Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկերությունը որքան հին, այնքան ավելի ամուր կլինի». Ընկերների միջազգային օրն է

Հունիս 09,2013 18:27

« Եթե ուզում ես լավ ընկեր ունենալ, նախ ինքդ պետք է փորձես ինքդ լավ ընկեր լինել»

Միջազգային օրացույցում հունիսի 9-ին նշվում է Հավատարմության  և   ընկերության  միջազգային  օրը: Ընկերների օրը նշելու ավանդույթը գալիս է Միացյալ Նահանգներից, որտեղ 1935թ.-ին Կոնգրեսն օգոստոսի առաջին կիրակին հռչակեց բարեկամության ազգային օր: Այստեղից էլ սկիզբ առավ Ընկերների միջազգային օրը: Այսօր ևս մեկ լավ առիթ է մեր ընկերներին շնորհավորելու և ինչո՞ւ չէ՝ նաև անակնկալներ մատուցելու համար:

«Առավոտ երիտասարդականը», զրուցելով մի շարք երիտասարդների հետ, փորձեց հետաքրքրվել, թե ինչ է առհասարակ ընկերությունը, որոնք են այն կարևոր նախապայմանները ընկերությունը պահպանելու համար և հասցրել են արդյոք շնորհավորել իրենց ընկերներին տոնի առիթով:

«Առաջին հեթին անկեղծություն և վստահություն,- ասում է Նելլին,- ինձ համար կարևոր նախապայմանները սրանք են, եթե միմյանց վստահենք, ապա կունենանք իսկական ընկերություն: Իհարկե չպետք է մոռանանք նաև ներողամտության մասին, բոլոր հարաբերություններում էլ վեճեր և տարաձայնություններ լինում են, կարծում եմ, եթե ընկերության մեջ լինի նաև փոխադարձ ներողամտություն, այս դեպքում ընկերությունը կշարունակվի երկար տարիներ և գնալով էլ ավելի կամրապնդվի»:

Իսկ 17-ամյա Սյուզանայի  համար ընկերություն կոչվածը մի փոքր այլ է, ըստ նրա, ի տարբերություն աղջիկների՝ տղաների մոտ ընկերությունը ավելի ամուր հիմքերի վրա է, քանի որ տղաների դեպքում կամ նախանձություն չկա, կամ չի գերակշռում:
«Շատ ընկերներ ունեմ,- ասում է նա,- բայց ընկերությունը քանակի մեջ չէ միանշանակ: Առհասարակ դժվար է գտնել այնպիսի ընկեր, ով բացի օրդ լցնելուց, կփորձի նաև լցնել ներքին դատարկությունդ, չէ՞ որ բոլորս էլ կարող ենք մակերեսորեն վերաբերվել կյանքում եղած ամենատարբեր երևույթներին, բայց երբեմն պետք է մեկը, ով ընկեր կդառնա նաև խորությամնդ: Իսկական ընկերությունը կկառուցվի միայն վստահության վրա»:

«Սիրում եմ ասել՝ ընկերությունը որքան հին, այնքան ավելի ամուր կլինի» ,- ասում է 18-ամյա Սոֆին: Նա արդեն  հասցրել է նույնիսկ ընկերների համար թխվածք պատրաստել: Ասում է՝ տոնի մասին տեղյակ է և որոշել է առիթը բաց չթողնել նրանց շնորհավորելու:
Իր ընկերներին սիրում է նրանց խենթությունների, մեծահոգի լինելու և գաղտնապահության համար: Ըստ նրա՝ գաղտնապահ լինելն ընկերության մեջ ևս կարևոր երևույթ է, որը տարօրինակ ձևով ընկերությունը էլ ավելի ամուր է դարձնում: Այն հարցին արդյոք հնարավո՞ր է տղա-աղջիկ ընկերությունը, Սոֆին պատասխանում է. «Ունեմ և՛ տղա, և՛ աղջիկ ընկերներ, չնայած աղջիկները ավելի են գերակշռում, կարծում եմ՝ տղա-աղջիկ ընկերությունը ավելի ամուր և երկարատև է լինում, քանի որ նախանձությունը երկուսի մոտ էլ բացակայում է: Ի վերջո կաևոր չէ տղա կլինի, թե աղջիկ, կարևորը իսկական ընկեր լինելն է»:
Կարոտը միշտ էլ ընկերներին ավելի է մոտեցնում.  20-ամյա Շողերը արդեն համոզվել է:
«Գտնվելով արտասահմանում՝ ընկերներիս ժամ առ ժամ եմ կարոտում, ավելի շատ եմ ձգտում նրանց կողքին լինել, նրանց ուրախությամբ ու տխրությամբ ապրել, ցավոք հեռու եմ,- ասում է նա,- բայց ընկերություն բառն արտասանելով միանգամից կարոտ եմ զգում, հուսամ կարոտս կկարողանամ մեղմել, երբ վերադառնամ»:

                                                                Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930