Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում վճարունակ հաճախորդներն ավելի քիչ են, քան լուսանկարիչները (Ֆոտոշարք)

Հունիս 10,2013 11:49
PrevPhoto
NextPhoto

Կա՞ արդյոք Հայաստանում լուսանկարչական շուկա, ինչպե՞ս են սիրողական մակարդակի լուսանկարները ստվեր գցում պրոֆեսիոնալ լուսանկարչության վրա, ինչո՞ւ պրոֆեսիոնալ լուսանկարիչները պատվերներ չեն ունենում. այս և այլ խնդիրների շուրջ զրուցեցինք Հայաստանում լուսանկարչության ասպարեզում մեծ ներդրում ունեցող լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանի հետ:

-Սարգիս, ի՞նչ է հարկավոր լուսանկարչությամբ զբաղվողին, որպեսզի հասնի պրոֆեսիոնալիզմի:

– Լուսանկարչությունը այն մասնագիտություններից է, որը պահանջում է աներևակայելի աշխատասիրություն և համբերություն: Կարող է դու լինես շատ տաղանդավոր, բայց եթե, օրինակ, ալարում ես երեկոյան դուրս գալ և մի երկու կիլոմետր քայլել, կամ բարձրանալ սարի գագաթը, որպեսզի հասնես քո ուզած տեղն ու մի կադր անել, պարզապես այդ կադրը չես ունենա: Ու այսպես շարունակելով՝ տաղանդավոր մարդն էլ երբեք չի կարող պրոֆեսիոնալ լուսանկարիչ դառնալ: Լուսանկարչությունը չի սիրում թամբալներին:

– Բայց կան ստեղծագործողներ, ովքեր անում են ավելին, բայց մնում են ստվերում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Այս հարցին պատասխանեմ երկու տեսանկյունից: Ուսանողական տարիներին մասնակցում էի տարբեր ցուցահանդեսների, ու նաև իմ ընկերներին էի ասում, որ գան մասնակցեն: Պատասխանը լինում էր այսպիսին՝ հավես չկա… բայց իրենք էլ ունեին հետաքրքիր գործեր… «Հավես չկա»-ն նշանակում է՝ չեն ուզում գումար ծախսել, աշխատասեր չեն և չունեն մեծ ցանկություն: Իսկ ցուցահանդեսը հնարավորություն է տալիս, որ մարդիկ տեսնեն քո գործերը, ճանաչեն քեզ և ինչքան էլ ասենք, որ առաջինը մեզ համար ենք լուսանկարում, միևնույնն է, երկրորդը մենք լուսանկարում ենք հանդիսատեսի համար: Եթե մարդը ստեղծագործում է, և միայն իր բարեկամ- հարազատներն են հիանում այդ լուսանկարներով, այն էլ համակարգչի էկրանին, ավելի լավ է՝ ոչինչ չանի: Այսպես է արվեստի բոլոր ճյուղերում՝ և՛ կինոյում, և՛ թատրոնում, և՛ գեղանկարչության մեջ… Եթե դերասանը դուրս է գալիս բեմ և չկա ծափահարող, անիմաստ է նրա խաղը… Պետք է ստեղծագործությունը հասցնել հանրությանը:

Հարցը դիտարկենք այլ տեսանկյունից.

Դասաժամերին ես տալիս եմ պրոֆեսիոնալ լուսանկարիչների անուններ, և պարզում եմ, որ լուսանկարչությամբ զբաղվող երիտասարդները նրանց չեն ճանաչում, բայց շատ լավ գիտեն ոչ պրոֆեսիոնալ, դիլետանտ լուսանկարիչների, ում գործերը շատ թույլ են, բայց նույն ինտերնետում «ճանաչում» են գտել: Այսինքն, եթե պրոֆեսիոնալ լուսանկարիչը ճանաչում չունի, դա իր մեղավորությամբ է, քանի որ ինքն իր գործերը հասանելի չի դարձնում… իսկ որտեղի՞ց են մարդիկ փորձում գտնել ինֆորմացիա, միանշանակ՝ ինտերնետից: Հիմա ինտերնետի դար է, ու հետաքրքրվողը մտածում է, եթե պրոֆեսիոնալ է, ուրեմն կունենա իր անձնական կայքը, կլինի նաև սոցցանցերում: Իսկ երբ չկա այդ ամենը, նույն պրոֆեսիոնալը մնում է ստվերում… Կան թույլ լուսանկարիչներ, ովքեր գիտեն, թե ինչպես ինտերնետի միջոցով իրենց անունը հայտնի դարձնել. սա էլ ինտերնետի պլյուսն ու մինուսն է: Բայց կարծում եմ, մեր հասարակությունն այդքան էլ բարձր ճաշակ չունի, քանի որ գնահատում է շատ թույլ լուսանկարներ:

– Ինչո՞վ է դա պայմանավորված, գուցե լուսանկարչական շուկան է պատճառը:

– «Լուսանկարչական շուկա» արտահայտությունը ինքս շատ եմ օգտագործում, բայց այսպիսին Հայաստանում չկա: Ամեն ինչ գալիս է երկրի տնտեսությունից: Մեր երկրում տնտեսությունն այնպես զարգացած չէ, որ ունենանք նաև այդ շուկան, չկան նույնիսկ հստակ սահմանված ծառայությունների գներ, յուրաքանչյուր լուսանկարիչ ինքն է որոշում ֆոտոսեսիայի գինը: Չկա շուկա, քանի որ պրոֆեսիոնալ լուսանկարիչը, բացի այն, որ կայքերի, ամսագրերի համար պատվերներ է կատարում, նա նաև ստեղծագործող է, բայց չի կարողանում վաճառել այդ լուսանկարները: Սա ես կապում եմ միմիայն տնտեսության հետ: Իմ տեղեկություններով, նույն Վրաստանում լուսանկարչական շուկան զարգացած է, քանի որ այնտեղ կա գոնե մոդելային բիզնես, որն էլ սերտորեն կապված է լուսանկարչության հետ: Մեզ մոտ մոդելային բիզնես կա, բայց, ցավոք, կրկին լիովին զարգացած չէ:

– Սարգիս, իսկ ի՞նչ անի հայ լուսանկարիչը, որ գումար աշխատի:

– Արդեն նշեցի, որ սա մեզանից կախված չէ, պետք է տնտեսությունը կայուն զարգացած լինի, որ, օրինակ լուսանկարիչը տպագրի ֆոտոգիրք, և կարողանա վաճառել այն: Կամ կազմակերպությունները պետք է վճարունակ լինեն, ճիշտ է՝ պատվիրում են պրոֆեսիոնալ լուսանկարներ, բայց երբ լսում են գների մասին, փորձում են գտնել ավելի էժան տարբերակներ: Դե արի իրենց բացատրիր, որ քո ֆոտոխցիկն առանց աքսեսուարների արժե 5000 դոլար, և ամեն մի արված կադրը արդեն որոշակի գումար է: Ուղղակի Հայաստանում դեռևս չի գնահատվում պրոֆեսիոնալ աշխատանքը:

– Մարդիկ կան, որ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ չեն, պարզապես ունեն ֆոտոխցիկ, բայց գումար են աշխատում:

– Այո, կան նման մարդիկ, և հենց նրանք են ֆոտոսեսիաներ անում կամ պատվերներ վերցնում այնպիսի գներով, որ երբ հաշվարկ ես անում՝ պարզվում է, որ այդպիսի գներով հնարավոր չէ վերադարձնել նույնիսկ տրանսպորտի համար ծախսված գումարը: Այստեղ խոսք անգամ չի կարող լինել պրոֆեսիոնալ լուսանկար ստանալու մասին, ուղղակի լուսանկարողը գոնե հարգելով լուսանկարչական դաշտը, պետք է իր առաջարկած ծառայությունը այդքան էժան չվաճառի:

– Ի՞նչն է դրդում լուսանկարչին դիմել նման քայլերի:

– Պրոֆեսիոնալ լուսանկարիչը երբեք չի գնա նման քայլի, քանի որ փորձում է իր լուսանկարներով հնարավորինս ներդրում ունենալ Հայաստանում լուսանկարչության զարգացմանը: Չմոռանանք, որ մեզ մոտ չկա գնային քաղաքականություն, և ցավալին այն է, որ վճարունակ հաճախորդներն ավելի քիչ են, քան լուսանկարիչները:

– Բայց ոչ բոլորն են պրոֆեսիոնալ…

– Դե պրոֆեսիոնալ բառը հարաբերական է: Սովետական տարիներին պրոֆեսիոնալ էր համարվում ակադեմիական գիտելիքներով լուսանկարիչը, ով ուներ տարիների փորձ, ցուցահանդեսների մասնակցություն, մրցանակներ, մեծ ավանդ լուսանկարչության բնագավառում, իսկ սովետմիության երկրներից դուրս հիմնականում նրանք, ովքեր կարողանում էին լուսանկարչությամբ մեծ գումարներ աշխատել, և այստեղ կարևոր չէր, թե դու ինչ ես լուսանկարում: Քո լուսանկարները գումար են բերում, ուրեմն դու պրոֆեսիոնալ ես: Ինքս ավելի շատ ընդունում եմ սովետական-ռուսական մտածելակերպը:

Սարգիս, դու ՀՀ-ում մեծ համբավ ունեցող լուսանկարիչներից ես, հինգ տարի շարունակ լուսանկարչության դասընթացներ ես ուսուցանում հետաքրքրվողներին և միաժամանակ դասավանդում ես ՀՌԱ-ում: Ինչպե՞ս ես հասել այս ամենին:

– Դեռ ուսանողական տարիներից էի ակտիվ կերպով զբաղվում լուսանկարչությամբ, մասնակցում էի ցուցահանդեսների, մրցանակներ էի ստանում, բայց չէի էլ մտածում, որ կշարունակեմ ու կդառնամ պրոֆեսիոնալ լուսանկարիչ, քանի որ սովորում էի ռեժիսորական բաժնում: Ուսանողական տարիներն ավարտվեցին, ես շարունակեցի տարբեր միջոցառումներ լուսանկարել, պատվերներ ունեցա, բայց ավելի շատ ձգտում էի ազատ գրաֆիկով աշխատանքի, որպեսզի ժամանակ ունենամ նաև ստեղծագործելու… Իսկ դասընթացների կազմակերպումը շատ պատահական ստացվեց. սոցիալական ցանցերում տարբեր մասնագիտությունների տեր անձինք ինձ բավականին շատ հարցեր էին տալիս, ես էլ նույն սոցցանցում գրեցի հայտարարություն, որոշեցի լուսանկարչական խմբակ ստեղծել. իմ ունեցած գիտելիքների հիման վրա կազմեցի եռամսյա ծրագիր, իսկ երբ առաջին խումբն ավարտեց, ցուցահանդես կազմակերպեցինք, որը մեծ ԲՈՒՄ եղավ Երևանում: Ցուցահանդեսին եկան պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, մարդիկ տարբեր բնագավառներից, լուսանկարչությամբ հետաքրքրվողներ և այլն: Ես որոշեցի նորից հայտարարություն տալ, բայց հինգ տարի առաջ այսպես ինտենսիվ խումբ հավաքելու միտք չկար… հիմա արդեն 14-րդ խումբն է հավաքվել:

– Կարելի է ասել, որ լուսանկարչությունը մեծ պահանջարկ ունի Հայաստանում:

– Եթե տարիներ առաջ լուսանկար ստանալը ժամանակատար գործընթաց էր, հիմա թվային տեխնիկայի հասանելիությունը ավելի մատչելի է դարձրել այն: Շատերն այսօր ունեն պրոֆեսիոնալ ֆոտոխցիկներ և ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես լուսանկարչությամբ զբաղվելը մի տեսակ մոդայիկ է դարձել…

– Սարգիս, երբ կուրսը հավաքվում է, ծանոթանում եք, դու երևի հենց առաջին դասերից էլ նկատում ես պոտենցիալ լուսանկարիչներին:

– Ինձ մոտ շատ տաղանդավոր երիտասարդներ են գալիս, բայց, ցավոք, լուսանկարչության մեջ կայանալու համար տաղանդից առավել հարկավոր է ունենալ աշխատասիրություն: Չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց մեր երիտասարդներն ահավոր ալարկոտ են:

