Ինչպես արդեն հաղորդել էինք, 2013թ. հունիսի 6-ից 8-ը Մոսկվայում տեղի ունեցավ «ՌԴ նախագահ Վ. Պուտինի գավաթ»՝ սամբոյի միջազգային մրցաշարը, որին մասնակցեց նաև Հայաստանի սամբոյի տղամարդկանց հավաքականը և Ուկրաինայի հավաքականի հետ գրավեց պատվավոր երրորդ հորիզոնականը. երկրորդում բելոռուսներն էին, առաջինում՝ ռուսները:
-Մեր մարզիկների մրցելույթներն, ընդհանուր առմամբ գնահատում եմ լավ, նշում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը և ավելացնում,-այս հեղինակավոր մրցաշարին մենք մասնակցում էինք երկրորդ անգամ: Անցած տարի 5-րդ տեղում էինք, այս տարի՝ 3-րդ: Եվ սա այն դեպքում, երբ մեր թիմի կազմում, վնասվածքների պատճառով, ընդգրկված չէին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ Աշոտ Դանիելյանն ու Վաչիկ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի սամբոյի հավաքականների մարզիկներն այս տարվա Եվրոպայի առաջնություններում նվաճել են 15 մեդալ, որից 3-ը ոսկե, 5-ը՝ արծաթե, 7-ը՝ բրոնզե: Եվս մեկ արծաթե ու երկու բրոնզե մեդալի էլ հայ սամբիստներն արժանացել են աշխարհի գավաթի փուլերում: 2013թ. աշխարհի առաջնությունները տեղի կունենան աշնանը, իսկ մինչ այդ, հուլիսի 13-ից 16-ը, մեր ուսանող մարզիկներից 4-ը կմասնակցեն Կազան քաղաքում անցկացվելիք 27-րդ ամառային Ունիվերսիադային, ուր առաջին անգամ ընդգրկվել է նաև սամբո մարզաձևը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա