Լրահոս
Օրվա լրահոսը

Սառնայի Ս. Հովհաննես (Մարիխնա) եկեղեցին` փլվելու վտանգի առաջ (ֆոտոշարք)

Հունիս 09,2013 19:13

Ատրպատականի Հայոց Թեմը, հնապահպանման Պետական Հիմնարկի հետ միասնաբար, կարելին ի գործ է դնում, անվտանգ պահելու համար ազգապատկան այն կալվածքներն ու եկեղեցիները, որոնք նաեւ Իրանի պատմության համար արժեք են ներկայացնում իրենց հնությամբ, տեղեկացնում է Թավրիզի Ազգայւին առաջնորդարանը:

Ըստ նրանց ուղարկած հաղորդագրոթյան «Կիրակի 9 Յունիս 2103-ի յետ միջօրէին, Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ Գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճեանը եղաւ Սալմաստի Սառնա գիւղում, այցելելով Ս. Յովհաննէս եկեղեցին, որը տեղացի թէ հայ մարդկանց ծանօթ է Մարիխնա (Մար Իւխաննա – Ս. Յով¬հաննէս) անունով:

Ստորեւ Թեմակալ Առաջնորդի տեղագրութիւնը իր գրչով.-

«Սառնայի կանգուն ու գործող եկեղեցիներից է համարւում Մարիխնան, 1600-ական թւերի կառոյց, որովհետեւ գիւղի միւս եկեղեցին` քարաշէն Ս. Աստւածածինը  արդէն  խոնարհւած  է  Սալմաստի  մեծ  երկրաշարժին (1930թ.),  եւ ապա անձրեւների ու այլ պատճառներով թափւել են պատերից մասեր, իսկ կտուրից հոսող ջրի հետեւանքով մեծ ճաք է առաջացել արեւմտեան պատի մէջ:

«Մարիխնան 8×10 մետր ներքին տարածութեամբ ու 6 մետր բարձրութեամբ հողաշէն եկեղեցի է, փայտածածկ ու գերանազարդ կտուրով: Ուղղահայեաց չորս գերաններ ատեանի կենտրոնական մասից բարձրանում են դէպի կտուր, իսկ տաս հատ էլ պատերի տակով են դրւել պահելու համար տանիքի ծանրութիւնը: Կենտ¬րոնից բարձրացած գերաններից մէկի խոյակի վրայ, բարձր մասում, կայ «1925 Ապ[րիլ] 17» արձանագրութիւնը, որը եկեղեցու վերանորոգութեան եւ մանաւանդ գերանների յաւելումով կտուրի ամրապնդման թւականը պէտք է լինի: Խորանի աջ ու ձախ կողմերում ունի մէկական աւանդատուն: Հիւսիսային պատի մէջ, ձախակողմեան աւանդատան դրան մօտ կայ մկրտարան: Եկեղեցին սպիտակացւած է ծեփով: Ամրան եղանակին զուգադիպող տօների առիթով եկեղեցական արարողութիւններ եղել են այստեղ: Ուստի, եկեղեցին ունի նաեւ վարագոյր, հաւատացեալների համար երեքական հոգանոց փայտեայ նստարաններ, մոմավառութեան յատուկ երշկաթեայ աւազամաններ, ելեքտրական հոսանքի գծեր եւ յարակից պիտոյքներ: Գործող եկեղեցի այցելելու մեծ յոյսով մօտեցանք մեծ բակ ունեցող այս եկեղեցուն:

 

Բայց շատ բան էր փոխւել մեր անցած այցելութիւնից, (շուրջ մի տարի առաջ), մինչեւ այսօր: Լայն շրջափակի չորս փեղկանի դրան Ժանգոտւած կըղպանքը հազիւ բանալ յաջողած, վայրի խոտերի «ծովի» միջից դժւարութեամբ հասանք բակի հարաւ-արեւմտեան անկիւնում գտնւող հողաշէն քառակուսի այն սենեակին, որը Ս. Յովհաննէս եկեղեցին էր: Դրան առաջ  նետւած նստարանները ու մի քիչ բաց մնացած դուռը ժխտական ազդեցութիւն գործեցին մեր վրայ: Դուռը հազիւ բացած, ճիշտ մուտքին, շուրջ 3 մետր խորութեամբ փոս էին քանդել, գանձ գտնելու յոյսով: Եկեղեցու ներսում գրեթէ քայլելու հնարաւորութիւն չկար, խորանի ամբողջ բեմը քանդւած ու հողը եկեղեցու ատեանի մէջ լցւած լինելու պատճառով: Քանդարարների ուշադրութեան կենտրոնում էին յայտնւել ոչ մի-այն եկեղեցու գետինն ու բեմի բարձրութիւնը, այլ խորանի աջ ու ձախ կողմերի խորշերի յատակները, ընդհանրապէս եկեղեցու պատերում գտնւող խորշերն ու մկրտարանը, ինչպէս նաեւ երկու աւանդատուները, որոնք գրեթէ ամբողջութեամբ քանդւել  էին  պատերով  ու  յատակով:

 

Եկեղեցու  վարագոյրը  վերուստի  ի  վայր պատռւած, իսկ պատերի միջի խորշերի քանդումների հետեւանքով անձրեւի ջուրի ներս թափանցելու ճանապարհ էր բացւել: Գիւղի կենտրոնում գտնւելով, եկեղեցին բնակիչների ամէնօրեայ հարեւանութիւնն է վայելում: Սակայն, ոչ ոք տեղեակ չէր թէ երբ եւ ինչպէս են քանդում եկեղեցու ներսը, աննկատ մնալով: Եկեղեցու դրսի կողմը, բնականօրէն ներսում կատարւող քանդումների ազ¬դեցութիւնն է կրել: Յարդացեխի մակերեւոյթից մեծ բաժիններ տեղ-տեղ թափւել են, հեշտացնելով եկեղեցու կառոյցի ընդհանուր թուլացումը տեղացող անձրեւների բերումով: Ներկայ հանգրւանին, Մարիխնան փլւելու վտանգի առաջ է կանգնած: Վերադառնալով Առաջնորդարան, Թեմակալ Առաջնորդը Թեմական Խորհրդի հետ համագործակցաբար, պետական հնապահպանման մարմինների ուշադրութիւնը հրաւիրող նամակներ յղեց, որպէսզի մշակութային հարստութիւն նկատւող կառոյցների եւ ազգային ժառանգութիւնների նկատմամբ հսկողութիւնը առաւել եւս խստացուի»:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930