– Երևի գիտակցում են, որ դրանով մեծ գումարներ չեն աշխատելու…

– Դե սկզբնականում հարկավոր է աշխատել ստեղծագործական լուսանկարների վրա: Իսկ մեր երիտասարդները անհամբեր են, եկան, սովորեցին ու հաջորդ օրն ուզում են ֆոտոսեսիաներ անել, գումար աշխատել: Բայց դրան պետք է հասնել, լինել պրոֆեսիոնալ:

– 8-10 տարի հետո Հայաստանում կունենա՞նք երիտասարդ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ:

Ներկա սերունդն ահավոր շտապող է, կայանալու համար նա չունի այդքան համբերություն… բայց իրենք ավելի մեծ հնարավորություններ ունեն, քանի որ կա ինտերնետ, որն օգնում է, ու երևի ավելի շուտ կհասնեն հաջողության:

– Հարցազրույցներից մեկի ժամանակ նշեցիր, թե ինչքան խստապահանջ ես քո լուսանկարների հանդեպ:

Հիմա էլ բավական երկար եմ վերլուծում իմ լուսանկարները նախքան կներկայացնեմ հանրությանը: Ինտերնետն այսօր լցված է միլիոնավոր անորակ լուսանկարներով, իսկ երբ դու հանդես ես գալիս որպես պրոֆեսիոնալ, դու պետք է իմանաս՝ ինչ ես տեղադրում կայքում, արդյոք այդ լուսանկարն իրենից մշակութային արժեք ներկայացնում է, թե ոչ: Բոլորը նկարում են ու լցում են ինտերնետ. ինչո՞ւ… Սա է պատճառը, որ տարբեր կայքերում, նաև հայկական, չափազանց շատ աղբ կա: Ես իմ աշակերտներին նույնպես ասում եմ, որ հետևողական լինեն իրենց գործերի նկատմամբ և կայքերում տեղադրեն միայն արժեքավոր գործեր:

– Հայ լուսանկարիչներից ո՞ւմ գործերին ես հետևում: Եվ արդյոք կայացած լուսանկարիչներով փորձում եք միասնական ջանքերով որևէ բան անել:

– Վերջին տարիներին ես լրիվ մեկուսացել եմ, պատճառներից մեկն այն է, որ ունեմ աշակերտներ, հիմնական կապը նրանց հետ է, իսկ բոլորի հետ կապ պահելը ու նաև այս դասընթացները շատ ժամանակ են պահանջում: Ունեմ նաև լուսանկարիչ ընկերներ, ում հետ կապը նույնպես միշտ կա, եթե ցուցահանդեսներ են ունենում, գնում, մասնակցում եմ, բայց այ որ ասում են լուսանկարչական «տուսովկա», որը Հայաստանում դեռևս ձևավորվում է, ես դրա մեջ չկամ: Միգուցե շփում չկա, բայց հետևում եմ բոլոր պրոֆեսիոնալ լուսանկարիչների գործերին, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում են դրսի աշխատանքները:

– Սարգիս, դու ինչ որ չափով հետևում ես, տեղյակ ես ցուցահանդեսներից, մեզ մոտ եղե՞լ է լուսանկարչական ցուցահանդես, որը բում անի քաղաքում:

– Երևի նշեմ Արա Գյուլերի ցուցահանդեսը, որը վերջերս էր, և հետաքրքրությունն ինչ որ չափով ավելին էր, քան ընդհանրապես: Չեմ հիշում լուսանկարչական ցուցահանդես, որ, ինչպես դու ես նշում՝ քաղաքում «բում» արած լինի:

– Այսինքն ցուցահանդեսների հիմնական հանդիսատեսը էլի մնում են բարեկամները, ընկերները…

– Ցուցահանդեսային մշակույթն ամբողջ աշխարհում առաջատարներից է, իր դիրքերը չի զիջում, բայց այ թե Հայաստանում ինչու են այսքան անտարբեր, չգիտեմ, երևի մարդկանց դեռևս այդքան չի հետաքրքրում գալ ցուցասրահ, նայել ու հիանալ շրջանակի մեջ դրված լուսանկարով:

