Լրահոս
Օրվա լրահոսը

Քյամալ Ալի. «Գործնականում լրագրողները զորակոչվել են ռազմաճակատ»

Հունիս 10,2013 12:11

TekaliՀունիսի 8-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում «Լրագրողները Ղարաբաղյան հակամարտությունում՝ խաղաղարարնե՞ր, թե՞ հրձիգներ» թեմայով հասարակական լսման ժամանակ ադրբեջանցի զեկուցող,լրագրող Քյամալ Ալին ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուսաբանալիս լրագրողական վարքագծի կանոնները չեն գործում, որ Հարավային Կովկասի երկրները դեռեւս ամբողջատիրական են: Նա հայտարարեց. «Ցավոք, մեր երկրներում լրագրողները 4-5 աղբյուրների ճնշումն են զգում: Ես խոսեմ կոնկրետ Ադրբեջանի մասին: Ադրբեջանում լրատվամիջոցների մեծամասնությունը՝ ինտերնետային կայքերը, բոլոր հեռուստաընկերությունները, թերթերի մեծամասնությունը գտնվում են իշխանության կոշտ հսկողության տակ կամ էլ ստեղծված են իշխանության կողմից, միայն այն բանի համար, որպեսզի քարոզիչ լինեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում: Մի քանիսը հատուկ դրա համար են ստեղծված: Իհարկե, դրանք հայհոյում են ոչ միայն հայերին, ուրիշներին էլ կարող են հայհոյել, սակայն մենք բոլորս հասկանում ենք, որ դրանք ինչու են ստեղծված: Տաք պատերազմն ավարտվել է 1994թ., հիմա սառը պատերազմ է ընթանում, չի բացառվում, որ այն նորից կարող է վերածվել տաք պատերազմի, դա մեզանից չի կախված: Այդ պատճառով լրագրողները գործնականում զորակոչվել են ռազմաճակատ, նրանք հանդիսանում են պետության քարոզիչները: Լրագրողների մեծ մասը գիտակցորեն, հաճույքով, հնարավոր է նաեւ՝ առանց հաճույքի ընդունել է խաղի կանոնները: Մանավանդ, որ դրա համար լավ են վճարում: Դրա համար ավելի լավ են վճարում, քան անկախ լրատվամիջոցներում: Տեղի է ունենում անկախ լրատվամիջոցներից լավագույն լրագրողների հոսք կախյալ լրատվամիջոցներ: Սա լրագրողների վրա ճնշման առաջին աղբյուրն է:

Երկրորդ՝ հասարակության կողմից ճնշում կա, կա հասարակական-սոցիալական պատվեր: Լրագրողները ցանկանում են , որ իրենց գրածները կարդան, թերթերը, ամսագրերը եւ ինտերնետային կայքերը որքան շատ ընթերցող ունենան, այնքան այդ ամսագիրը կամ կայքը գովազդ կստանա; Ես չեմ պատկերացնում, որ որեւէ լրագրող հոդված կգրի, գիտակցելով, որ այն հասարակության մեծ մասի մեջ զայրույթ կառաջացնի: Աքրամ Այլիսլին գիրք գրեց,նախապես հայտնի էր, որ այն կառաջացնի բնակչության մեծ մասի զայրույթը: Դրա հետեւանքով Այլիսլին իր վրա զգաց ոչ միայն իշխանության զայրույթը, նա եւ իր ընտանիքը պատժվեց, նրան տրված արտոնությունները ետ վերցվեցին: Երբ կարդում էի համացանցում ընթերցողների արձագանքները, ինձ ավելի շատ զարմացրեց հետեւյալը. ընթերցողներ կան, որոնք ափսոսում էին, որ Ադրբեջանում մահապատիժը վերացվել է:

Լրագրողների վրա 3-րդ ճնշումը այն է, որ լրագրողների մի մասը բռնագաղթած է, կամ իրենց հարազատները կամ մտերիմները բռնագաղթած են, եւ նրանք ստիպված են հաշվի առնել այդ կարծիքը, կրել նրանց ցավը: Հայերի կարծիքը կարող ենք հաշվի չառնել, որովհետեւ նրանք մեր կողքին չեն, նրանք հեռու են, լավագույն դեպքում նրանք կարող են պատասխանել համացանցով: Վերջին գործոնը՝ մենք Ադրբեջանի քաղաքացի ենք, եւ ես որպես Ադրբեջանի քաղաքացի, որպես ակտիվ քաղաքացի, ղարաբաղյան հակամարտությունում պաշտպանում եմ Ադրբեջանի դիրքորոշումը: Ես գտնում եմ, որ Ադրբեջանը այդ հակամարտությունում արդար է եւ պետք է ստանա այն, ինչ իրեն է հասնում: Այդ միտքը ակամա ազդում է ինձ: Երբ ես հոդված եմ գրում,որքան էլ ցանկանում եմ օբյեկտիվ լինել, այդ միտքը ենթագիտակցորեն ազդում է: Դա է իրականությունը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930