Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ մարզպետ են ցանկանում ունենալ սյունեցիները

Հունիս 09,2013 12:02

Մինչ առաջիկայում կհաստատվի, թե ով կլինի Սյունիքի մարզպետը, մարզի տարբեր տարածաշրջանների բնակիչներից հետաքրքրվեցինք, թե մարզպետի պաշտոնին ո՞ւմ են ցանկանում տեսնել, արդյոք շրջանառվող թեկնածուներից որեւէ մեկին նախընտրո՞ւմ են տեսնել որպես Սյունիքի մարզպետ եւ որ ամենակարեւորն է՝ ինչիսի մարզպետ են ցանկանում ունենալ մարզում: Տարբեր պատասխաններ ստացանք:

Շատերը նախընտրեցին Սյունիքի հաջորդ մարզպետը լինի տեղացի, բնակիչների խնդիրներին ու հոգսերին ծանոթ ու սրտացավ պաշտոնյա,  մարզի զարգացումն ապահովող, ոմանք կարեւորություն չէին տալիս կուսակցական պատկանելությանը, այլ որ հարցերը մարզում լուծի միայն քաղաքակիրթ ճանապարհով,  մյուսներն էլ ցանկանում էին  ՀՀԿ-ական մարզպետ չունենալ այլեւս, մեկ հոգի էլ նախընտրեց ընդհանրապես մարզպետ չունենալ: «Ես կուզեի տեսնել Սյունիքին ու նրա ժողովրդին արժանի մարզպետ, ում միակ խնդիրը կլինի մարզի զարգացումն ու նրա ժողովրդի բարեկեցությունը: Կուսակցական պատկանելությունը տվյալ դեպքում էական չեմ համարում, կարեւորը որակներն են ու հանուն Հայաստանի այս կարեւոր հատվածին անմնացորդ ծառայելու պատրաստակամությունը: Կարեւոր է թերեւս մարզպետի տեղացի լինելու հանգամանքը, քանզի տեղացին շատ ավելի լավ կարող է պատկերացնել առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները, բացի այդ սրտացավությունը, վստահ եմ, ինչ-որ չափով ավելին կլինի… », – ասաց Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակչուհի Աննան:

Գորիսի «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարատ Դադունցը գտնում է, որ  ընդհանրապես մարզպետ պետք չէ: «Հայաստանի նման փոքր երկրում ինչի՞ համար է մարզպետ պետք, կան ընտրված քաղաքապետեր, համայնքապետեր, որոնք էլ կարող են գործ անել, եթե ուզեն», – նշեց Մարատ Դադունցը:

Իսկ կապանցիները  իրարից  բավականին տարբերվող կարծիքներ հայտնեցին: Ոմանք նախընտրում են մարզպետի պաշտոնին տեսնել ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին՝ համոզմունք հայտնելով, որ նրա ղեկավարման ժամանակ հատկապես Կապան քաղաքը զարգացում կապրի ու շատ խնդիրներ լուծում կստանան, ոմանք դեմ չէին նաեւ Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանին տեսնել այդ պաշտոնին՝ հատկապես կարեւորելով տեղացի լինելու եւ տարածաշրջանի խնդիրներին քաջատեղյակ լինելու հանգամանքը, կային նաեւ մարդիկ, ովքեր Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանի  թեկնածությունն առաջարկեցին, հարցման մասնակիցներից եւ ոչ մեկը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ ներկայիս պաշտոնակատար Արա Դոլունցի անունը չտվեց, եղան նաեւ  այլ կարծիքներ: «Շրջանառվող թեկնածուներից ոչ մեկին չեմ նախընտրում: Բոլորին բացառում եմ, քանի որ ՀՀԿ կլանին են պատկանում եւ վերջապես արդեն ներվայնացնում   ա  այն ֆակտորը, որ ովքեր կռվել են իրանց մեծ տեղ են  տալիս: Ճիշտ մարդ լինելու համար պարտադիր չի պատերազմին մասնկացած լինես: Կարծում եմ, որ Վահե Հակոբյանը լինի մարզպետ մեր քաղաքը ծաղկունք կապրի: Իսկ ես դժվարանում եմ ասել, թե ում եմ ուզում տեսնել մարզպետի աթոռին: Մեր մարզը նենց հեռու ա մայրաքաղաքից, որ  կարելիա առանձին հանրապետություն անվանել ու պետք չի, որ վերեւներից կառավարեն: Կուզենամ Կապանի նախկին քաղաքապետ Ատուր Աթայանը մարզպետ դառնա, ՀՅԴ-ի հետ կապ չունեմ, ուղղակի էդ մարդը մեր քաղաքի համար քիչ, թե շատ գործ ա արել:  Ինձ համար էլ  շրջանառվող թեկնածուներից նախընտրելի է Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, ղեկավարման փորձ ունի ու մեր տարածաշրջանի խնդիրներին քաջատեղյակ է», – նշեցին կապանցի երիտասարդները:

Սյունիքի մարզի հեռավոր Ագարակ քաղաքի բնակչուհի Շահանե  Մարտիրոսյանը տեղյակ չէ, թե ովքեր են մարզպետի հավանական թեկնածուները, ասում է, ով էլ նշանակվի, կցանկանա արդար, ազնիվ ու բնակչության հանդեպ հոգատար մարդ լինի եւ որ ամենակերեւորն է՝ հեռավոր Ագարակին լավ նայի:

Մարզկենտրոնի բնակիչներից մեկի կարծիքով՝ մարզպետի նշանակումը ցուցիչ է լինելու սյունեցու համար, թե ի՞նչ խնդիր է ուզում լուծել երկրի ղեկավարությունը Սյունիքում, դա հասկանալի կդառնա նշանակվողի անձից…իսկ նշանակում կատարելիս սյունեցու կարծիքը որեւէ մեկը հաշվի չի առնելու, քանի որ իրենք առավել կարեւոր են համարելու սեփական շահերը, սակայն տեղացիների համար առավել կարեւոր են սյունեցու խնդիրները, ոչ թե՝ ղեկավարության շահերը, իսկ համար մեկ խնդիրը՝ աշխատատեղերի ստեղծումն է… «Տեղացի մարզպետ ունենալու հանգամանքը միանշանակ կարեորում եմ, բայց դա կլինի անձնավորված տեսակետ, մինչդեռ կարեւոր են այն խնդիրները, որոնք որպես պահանջ՝ կառավարությունը կդնի նրա առաջ…: Բայց եթե վատ, զուտ իշխանական բուրգի ամրության խնդիրներ են դնելու ու տեղացին է անելու՝ ավելի լավ է չլինի, իսկ եթե մարդկանց օգնելու համար է, ապա  տեղացին ավելի քաջատեղյակ է լինելու: Ես նաեւ վստահ չեմ, որ կա մարզպետի թեկնածուների շրջանառվող ցուցակ. դա պարզապես ասպարեզ է նետվել այս կամ այն պատճառով, բայց դժվար թե նախագահը իր մոտ ցուցակի կարիք ունի, ի վերջո ինքն է որոշելու… իսկ որեւէ մեկի անունը տալով ընդամենը կստացվի որ չեղած բանի եմ պաշտպանում, որը չեմ ուզում…», -ասաց Սասուն Մանուկյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930