Հունիսի 2-ին Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում գողացել են 5 երեխաների հայր Գագիկ Սարուխանյանի 2 կովը, հորթը եւ խոզը: Այս ընտանիքն ապրում է վթարային տանը, տունը գտնվում է Ադրբեջանի սահմանից 3 կմ հեռավորությամբ: 2012թ. սեպտեմբերի 2-ին Ոսկեվանի հարեւան, սահմանամերձ Բաղանիս գյուղում գողացել են Վահան Հակոբյանի կովը, 3 մոզին եւ Սաշիկ Մադաթյանի ձին: 2012թ. ապրիլի 1-ին Բաղանիսում գողացել են Գառնիկ Բայրամյանի կովը եւ մոզին: Այս բոլոր հանցագործությունները չբացահայտված են: Հունիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին Ոսկեպարում հարց ուղղեցինք սահմանագոտու անասնագողությունների վերաբերյալ: Նախարարն ասաց, որ այդ հարցով պետք է դիմել ոստիկանություն: Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը սահմանամերձ տարածքում պաշտպանական այնպիսի աշխատանքներ է կատարել, որոնք բացառում են գողացված անասուններն Ադրբեջանի տարածք անցկացնելը:
Այդ պահին նախարարի կողքին գտնվող 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանն ասաց, որ պատրաստ է հրաժարվել իր ուսադիրներից,եթե պարզվի, որ 2013թ. հունիսի 2-ին գողացված անասուններն Ադրբեջան են տարվել: Սահմանագոտում կատարված եւ չբացահայտված անասնագողությունները սահմանամերձ գյուղերի բնակիչների մեջ հուսահատություն եւ Հայաստանից հեռանալու տրամադրություններ են առաջացնում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