Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք տեսակի ռեժիմներ

Հունիս 10,2013 11:18

Երբեմն ասում են, որ Հայաստանում բռնապետություն է, կամ տոտալիտար ռեժիմ է: Դա, ինձ թվում է, մեթոդոլոգիական սխալ է: Բռնապետությունը մի ռեժիմ է, որի ղեկավարներն իրենց առաջ դնում են վերանձնական նպատակներ: Հիտլերը, Ստալինը, Ուգո Չավեսը, Պինոչետը եւ մնացած բռնապետները գուցեեւ անձնական ինչ-ինչ պաթոլոգիաներ ունեին՝ դաժանության, մարդկանց վրա իշխելով ինքնահաստատվելու եւ այլն: Բայց այդ ամենն ուղեկցվում էր ինչ-որ ծրագրերով՝ սովորաբար սխալ, ուտոպիստական, կործանարար, որոնք իրագործելու համար, իրենց կարծիքով, անհրաժեշտ էին անմարդկային, ճնշող, մի խոսքով՝ խիստ դատապարտելի մեթոդներ: (Հատուկ չեմ անդրադառնում Իրանին, Իրաքին, Սիրիային, Լիբիային, Եգիպտոսին՝ այստեղ, որքան հասկանում եմ, որոշակի առանձնահատկություններ կան):

Ստալինից հետո մեր տարածքներում բտնապետություն չի եղել: Այո, ռեժիմին հակադրվող մարդիկ էլի ձերբակալվում էին, տարվում էին հոգեբուժարաններ, ցույցերի եւ խոսքի ազատություն չկար, բայց այդ սահմանափակումները Խրուշչովի կամ Բրեժնեւի եւ նրանց շրջապատի կողմից կիրառվում էին ոչ թե ինչ-որ ճիշտ կամ սխալ նպատակների համար, այլ բացառապես սեփական իշխանությունը պահելու եւ այդ իշխանության միջոցով  հարստանալու նպատակով: Նման ռեժիմը կարելի է անվանել կվազիբռնապետություն, այսինքն՝ առկա են բռնապետության մի շարք «ատրիբուտներ», սակայն դրանք կիրառվում են բացառապես անձնական նպատակներով: Այդպիսիք են նաեւ հետխորհրդային՝ Թուրքմենբաշու, Լուկաշենկոյի, Ալիեւների, Քոչարյանի եւ այլոց ռեժիմները. դրանք նույնպես բռնապետական չէին եւ չեն, որովհետեւ հայտարարված նպատակներին չէին ձգտում, այդ նպատակների մասին խոսակցությունները ծայրից ծայր երեսպաշտություն էին եւ կեղծավորություն: Տնտեսական «տպավորիչ հաջողությունների» մասին էլ խանդավավառ զեկույցներին (իբր դրա համար էին մարդկանց ճնշում) թույլ տվեք չհավատալ. Հայաստանում, համենայնդեպս, մարդիկ փողոցներում 20 տարի անիծում են իշխանություններին՝ թե երկնիշ տնտեսական աճի, թե երկնիշ տնտեսական անկման ժամանակ:

Այն ռեժիմները, որոնք այժմ գոյություն ունեն Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, նույնսիկ կվազիբռնապետություններ չեն՝ դա ինչ-որ մի երրորդ տեսակ է, որը դեռեւս անուն չունի՝ «ավազակապետությունը» կամ «քրեաօլիգարխիկ ռեժիմը» թեեւ քարոզչական առումով շահավետ են հնչում, բայց երեւույթն ամբողջությամբ չեն բնութագրում: Ազատությունն այս երկրներում սահմանափակվում է ուղիղ այնքան, որքան անհրաժեշտ է իշխանությունը պահելու եւ հարստանալու համար: Այնքան ժամանակ, որքան չի առաջանում մարդկանց բանտ գցելու, գնդակահարելու, ցույցերը ցրելու, կամ, սատանայի ականջը խուլ, համացանցը փակելու կարիքը, դա չի արվում եւ չի արվի: Այն դեպքերում, երբ արվում էր (նույն Քոչարյանի օրոք), դա պետության այն ժամանակվա ղեկավարի անձնական էմոցիաների, բնավորության արդյունքն էր՝ ոչ մի ռացիոնալ անհրաժեշտություն դրա համար չկար (օրինակ, «սխալ բարեւած» մարդուն սպանելու):

Նույնը կարող եմ ցույց տալ «մարզային» օրինակով. այժմ գործող մարզպետներն ավելի չեն օգտվում իրենց դիրքից եւ ավելի քիչ «օբյեկտներ» եւ ապարանքներ չունեն, քան Սուրիկ Խաչատրյանը: Սակայն Սյունիքի մարզպետը այդ ամենը ուղեկցում էր չպատճաբանված բռնություններով եւ կամայականություններով:

Ռեժիմների այս երեք տեսակներն ունեն իրենց դրական եւ բացասական կողմերը, եւ մարդիկ գերապատվությունը տալիս են որեւէ մեկին՝ ըստ ճաշակի: Բայց դրանցից շատ ավելի արդյունավետը, իմ կարծիքով, ժողովրդավարությունն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ծաղրանկարը՝ www.nytsyn.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կարդացի՝, հարգում եմ, ընդումում եմ, ընկալում եմ, համամիտ եմ, բայց՝ անկարող չեմ: Կպայքարեմ:

  2. Ֆլորա says:

    Հայաստանի կառավարման սիստեմը ես կանվանեի Զարգացող երկրների կվազիդեմոկրատիա, հաշվի առնելով, որ ողջ հետսովետական տարածքում նմանատիպ պրոցեսներ են տեղի ունենում և Հայաստանը այդ առումով առանձնահատուկ, ունիկալ չէ:
    Հետաքրքրության համար թերթեցի Վիկիպեդիան, ահա, թե պետության ղեկավարման ինչ սիստեմներ տվեց.
    Формы правления, политические режимы и системы
    Автократия
    Анархия
    Аристократия
    Бюрократия
    Геронтократия
    Демархия
    Демократия
    Деспотизм
    Джамахирия
    Диархия
    Диктатура
    Идеократия
    Изократия
    Клептократия
    Коммуна
    Корпоратократия
    Критархия
    Критократия
    Марионеточное государство
    Матриархат
    Меритократия
    Милитократия
    Монархия
    Ноократия
    Однопартийная система
    Олигархия
    Охлократия
    Патриархат
    Плутократия
    Республика
    Талассократия
    Теллурократия
    Теократия
    Технократия
    Тимократия
    Тирания
    Тоталитаризм
    Хунта
    Этнократия

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930