունի իր կարգավիճակը: Եվ այն որեւէ կերպ փոխելու ու ծավալատարածական հորինվածքների զարգացման եւ ներդաշնակման խնդիր դնելու հարց չի կարող լինել»:

 

Պարոն Մինասյանի խոսքերով, նախնական քննարկումների ժամանակ խոսում էին հրապարակը տրանսպորտային գերծանրաբեռնված լինելու մասին. «Բայց տրանսպորտային խնդիրը հենց հրապարակում չպետք է լուծել: Էլի եմ ասում, եղել է խոսակցություն, բայց մրցույթի տեքստը վերջնական բոլորի կողմից քննարկված եւ ընդունված չէ: Ես երբեք որեւէ նպատակ չեմ հետապնդել քաղաքապետարանի ծրագրերը, որոնք Նարեկ Սարգսյանն է անում, տապալեմ: Դեմ եմ լինում, որովհետեւ այն, ինչ տեսնում եմ քաղաքում՝ ինձ չի համոզում, որ այս մրցույթը նույնպես լավ վախճան կունենա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930