– Խնդիրը կա, գիտենք դրա մասին, բայց դու ինքդ ի՞նչ ելքեր ես տեսնում, ո՞նց անենք, որ Հայաստանում լուսանկարչությունն ինչ որ չափով վերելք ապրի:

– Հիմնական խնդիրը դա մեր հասարակության ճաշակն է. նա պետք է լավ լուսանկարը տարբերի վատ լուսանկարից, բայց մարդիկ նույնիսկ չեն կարողանում տարբերել մշակութային արժեք ներկայացնող գործերը սիրողականից… Քայլեր անում են որոշ կայքեր, ովքեր ֆոտոշարք են ներկայացնում պրոֆեսիոնալ լուսանկարիչների աշխատանքներից, փորձում են հանրության մոտ ճաշակ ձևավորել: Ես լավատես եմ ու փորձում եմ ինքս ինչ որ բան անել: Կազմակերպում եմ դասընթացներ, լուսանկարչական լեզուն եմ սովորեցնում սկսնակներին, որ դառնան պրոֆեսիոնալ, տարվա ընթացքում գոնե 3-4 ցուցահանդես եմ կազմակերպում, որն ինձ գումար չի բերում, հակառակը, ես եմ գումար ծախսում… ես իմ գործն եմ անում, ու եթե ամեն մեկն էլ խստապահանջ լինի իր աշխատանքի նկատմամբ, և անի իր գործը, գուցե մի օր մեզ մոտ էլ լուսանկարչական դաշտը լիովին կայացած տեսնենք:

– Իսկ չե՞ս փորձում ստեղծագործել ավելի զարգացած շուկայի համար, օրինակ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և այլն:

– Ընդհանրապես Հայաստանից դուրս ապրելու և այնտեղ աշխատելու մասին մտածել եմ, բայց մտավախություն կա, որ գնամ, էլ չեմ ցանկանա վերադառնալ:

– Համաշխարհային մասշտաբով ֆոտոցուցահանդեսներ են կազմակերպվում, Հայաստանից մասնակիցներ լինո՞ւմ են:

– Ես ունեմ ակտիվ սաներ, ովքեր տեղեկանում են ու մասնակցում են նմանատիպ ցուցահանդեսների: Նույնիսկ մրցանակների են արժանանում: Եթե ժամանակ եմ գտնում, ինքս էլ մասնակցում եմ, քանի որ միջազգային շուկան մեծ է ու լավ լուսանկարը միշտ գնահատվում է: Վերջինը Տաշքենդի Բիենալեն էր, որտեղ Նյու Արտ լուսանկարներով էի ներկայացել:

– Սարգիս, վերջում ի՞նչ խորհուրդ կտաս սկսնակներին, ովքեր ձգտում են պրոֆեսիոնալիզմի

– (Ժպտում է:- Ն.Ա.): Երբ ինտերնետում կամ ցուցահանդեսում մի հիանալի կադր եք տեսնում, հիշեք, որ այդ կադրը հենց այնպես չի ստացվել, ճիշտ է, մեկ վայրկյան ու ահա կադրը, բայց նախքան այդ, լուսանկարիչը մեծ ջանք է թափել այդ կադրին հասնելու համար, գումար է ծախսել, հասել է այդ վայրը, ծառ կամ սար է բարձրացել… նստել ու 2 ժամ համբերությամբ սպասել է, թե երբ է մոդելը գալու… մի խոսքով, լավ լուսանկարը հեշտությամբ չի լինում… Ու նաև հիշեք, հայերը սիրում են խորհուրդ տալ, խոսքս հանդիսատեսի մասին չէ, այլ լուսանկարիչների, ովքեր կարող են խոսել սխալ լույսի, տեխնիկայի և այլնի մասին: Ուրեմն՝ պետք է նախ ծանոթանալ լուսանկարչի գործերին, տեսնել, թե ինքն ընդհանրապես ինչ է արել, և հետո միայն հետևել նրա խորհուրդներին:

Նարէ ԱԹՈՅԱՆ

Լուսանկարները՝ https://www.bravo.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930