Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ ՝ իմանա, որ լավ ախպեր ունի». Տղայի ցանկությունը ամեն բան կարգավորելն է

Հունիս 09,2013 18:36

18-ամյա Գրիգորը վերջերս է ավարտել դպրոցը, հավանաբար հուլիսին կզորակոչվի բանակ: Բայց մինչ այդ՝ ուզում է կարգավորել սիրային հարցերը: Արփինեն նրա նախկին դասընկերուհին է, ով, իր խոսքով, ամենաթանկ մարդկանցից մեկն է իր կյանքում: Նրան առաջին անգամ հանդիպել է մեկ տարի առաջ: «Մեր դպրոցը վերածվեց ավագ դպրոցի, և համայնքի դպրոցների աշակերտներից շատերը, այդ թվում՝ Արփինեն, տեղափոխվեցին մեր դասարան»,-ասում է Գրիգորը: Պատմում է՝ դասարանում բոլորը սկսում են սիրել նրան. «Արևոտ աղջիկ է, գեղեցիկ, մի քիչ կարճահասակ: Դասարանում ամենափոքրն էր, բոլոր տղաները նրան քրոջ պես էին ընդունում, երեխու տեղ դնում: Ինձ մոտ էլ էր սկզբում այդպես, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ սիրահարվել եմ: Երևի նրա երեխայությանն էլ սիրահարվել էի»:
Արփինեն դասարանում ամենից շատ մտերմանում է Գրիգորի հետ, ում հետ միևնույն դասավանդողի մոտ սկսում է պարապել հայերենի միասնական ընդունելության քննությունների համար: Երկուսն էլ տեղյակ էին միմյանց ծրագրերին, անհրաժեշտ դեպքում օգնում իրար, եթե Գրիգորը որևէ թեմա չէր հասկանում, Արփինեն այցելում էր նրանց տուն և պարապում. «Մերոնք շատ են հավանում Արփինեին, մինչ վերջերս հենց գալիս էր մեր տուն, շատ էին ուրախանում, ախր նրա հետ շատ ուրախ ա անցնում: Կկանչեին, կխոսեցնեին… պարապմունքը սկսելու համար միայն կես ժամ պետք էր, որ թողնեին գար»: Իսկ ինքն Արփինեի համար գրքեր և ուսումնական թեստեր էր գնում, աջակցում, որ հանկարծ չնեղվի, որ ամեն բան լավ է լինելու, և որ Արփինեն անպայման ընդունվելու է, նույնիսկ հետագայում քննությունից 25 րոպե շուտ է դուրս գալիս, որպեսզի քննության ավարտին հասցնի գնա և տեսնի աղջկան, իսկ մինչ այդ լավագույն մաղթանքներով նա ինքն է նրան ճանապարհում:
Ինչպես արդեն նշեցինք՝ ժամանակի ընթացքում Գրիգորը հասկանում է, որ Արփինեին սիրում է ուրիշ սիրով, այնպես ինչպես տղամարդը կնոջը և ոչ թե քրոջը. «Մի անգամ հասցրել էի սիրահարվել, դրա համար էլ կարողանում էի տարբերել զգացմունքներս: Մտքիցս դուրս չէր գալիս, քիչ էր մնում չթողեի մեր տնից գնար»,-ասում է նա: Գրիգորը, սակայն, վարանում է զգացմունքները խոստովանելու հարցում. «Ուղիղ մի ամիս մտածում էի՝ խոստովանե՞մ, թե՝ չէ, ախր կարող ա՝ սխալ բան հասկանա, հնարավոր ա՝ նեղանա, որ կոտրեմ վստահությունը: Ուզում էի վերջին զանգի օրը ասեի, չկարացա, ես ինձ մեղավոր էի զգում, որ սիրում էի»: Վերջիվերջո, Գրիգորը որոշում է սերը խոստովանել դպրոցն ավարտելուց որոշ ժամանակ անց: Այդպես էլ անում է, դժբախտաբար, աղջիկը մերժում է. «Սկզբում մտածում էր, որ կատակ եմ անում, բայց հենց երդվեցի, որ լուրջ եմ, նեղացավ, թե էսքան ժամանակ խաբել եմ ու դրանով վիրավորել, բայց էդպես միայն իմ համար չէ, որ արել եմ»,-ասում է Գրիգորը: Արփինեն որոշ ժամանակ չի խոսում նրա հետ, իսկ հիմա նրանց հարաբերությունները լարված են, տղայի միակ նպատակն այս պահին, ամեն բան կարգավորելն է. «Ուզում եմ բանակ գնալուց առաջ իմ համար ամեն ինչ պարզ լինի: Ես իրա լավն եմ ուզում, եթե չի ուզում իմ ընկերուհին լինել, ոչինչ, կդիմանամ, բայց չեմ ուզում, որ դադարի ինձ հետ շփվել: Ուզում եմ ՝ իմանա, որ լավ ախպեր ունի, թեկուզ բանակում ես իրա մեջքին կանգնած կլինեմ միշտ»,-ասում է տղան:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930