Այսօր Բելառուսի մայրաքաղաքում բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց 40-րդ առաջնության ավարտին ինը քաշային կարգերում պատվո պատվան բարձրացան վեց հայ բռնցքամարտիկներ:
Մինսկի ռինգը հաջող էր հատկապես Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակիցների համար: Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 49 կգ քաշային Դավիթ Հայրապետյանը (նկարում) վճռորոշ մարտում համոզիչ հաղթանակ տարավ իռլանդացի Պատրիկ Բարնեսի նկատմամբ՝ դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Ոսկե մեդալ նվաճեց նաեւ նույնպես Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Արմեն Զաքարյանը, որը հավասարը չունեցավ 64 կգ քաշային կարգում:
Արծաթե մեդալով բավարարվեցին Վազգեն Սաֆարյանցը (Բելառուս, 60 կգ) եւ Արայիկ Մարությանը (Գերմանիա, 64 կգ):
Հայաստանի հաշվարկին միակ մեդալը բերած Արամ Ավագյանը՝ 56 կգ, բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճան: Բրոնզի արժանացավ նաեւ Արտյոմ Հարությունյանը (Գերմանիա, 64 կգ քաշային կարգ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